Մատչելիության հղումներ

Ռուսաստանը միջգերատեսչական կենտրոն է ստեղծում Ղարաբաղի հարցով


Մինչ Հայաստանում ու Ադրբեջանում քննարկում են՝ ով հաղթեց ու պարտվեց 44-օրյա պատերազմում, Ռուսաստանի նախագահը երեկ ընդարձակ խորհրդակցություն է անցկացրել սեփական կառավարության հետ ու հանձնարարել Ղարաբաղի հարցով ռուսական միջգերատեսչական կենտրոն ստեղծել, որը պետք է զբաղվի առկա խնդիրների լուծմամբ։ Հուսով եմ՝ շուտով մենք այլևս ղարաբաղյան հակամարտությունը բառակապակցությունը չենք կիրառի, և կզբաղվենք այլ հարցերով, քննարկման սկզբում հայտարարեց Վլադիմիր Պուտինը։

«Տարածաշրջանի բնակիչների առավել հրատապ խնդիրների լուծմանը օգնելու համար անհրաժեշտ է ստեղծել մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոն: Դրա աշխատանքը կներառի Ռուսաստանի պաշտպանության նախարարության, Արտակարգ իրավիճակների նախարարության, Արտաքին գործերի նախարարության, Անվանգության Դաշնային ծառայության և Դաշնության այլ գերատեսչությունների ռեսուրսները», - նշել է Ռուսաստանի վարչապետը:

Ըստ Պուտինի, կենտրոնը պետք է զբաղվի փախստականների վերադարձի, Ղարաբաղում քաղաքացիական ենթակառուցվածքները վերականգնման հարցերով, համակարգի ռազմական գործողություններից տուժած շրջանների բնակիչներին մարդասիրական օգնություն տրամադրելու հարցերով զբաղվող պետական մարմինների և, գուցե նաև՝ հասարակական կազմակերպությունների աշխատանքը, աջակցություն ցուցաբերի Ադրբեջանի և Հայաստանի պետական կառավարման մարմիններին, եթե դրա կարիքը լինի։ Իսկ կարիքը կա, ընդգծեց Վլադիմիր Վլադիմիրովիչը։

Պուտինը ևս մեկ անգամ խոսեց զոհվածների ու վիրավորների մասին, ներկայացնելով տվյալներ, որոնք Հայաստանի ու Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները դեռ չեն հաղորդել կամ՝ հաստատել։

«Զոհերի թիվը, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում, մարտերի հետևանքով գերազանցել է 4 հազարը, ավելի քան 8 հազար մարդ վիրավորվել է: Տարբեր տվյալների համաձայն՝ փախստականների թիվը տասնյակ հազարների է հասնում: Ավերվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ ու մշակութային շատ օբյեկտներ», - նշել է նա ևս մեկ անգամ ընդգծելով , որ հետագա արյունահեղությունից հնարավոր է եղել խուսափել եռակողմ հայտարարությամբ:

Պուտինը դիմեց խորհրդակցությանը մասնակցող ռուս պաշտոնյաներին՝ կոչ անելով իրեն զեկուցել Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն տեղեկացրեց՝ Պուտինի հրամանագրի համաձայն, խաղաղապահների տեղակայումը սկսվել է նոյեմբերի 10-ից, և ընթանում է ըստ ժամանակացույցի: «Օրական 25 ինքնաթիռ է մեկնում՝ մեր զինվորներով ու տեխնիկայով», - ասաց Շոյգուն։

«Լեռնային Ղարաբաղի տարածքում և Լաչինի միջանցքում տեղակայված են ռուսական խաղաղապահ զորախմբի 1960 զինծառայողներ, 90 զրահամեքենաներ, 380 միավոր մեքենա և հատուկ տեխնիկա: Նոյեմբերի 10-11-ը վերահսկողության տակ է վերցվել Լաչինի միջանցքը: Երեկ ժամը 17:00-ին խաղաղապահ ստորաբաժանումները մուտք են գործել Ստեփանակերտ: Ստեփանակերտ և Շուշի քաղաքներում զինվորականները ստեղծել են չորս դիտակետ: Այսօր ավարտում ենք դիտորդական կետերի տեղակայումը Հարավում, Խաղաղապահների ևս մեկ ստորաբաժանում էլ տեղակայվում է Լեռնային Ղարաբաղի հյուսիսում», - ասել է պաշտպանության նախարարը:

