Մատչելիության հղումներ

Պուտինը հերթական հեռախոսազրույցներն է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ


Հայատանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանում, 2019թ․
Հայատանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանում, 2019թ․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հերթական հեռախոսազրույցներն է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Ըստ Կրեմլի պաշտոնական կայքէջի, զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակում ստորագրված համաձայնագրի կատարման գործնական դրույթները։ Գոհունակություն է հայտնվել հրադադարի ռեժիմի պահպանման շուրջ և ընդգծվել, որ շփման գծում իրավիճակը բավականին հանգիստ է։

Ալիևի հետ զրույցում Պուտինը, մասնավորապես, ուշադրություն է հրավիրել համաձայնագրով Ադրբեջանին վերադարձվող տարածքներում քրիստոնեական վանքերի և եկեղեցիների առկայության փաստի վրա։ Ռուսաստանի նախագահն ընդգծել է այդ սրբավայրերի անվտանգության ու եկեղեցական բնականոն կյանքի ապահովման կարևորությունը։

Ալիևն ասել է, որ ադրբեջանական կողմը հենց այդպես էլ գործելու է։

Նոյեմբերի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին հայտարարություն ստորագրեց։

Համաձայնագրով մասնավորապես արձանագրվեց, որ կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերի վրա, Աղդամի շրջանը վերադարձվում է Ադրբեջանին մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը: Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ։ Հայաստանի Հանրապետությունը մինչև 2020 թվականի նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարի շրջանը, իսկ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը ՝ Լաչինի շրջանը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը կապահովի Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միևնույն ժամանակ չի շոշափի քաղաք Շուշին, կմնա Ռուսաստանի խաղաղապահ առաքելության վերահսկողության տակ:

Հայկական կողմը մտահոգված է նաև ադրբեջանական կողմին վերադարձվող տարածքներում հայկական պատմամշակութային ու հոգևոր կենտրոնների ճակատագրով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG