Մատչելիության հղումներ

Ըստ Դավիթ Բաբայանի, փոփոխություններն Արցախում անհրաժեշտ են, անխուսափելի են, բայց դրա համար ժամկետ է պետք


Փոփոխություններ Արցախում անհրաժեշտ են և անխուսափելի են, բայց դրա համար, ըստ Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի, ժամկետ է պետք։

«Պատկերացրեք Արցախում հիմա հրաժարական տանք բոլորս։ Բնակչության մեծ մասն այստեղ չէ, ընտրություններ և այլն։ Զուտ տեխնիկական խնդիր է սա և ոչ թե բարոյական կողմն է, ոչ թե ինչ-որ քաղաքական տեսակետից է։ Շատ դժվար է լինելու այս ծանրագույն պահին հստակ ձևով կազմակերպել նոր ընտրություններ։ Մարդիկ չեն էլ գնալու այդ ընտրություններին, որովհետև իրենց դարդերը, իրենց կորուստները․․․ ի՞նչ ընտրություն, ի՞նչ բան։ Իսկ այն, որ փոփոխություններ պետք են, էստեղ որևէ մեկը կասկած չի կարող ունենալ, պարզապես պետք է այնպես անել, որ ցնցումներ չլինի, հատկապես Արցախում, առաջին հերթին Արցախում։ Որովհետև մենք շատ յուրահատուկ իրավիճակում ենք, այս իրավիճակում մի հատ է՞լ նման ցնցում․․․ », - «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Բաբայանը։

Նրա համոզմամբ, այս պահի դրությամբ, այս ծանր իրավիճակում իշխանությունների միակ անելիքն Արցախի կենսունակությունը պահպանել է։

«Երբ որ արցախցին գա և նորմալ հունի մեջ մտնի, բնական է որ փոփոխություններն անհրաժեշտ են, ոչ ոք չի կարող այդ հարցը քննարկի և հարցականի տակ դնի», - ասաց Արցախի նախագահի խորհրդականը։

Բաբայանն ընդգծեց՝ այն, ինչ տեղի է ունեցել, սխալ քաղաքականության հետևանք է և պետք չէ ուրիշներին մեղադրել։

«Կալցո» օպերացիան և այլն, մենք էլի մեղադրում ենք ուրիշներին, բայց ոչ ոք չի ասում, չի խոսում, թե ինչո՞ւ է էդպիսի բան եղել, իսկ մենք ի՞նչ քայլ ենք արել, որ այդ ամենից խուսափենք։ Ցավալի էջեր են։ Մեր սխալների հետևանքն է դա, կրկնում եմ, ոչ ոք մեղավոր չէ, որովհետև ճիշտ քաղաքականություն չեն վարել։ Երբ որ Մութալիբովը՝ Ադրբեջանի նախագահը, Խորհրդային Միության հետ եղբայրություն էր անում, մենք Լենինի արձան էինք ջարդում Երևանի փողոցներում։ Ինչի՞ համար, երբ որ Խորհրդային Միությունը քանդվում էր։ Ես էդ ամեն ինչի մասնակիցն եմ եղել, գիտեմ էդ ամենը։ Հիմա մենք խոսում ենք և ամեն ինչ բարդում ենք ուրիշի վրա՝ մեր մեղքերը քողարկելու համար, ինչո՞ւ, որովհետև սարսափելի մեղքեր են եղել, որովհետև կորցրել ենք 200 հազար հայ հյուսիսային Արցախից ոչ ճիշտ քաղաքականություն վարելու հետևանքով, այ հիմա ես ասում եմ դա, որովհետև դա այդպես է եղել։ Երբ Լենինի արձանն են պայթեցնում, ո՞ւմ կողմը պետք է լինի Խորհրդային միությունը, իսկ Ադրբեջանցին իր դիվանագիտությամբ լավ հարաբերություններ է պահպանել էն ժամանակվա Գորբաչովի հետ։ Հետո խոսում, զարմանում եք՝ ինչի՞ եղավ։ Բնական է, օբյեկտիվ է, պետք չի որևէ մեկին մեղադրել, ամեն ինչ կախված է մեզանից՝ նորմալ քաղաքականություն վարենք, ամեն ինչ լավ է լինելու, վատ վարենք՝ ավելի վատ է լինելու», - եզրափակեց Բաբայանը։

Հաղորդումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG