Մատչելիության հղումներ

Pfizer-ը և BioNTech-ը հայտարարում են՝ Covid-19-ի դեմ փորձնական պատվաստանյութը ավելի քան 90 տոկոս արդյունավետություն է ցույց տվել


Սա, ըստ փորձագետների, կարող է բեկումնային լինել համավարակի դեմ պայքարում, որն այս տարեսկզբից ավելի քան մեկ միլիոն մարդու կյանք է խլել և կաթվածահար արել տնտեսությունն ու կյանքը ողջ աշխարհում։

Դեղագործական ոլորտի առաջատար ընկերություններից մեկը՝ Pfizer-ը գերմանական BioNTech-ի հետ համագործակցությամբ այսօր հայտարարեց, թե կորոնավիրուսի դեմ մշակված նոր պատվաստանյութն ավելի քան 90 տոկոս արդյունավետություն է ցույց տվել։ Սա, ըստ փորձագետների, կարող է բեկումնային լինել համավարակի դեմ պայքարում, որն այս տարեսկզբից ավելի քան մեկ միլիոն մարդու կյանք է խլել և կաթվածահար արել տնտեսությունն ու կյանքը ողջ աշխարհում։

«Այս օրը արժանահիշատակ օր է գիտության ու ողջ մարդկության համար», - հայտարարել է ամերիկյան Pfizer-ի նախագահ ու գործադիր տնօրեն Ալբերտ Բուրլան՝ հավելելով․ - «Մենք մոտենում ենք մեր պատվաստանյութի մշակման վճռորոշ հանգրվանին մի փուլում, երբ աշխարհը ամենից շատ դրա կարիքն ունի․ վարակման ցուցանիշները նոր ռեկորդներ են սահմանում, հիվանդանոցներում այլևս ազատ տեղեր չկան, տնտեսություններն էլ պայքարում են վերաբացվելու համար»։

Փորձարկումների երրորդ փուլին, ըստ Pfizer-ի նախագահի, մասնակցել է ավելի քան քառասուն հազար մարդ։ Պատվաստանյութը տրվել է երկու սրսկումով՝ երեք ամիս տարբերությամբ․ - «Մենք կամավորներին բաժանել ենք երկու հավասար խմբերի։ Մի խումբը ստացել է պատվաստանյութը, մյուսը՝ ոչ։ Ինչից հետո ուսումնասիրել ենք, թե որ խմբում են հիվանդացության դեպքերն ավելի շատ։ Ըստ նախնական տվյալների, տասնյակ հազարավոր այդ մարդկանցից ընդամենը 94-ն էլ կորոնավիրուսով վարակվել, ինչը փորձագիտական գնահատականներով, շատ հուսադրող արդյունք է համարվում»։

Ավելի վաղ Միացյալ Նահանգների գլխավոր համաճարակաբան Էնթոնի Ֆաուչին հայտարարել էր, թե նույնիսկ վաթսուն տոկոս արդյունավետության դեպքում պատվաստանյութը կարող է շրջադարձային արդյունք տալ կորոնավիրուսի դեմ պայքարում։

«Այս դեպքում, սակայն, արձանագրվել է ավելի քան իննսուն տոկոսի արդյունք, ինչը շատ հուսադրող է», - ասում է Pfizer-ի հետ համագործակցող գերմանական BioNTech-ի համահմնադիր Ուգյուր Սահինը։ - «Այս դեղամիջոցը դեռ չի գրանցվել, ինչի համար էլ մենք փորձարկումներ ենք իրականացնում՝ պարզելու, թե ինչ ազդեցություն է թողնում այն մարդու առողջության վրա, կան արդյոք բացասական՝ թեկուզ փոքր հետևանքներ։ Փորձերի շնորհիվ ապացուցվեց, որ որևէ լուրջ բացասական ազդեցություն այս պատվաստանյութը չի թողնում»։

Պատվաստանյութը մշակվել է նորարարական տեխնոլոգիաների հիման վրա։ Այն, ի տարբերություն ավանդական պատվաստանյութերի, ոչ թե «արհեստականորեն» վարակում է մարդում, այլ «կրթում» է մարդու իմունային համակարգը և նրան փոխանցելով նոր վիրուսի գենետիկ կոդի մասին տեղեկությունները՝ սովորեցնում պայքարել դրա դեմ:

Նույն մեթոդով պատվաստանյութ է մշակում նաև ամերիկյան «Մոդերնա» ընկերությունը։ Այստեղ ևս հայտարարում են հուսադրող արդյունքների մասին, փորձարկումները հասել են վճռորոշ՝ երրորդ փուլին, որի արդյունքները, ակնկալվում է, որ կհրապարակվեն այս ամսվա վերջին։

Համավարակի տարածումից ի վեր պատվաստանյութի վրա էին աշխատում տասնյակ ընկերություններ ողջ աշխարհով մեկ։ Առաջինը Ռուսաստանն էր գրանցել իր փորձանմուշը՝ «Սպուտիկ V»-ն, որը, սակայն, չէր անցել փորձարկումների երրորդ՝ զանգվածային փուլը՝ մտավախությւոններ առաջացնելով մասնագիտական շրջանակներում։

Pfizerի և BioNTech-ի արտադրանքը, ըստ հաղորդումների, լավագույն արդյունքն է արձանագրել մինչ օրս ներկայացվածների մեջ, և ամենայն հավանականությամբ շուտով կգրանցվի Միացյալ Նահանգներում։ Մինչ այդ, ամերիկյան կառավարությունն արդեն իսկ շուրջ երկու միլիարդ դոլարի պայմանագիր էր կնքել ընկերության հետ՝ պատվաստանյութի 100 միլիոն դեղաչափ ստանալու համար։ Դեռևս վաճառքում չհայտնված պատվաստանյութը գնելու պատրաստակամություն են հայտնել նաև այլ երկրներ, այդ թվում՝ Կանադան, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան , Եվրամիության երկրները։

«Ես, որպես Գերմանիայի առողջապահության նախարար, ուրախ եմ փաստել, որ այս նյութի մշակմանը մասնակցել է գերմանական ընկերություն, գերմանական հետազոտական խմբերն են դրա վրա աշխատել։ Այդուամենայնիվ, մենք պետք է սպասենք և տեսնենք, թե ինչ արդյունք կտան մյուս ուսումնասիրությունները։ Այս պահին դեռ հստակ չէ, թե որքան չափաբաժին հնարավոր կլինի արտադրել և երբ դրանք կհասնեն մեզ», - ասել է Գերմանիայի առողջապահության նախարարը։

Ժամանակ չկորցնելու համար Pfizerի և BioNTech-ն արդեն իսկ սկսել են պատվաստանյութի արտադրությունը, և ակնկալվում է, որ առաջիկա երկու ամիսներին կկարողանան շուկա հանել հիսուն միլիոն դեղաչափ, որը կբավականացնի 25 միլիոն մարդու կորոնավիրուսից պաշտպանելու համար։ Հաջորդ տարի, ըստ պաշտոնական հաղորդագրության, ակնկալվում է արտադրել 1,3 միլիարդ դեղաչափ։

Այս հաղորդագրությունները կայծակնային արագությամբ տարածվել ու թափ են հաղորդել համաշխարհային տնետսությունը․ բորսաներում ինդեքսների կտրուկ աճ է արձանագրվել, թանկացել են նաև ոսկին ու նավթը։

XS
SM
MD
LG