«Ղարաբաղյան նոր պատերազմից հետո հաղթողներն ու պարտվողները տեղերով փոխվեցին», - գրում է The New York Times-ը՝ մանրամասնելով․ - «Ռուսաստանի նախաձեռնությամբ կնքված գործարքը ստիպել է հայերին հավաքել իրենց ունեցվածքն ու վառել տները, մինչդեռ ադրբեջանցիները պատրաստվում են տարիներ առաջ կորցրած տարածքներ վերադառնալ»։
Նկարագրելով Քելբաջարից տեղահանվող հայերի կսկիծն ու ցավը՝ թերթի թղթակիցը պատմում է․ - «Շատերն էին սեփական տունը քանդում, հնարավոր ամեն բան տեղահանում, հետո էլ եղածը այրում, որ իրենց ստեղծածը հակառակորդին չմնա։ Քելբաջարի 53-ամյա բնակիչ Աշոտ Խանեսյանը, մինչդեռ, տեղի չի տվել բարեկամների ու հարևանների հորդորներինև անգամ իր հողից հավաքած կարտոֆիլն է թողել»։ «Ինչպես կարող եմ ես իմ տունն այրել, խիղճս թույլ չի տալիս», - ասել է նա The New York Times-ին։
Փաստելով, որ հայերի թողած այս տարածքներում վերահսկողությունն անցնում է ռուս խաղաղապահներին, ամերիկյան պարբերականն արձանագրում է` Ռուսաստանը «վերստին հաստատեց իր ազդեցությունը»։
Մինչդեռ Միացյալ Նահանգներն էականորեն զիջեց դիրքերը այս տարածաշրջանում, իր հերթին պնդում է ամերիկյան մեկ այլ պարբերական՝ National Interest-ը։ Փաստելով, որ ողջ այս ընթացքում Վաշինգտոնը տարված էր նախագահական ընտրություններով, պարբերականը գրում է․ - «Հիմա, երբ քվեարկությունն ավարտվել է, Սենատի ու Ներկայացուցիչների տան հետախուզության հարցերով հանձնաժողովները պետք է հետաքննեն այս հակամարտության արդյունքում ի հայտ եկած երեք կարևոր ձախողումները»։
«Առաջինը` արդյո՞ք Միացյալ Նահանգները տեղյակ չէր մոտալուտ պատերազմից», - հարց է բարձրացնում պարբերականը՝ մանրամասնելով․ - «Այս տարվա մարտին փոխպետքարտուղար Սթիվեն Բիգանը վերստին հնարավորություն տվեց ռազմական օժանդակություն տրամադրել Ադրբեջանին՝ պնդելով, որ Բաքուն հանձնառու է հակամարտությունը կարգավորել դիվանագիտական ճանապարհով։ Բիգանը և Պետդեպը ստո՞ւմ էին, թե՞ խաբված էին Ադրբեջանի կողմից։ Ինչո՞ւ էր Բաքվում Ամերիկայի դեսպանատունն այդքան անտեղյակ»։
Երկրորդ հարցը, որը, ըստ հոդվածագրի, պետք է հետաքննեն հետախուզության հարցերով հանձնաժողովները, վերաբերում է Ռուսաստանին․ - «Մինսկի խմբի գործունեության հիմքում խնդրի դիվանագիտական լուծումն էր։ Ավելի քան քառորդ դար շարունակված աշխատանքի ընթացքում միջնորդներն ուրվագծել էին կարգավորման սկզբունքները, որոնք ենթադրում էին Ղարաբաղի հիմնարար ինքնիշխանություն, ռազմական գործողությունների դադարեցում, շրջակա տարածքների վերադարձ Ադրբեջանին՝ խաղաղության դիմաց, որը պետք է երաշխավորեին սկանդինավյան երկրների խաղաղապահները։ Հիմա հարց է ծագում՝ Պուտինն ուղղակի այս առիթն օգտագործեց տարածաշրջան ռուսական զորք մտցնելու և այն գրավելո՞ւ համար, թե՞ վաղուց էր ձգտում այդ նպատակին և, ոչ անկեղծ մասնակցելով Մինսկի խմբի բանակցություններին, փորձում էր շեղել կամ՝ մոլորեցնել Միացյալ Նահանգներին»։
