Մատչելիության հղումներ

Լավրովը վստահեցնում է՝ որևէ թուրք խաղաղապահ չի ուղարկվի Ղարաբաղ


Արցախ - Ռուսաստանցի խաղաղապահները մուտք են գործում Ստեփանակերտ, 12-ը նոյեմբերի, 2020թ.
Արցախ - Ռուսաստանցի խաղաղապահները մուտք են գործում Ստեփանակերտ, 12-ը նոյեմբերի, 2020թ.

Որևէ թուրք խաղաղապահ չի ուղարկվի Լեռնային Ղարաբաղ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ շեշտելով, որ թուրք դիտորդների տեղաշարժի սահմանները կսահմանափակվեն Ադրբեջանում դիտորդական կենտրոնի գտնվելու վայրով:

Լավրովի խոսքով՝ որևէ նախանշան չկա, որ ինչ-որ մեկը փորձում է ձախողել Լեռնային Ղարաբաղի շուրջ ձեռք բերված եռակողմ համաձայնությունները։

Այսօր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Բաքվում հայտարարել է, որ վաղը Թուրքիայում ռուսաստանյան պատվիրակության հետ կքննարկեն Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկման համատեղ դիտորդական կենտրոնի ստեղծման հարցը: Թուրք արտգործնախարարի խոսքով՝ ռուս-թուրքական կենտրոնի տեղակայման վայրը «կորոշվի Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկումներում»։

Ռուսաստանի պաշտպանության գերատեսչությունը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի ռազմական գերատեսչությունների ղեկավարների հեռավար բանակցությունների արդյունքում կողմերը Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկման հարցով ռուս-թուրքական համատեղ կենտրոն ստեղծելու մասին հուշագիր են ստորագրել: Կենտրոնը, ըստ ռուսաստանյան պաշտոնական աղբյուրների, «կտեղակայվի Ադրբեջանի տարածքում»:

XS
SM
MD
LG