Խորհրդակցությանը մասնակցում էր նաև Անվտանգության Դաշնային Ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, ըստ ստորագրված հայտարարության, հենց այս կառույցի սահմանապահ ծառայությունն է վերահսկելու Հայաստանի տարածքով անցնող ճանապարհը, որը կկապի Ադրբեջանը Նախիջևանին։ Դատելով Անվտանգության Դաշնային Ծառայության տնօրենի ելույթից, այդ ուղղությամբ ևս ռուսական կողմը շատ օպերատիվ է աշխատում, և արդեն Հայաստանի տարածքում ստեղծել է հինգ հավելյալ սահմանակետ

«Ռուսաստանի նախագահի հանձնարարությամբ՝ Անվտանգության դաշնային ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում տեղակայել է հինգ լրացուցիչ սահմանակետ: Երկուսը՝ Հայաստանի և Նախիջևանի Հանրապետության սահմանին (դրանք են Երասխն ու Պարույր Սևակը), երկուսը՝ Հայաստանի և Իրանի սահմանին (Մեղրի և Սղերդ) և հինգերորդը՝ սահմանին՝ Տեղ գյուղի մոտ:

Բոլոր անհրաժեշտ միջոցառումներն իրականացվել են՝ համաձայնեցնելով Հայաստանի սահմանապահ մարմինների հետ, մենք կապ ենք հաստատել նաև ադրբեջանցի սահմանապահների հետ», - ներկայացրեց Բորտնիկովը:

Պուտինը հետաքրքրվել է նաև, թե ինչպես է այս իրավիճակին արձագանքում ԵԱՀԿ Մինսկի խումբը․ բանակցությունների մեկնարկից ի վեր միջազգային համայնքը միջնորդական այս խմբին էր տվել հակամարտությունը կարգավորելու մանդատը, սակայն, խմբի համանախագահ Ֆրանսիան ու Միացյալ Նահանգներն այսօր հայտարարում են, թե նոյեմբերի 9-ի հայտարարության շուրջ քննարկումներին չեն մասնակցել, և միայն հիմա են ծանոթանում դրա մանրամասներին։ Արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, որի անդամներն են նաև Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան, տեղյակ է եղել Ռուսաստանի գործադրած ջանքերի մասին, չմանրամասնելով՝ արդյոք նրանց ներկայացվել են բուն հայտարարության տեքստն ու մանրամասները:

«Ես խոսել եմ Ֆրանսիայի արտգործնախարարի հետ: Մանրամասն ներկայացրել եմ իրավիճակը և Ձեր գործադրած ջանքերը: Մենք խոսել ենք նաև մեր ամերիկացի գործընկերների հետ: Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը լիովին տեղեկացվել էր Ռուսաստանի գործադրած ջանքերի մասին, որոնք թույլ են տվել հանգել նոյեմբերի 9-ի համաձայնագրի կնքմանը», - ասաց Ռուսաստանի ԱԳ նախարարը:

Սերգեյ Լավովը միաժամանակ նշել է, որ այսօր Ռուսաստանը կապի մեջ է մարդասիրական գործունեությամբ զբաղվող միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի, ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչության ու ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ։ Դատելով Լավրովի խոսքից, ռուսական կողմը միջնորդի դեր է ստանձնել ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի, այլև՝ միջազգային այս կառույցների հետ աշխատանքները համակարգելու հարցում։

«Այժմ մենք կապի մեջ ենք մեր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ, ՄԱԿ-ի կառույցների խնդրանքով, պայմանավորվում ենք, որ նրանք կարողանան իրենց ներկայությունը տեղակայել անմիջապես Լեռնային Ղարաբաղում: ՄԱԿ-ի գրասենյակներն այդպիսի տեղակայման դեպքում շատ շահագրգռված են համակարգել իրենց գործողությունները մեր խաղաղապահների, սահմանապահների և նրանց հետ, ովքեր մարդասիրական խնդիրներ կլուծեն առաքելության գծով, որն իրականացնում է Ռուսաստանը», - ընդգծեց նա:

Ռուսաստանի հետ համակարգումը վերականգնելու հարցով շահագրգռված է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, ասել է լավրովը, տեղեկացնելով, որ կառույցի նախագահ Պիտեր Մաուրերը հաջորդ շաբաթ այցելելու է Մոսկվա, որպեսզի Ռուսաստանի կառավարության, զինվորականների ու սահմանապահների հետ քննարկի առաջիկա քայլերը։

Ժամեր առաջ էլ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց, որ Ռուսաստանի ռազմական ոստիկանության ստորաբաժանումները այսօրվանից արդեն սկսել են պարեկությունը Լեռնային Ղարաբաղում։

XS
SM
MD
LG