«Երրորդ հարցը, որ պետք է հետաքննեն հետախուզության հարցերով կոնգրեսական հանձնաժողովները, վերաբերում է Թուրքիային», - գրում է National Interest-ը։ - «Այս պատմության ամենամշուշոտ հարցերից մեկը Պուտինի և Թուրքիայի նախագահ Էրդողանի կուլիսային պայմանավորվածություններն են։ Հայտնի է, որ երկու առաջնորդները նախ իրենց առանձնազրույցում են քննարկել խաղաղության համաձայնագիրը, հետո այն ներկայացրել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին՝ որպես կատարված իրողություն։ Սակայն, հստակ չէ՝ արդյո՞ք ռուս-թուրքական այդ համաձայնությունը նաև այլ բաղադրիչներ ունի, որոնց արդյունքում Պուտինը կարծես թե երես թեքեց Հայաստանից»։
Ռուսական «Էքսպերտ»-ը ևս փաստում է, որ ստեղծված իրավիճակում Ռուսաստանը ստացավ հնարավոր առավելագույնը։ «Որպեսզի իրավիճակը պարզ լինի, բերենք ընդամենը մեկ փաստարկ», - գրում է հոդվածագիրը՝ մանրամասնելով․ - «Ղարաբաղում սկսված պատերազմից մեկ շաբաթ անց կարծես պարզ էր, որ պաշտպանական կողմը ջախջախիչ պարտություն է կրելու և կորցնելու է բոլոր հողերը։ Երևանը, սակայն, հրաժարվում էր բանակցություններ վարել խաղաղության շուրջ։ Արդյունքում Ռուսաստանը կարող էր ուղղակի դուրս մնալ այս հակամարտության կարգավորման գործընթացից ու դուրս մղվել Հարավային Կովկասից՝ կորցնելով թերևս նաև Գյումրիում տեղակայված իր ռազմակայանը»։
Պնդելով, որ այդ վտանգները չեզոքացնելով և եռակողմ հայտարարությունը ստորագրելով՝ ռուսական դիվանագիտությունը հաղթանակ է արձանագրել, վերլուծաբանը միաժամանակ նշում է, որ «ամեն ինչ այդքան էլ պայծառ ու հարթ չէ»․ - «Այս պահին Թուրքիան չի հիշատակվում որպես խաղաղապահ առաքելության մասնակից, բայց բանակցությունները շարունակվում են, և որևէ բան չի խոչընդոտում Ադրբեջանին աջակցել իր տարածքում, այդ թվում՝ Ղարաբաղում ռազմաբազա տեղակայելու Անկարայի ջանքերին, ինչը վերջականապես կամրապնդի Թուրքիայի ռազմական ներկայությունը Հարավային Կովկասում»։
Ընդգծելով, որ Թուրքիան Ռուսաստանի հիմնական աշխարհաքաղաքական մրցակիցներից է ու ՆԱՏՕ-ի անդամ՝ «Էքսպերտ»-ն արձանագրում է․ - «Փաստացի մենք ականատես ենք ՆԱՏՕ-ի ռազմական ներուժի մոտեցմանը Ռուսաստանի սահմաններին՝ գործընթաց, որը սկսվել է դեռ 90-ականներին։ Մյուս կողմից, Ռուսաստանի հարևանները հիմա դասեր են քաղում ղարաբաղյան այս պատերազմից, ինչը հղի է Մոսկվայի համար վտանգավոր հետևանքներով։ Ստացվում է, որ Խորհրդային Միության փլուզումից ժառանգություն մնացած սառեցված հակամարտությունները կարելի է լուծել ուժի գործադրմամբ, ընդ որում՝ առանց Ռուսաստանի, այլ շահագրգիռ ուժերի ներգրավմամբ»։