«Այն փաստաթուղթը, որ ստորագրվեց նոյեմբերի 9-ին, ավելին է, քան հրադադարի մասին պարզ համաձայնագիրը», - պնդում է ղարաբաղյան խնդրով զբաղվող ամենահայտնի արևմտյան փորձագետներից մեկը՝ Լոուրենս Բրոերսը: «Դրա հետ մեկտեղ, սակայն, այդ փաստաթուղթը իրենից խաղաղ պայմանագիր ևս չի ներկայացնում», - ընդգծում է նա:
Chatham House վերլուծական կենտրոնի կայքում տեղադրված հոդվածում փորձագետը նկատում է. - «Երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնածավալ պատերազմ բռնկվեց, դրա ավարտի երեք հնարավոր տարբերակ էր ուրվագծվում՝ կողմերից որևէ մեկի վճռորոշ հաղթանակը, բազմակողմ դիվանագիտական ջանքերի վերսկսումը և հակամարտության տարածաշրջայնացումը՝ Ռուսաստանի և Թուրքիայի ազդեցության ներքո»։ Բրոերսի համոզմամբ, տեղի ունեցավ երրորդը՝ «Ռուսաստանի գերակշիռ և Թուրքիայի երկրորդական, բայց նշանակալի դերակատարությամբ»։
Նշելով, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած փաստաթղթում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին որևէ հիշատակում չկա, բրիտանացի փորձագետը նկատում է. - «Այս առումով դեռ հստակ մանրամասներ չկան, սակայն Լեռնային Ղարաբաղի հայկական կազմավորումը կշարունակի գործել ավելի սահմանափակ տարածքում՝ այն շրջաններում, որոնք պատերազմի ավարտին մնացին հայկական ուժերի վերահսկողության ներքո»։
Chatham House-ի վերլուծաբանը նաև հատուկ ուշադրություն է դարձնում եռակողմ համաձայնագրի այն կետին, ըստ որի ապաշրջափակվում են տարածաշրջանային հաղորդակցության ուղիները։
«Նախատեսվում է նոր ենթակառուցվածքների ստեղծումը Հայաստանի հարավից՝ Լաչինի միջանցքով, ինչպես նաև հաղորդակցության հաստատում Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի, հետևաբար` Թուրքիայի միջև։ Այս գաղափարը որոշակի նմանություն ունի 1999-ից 2001 թվականներին քննարկված հողերի փոխանակման տարբերակի հետ, սակայն նախատեսում է ոչ թե ինքնիշխանության ֆորմալ զիջում, այլ Հայաստանի կողմից անվտանգ երթևեկության ապահովման երաշխիքներ», - նշում է Բրոերսը։
Վերլուծաբանի համոզմամբ` համաձայնագրի մշակումը, ստորագրումը և ռուս խաղաղապահների սրընթաց մուտքը Լեռնային Ղարաբաղ վկայում են այս հարցում Արևմուտքի դիվանագիտական մեկուսացման մասին։
Բայց արդյո՞ք նոյեմբերի 9-ի համաձայնագրով Ռուսաստանը կարողացավ տարածաշրջանում հարատև խաղաղություն հաստատել։ Այս հարցին Լոուրենս Բրոերսը հետևյալ կերպ է պատասխանում. - «Ռուսաստանի կողմից հայ-ադրբեջանական հակամարտության տարածաշրջայնացումը այս փուլում կյանքեր փրկեց և կարժաճամկետ հեռանկարում ապահովեց Մոսկվայի շահերը։ Բայց այս ծայրահեղ կցկտուր պայմանագիրը երկարաժամկետ խաղաղություն չի ապահովում»: