Մատչելիության հղումներ

Մինսկի խմբի ձևաչափը չի չեղարկվել, և բանակցությունների սեղանին պետք է ստանալ առավելագույնը, կարծում են քաղաքագետները


Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը (ձախից) և քաղաքական Արման Գրիգորյանը (աջից)
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը (ձախից) և քաղաքական Արման Գրիգորյանը (աջից)

Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման ու դրա պայմանների շուրջ նոյեմբերի 10-ին Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած հայտարարությունից հետո Հայաստանի արտգործնախարարությունը դեռ հանդես չի եկել որևէ հայտարարությամբ կամ մեկնաբանությամբ։

Մինսկի խմբի մյուս երկու երկրներից պաշտոնական հայտարարություն դեռ չկա ԱՄՆ-ից, իսկ Ֆրանսիան արտգործնախարարի մակարդակով հայտարարել է, որ պետք է անհապաղ վերսկսել բանակցությունները՝ որոշելու Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը։

Այսօր Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտն է հայտնել, որ Ֆրանսիան դեռ վերլուծում է փաստաթուղթը, որը, իր խոսքով, տարածաշրջանային անվտանգության շատ հարցեր է պարունակում:

«Մենք ջանքեր ենք գործադրում Հայաստանի շահերը պաշտպանելու համար։ Շատ հարցեր ունենք այն մասին, թե ինչպես է այն հաստատվել, արդյոք այն կարիք ունի վավերացվելու խորհրդարանի կողմից և այլն, մենք քննարկում ենք այս խնդիրները։ Ֆրանսիան կդիտարկի բոլոր հնարավորությունները, որ տարածաշրջանում հաստատի խաղաղություն, որպեսզի պաշտպանվեն հայ ժողովրդի շահերը, հատկապես՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, որը տուժել է այս հակամարտությունից և հիմա Հայաստանում է գտնվում», - ասել է դեսպանը:

Քաղաքագետ, ԱՄՆ-ում դասավանդող Արման Գրիգորյանի խոսքով՝ բանակցությունների հնարավոր է վերադառնալ Մինսկի խմբի ձևաչափով, քանի որ այն այժմ չեղարկված չէ, բայց դրանում բավականին մեծացել է Ռուսաստանի դերը. «Վստահ եմ, որ բավականին տարրեր, դետալներ կան հենց փաստաթղթում առկա կետերը հստակեցնելու ուղղությամբ, բայց նաև այս փաստաթուղթն ի վերջո որևէ բան չի ասում Արցախի քաղաքի կարգավիճակի մասին, և այդ կարգավիճակի հարցը նորից բանակցությունների հիմնական առարկաներից մեկն է լինելու»:

Առաջիկայում Մոսկվայում տեղի է ունենալու հանդիպում Մինսկի խմբի ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ, այսօր հայտնի դարձավ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունից։ Արդյոք Հայաստանը հնարավորություն ունի որևէ բեկում կամ փոփոխություն մտցնել 3 օր առաջ ստորագրված, վարչապետի խոսքով, տխրահռչակ հայտարարությունում։ Արման Գրիգորյանի խոսքով՝ պատերազմում հայկական ուժերի պարտությունը չի կարող չազդել բանակցություններում Հայաստանի հավակնությունների վրա. «Բայց մյուս կողմից` պետք է նաև ասել, որ այն փաստարկը, որ վերջին շրջանում հատկապես քննարկվում էր բավականին ինտենսիվորեն, այսինքն` անջատում հանուն փրկության այդ դոկտրինի կիրառումը, իմ կարծիքով, իրականում նույնիսկ ավելի առարկայական է դարձել, և ավելի ուժեղացել է փաստարկը դրա օգտին մեր դիվանագիտության համար»:

3 օր առաջ ստորագրված փաստաթղթի հիմնական բովանդակությունը պատերազմը դադարեցնելուն ու արցախյան գոտի ռուս խաղաղապահներ մտցնելուն է վերաբերում, ասում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը՝ ավելացնելով, որ մյուս հարցերը կարող է և պետք է դառնան բանակցությունների առարկա. «Սկզբից խոսվում էր ռուս խաղաղապահների մասին: Չկար այն, որ նրանք ունենալու են նաև ուղղաթիռներ մարտական, մենք հիմա այսօր տեսնում ենք, որ այս ձևաչափում նաև այդ փոփոխությունն է կատարվում: Բացի դրանից, շատ հետաքրքիր հայտարարություն եղավ գործառույթների և պահպանության շրջանակների վերաբերյալ, և Ռուսաստանի նախագահի խոսնակը նշել էր, որ պետք է համաձայնեցվի` արդյոք նրանք կրոնական և մշակութային օյբեկտներ ևս պաշտպանելու են: Իսկ այստեղ մենք գիտենք, որ առանցքային ուշադրության առարկան Քարվաճառում Դադիվանքն է, և սա նշանակում է շրջանում խաղաղապահների առկայության հնարավորություն»:

Եթե Ղարաբաղի կարգավիճակի հարցը ավելի երկարատև բանակցությունների առարկա է, ապա այժմ, ըստ Բադալյանի, հրատապ հարց է՝ արդյոք հնարավոր է Լաչինը, Քարվաճառն ու Շուշին չփոխանցել Ադբեջանին՝ փոխարենը մնալով ռուս խաղաղապահների վերահսկողության տակ. «Օրերի հարցում մենք պետք է ձգտենք իրավիճակ փոխել հենց այս առումով, որպեսզի կարողանանք պահպանել հնարավորության դեպքում կամ թույլ չտալ, որ դրանք անցնեն անմիջապես Ադրբեջանի ենթակայության տակ: Եվ միևնույն ժամանակ արդեն, երբ խոսում ենք կարգավիճակի մասին, այստեղ բնականաբար արդեն մեր խնդիրների թիրախում հայտնվում է Հադրութը որպես Արցախի և, եթե պայմանականորեն ասենք, նախկին ԼՂԻՄ շրջան»:

Դիվանագիտական պայքարում Հայաստանի մեկնակետը շատ անբարենպաստ է, ասում է Բադալյանը` ավելացնելով, որ այնուամենայնիվ, պետք է մեծագույն ջանքեր գործադրել կարգավիճակի հարցում։ Արման Գրիգորյանը ևս չի բացառում, որ Արցախի կարգավիճակի ճանաչման հարցում Հայաստանը կարող է ունենալ լուրջ դաշնակիցներ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG