Մատչելիության հղումներ

Հունվարից Ավստրալիան ակնկալում է սկսել Covid-19-ի դեմ պատվաստանյութի համատարած կիրառումը


Առաջիկա հունվարից Ավստրալիան ակնկալում է սկսել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի համատարած կիրառումը, այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Սկոտ Մորիսոնը:

Նրա խոսքով` Ավստրալիայի կառավարությունն այդ հարցով պայմանագրեր է կնքել բրիտանա-շվեդական դեղագործական ընկերության հետ, որը Օքսֆորդի և ավստրալիական Քվինսլենդ համալսարանների հետ համատեղ մշակել է COVID-19-ի դեմ երկու պատվաստանյութ: Գործարքի ընդհանուր արժեքը կազմում է 1 միլիարդ 200 միլոն ԱՄՆ դոլար։

Շուրջ 25 միլիոն բնակչություն ունեցող Ավստրալիայում կորոնավիրուսով վարակակիրների թիվը կազմում է մոտ 26 հազար, մահացության ցուցանիշը 762 է: Երկրի առողջապահության նախարարը ավելի վաղ հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումը բնակչության համար կլինի անվճար և ոչ պարտադիր, մարդիկ կարող են հրաժարվել պատվաստումից: «Ավստրալիային հույս է պետք, և մենք այսօր ևս մեկ կարևոր քայլ ենք անում ավստրալացիների առողջության պաշտպանության համար»,- հայտարարել է վարչապետ Մորիսոնը:

Բրիտանա-շվեդական ընկերության և Օքսոֆրդի համալսարանի կողմից համատեղ ստեղծված AstraZeneca պատվաստանյութը համարվում է կորոնավիրուսի դեմ ամենաարդյունավետ պատվաստանյութերից մեկը, որն արդեն հասել է փորձարկումների երրորդ` վերջնական փուլին: Մինչ այդ աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 27 միլիոն 300 հազարի, որից 887 հազար 681-ը զոհվել են:

XS
SM
MD
LG