Մատչելիության հղումներ

Ալիևը հերթական ուղերձով դիմել է Ադրբեջանի ժողովրդին


Իլհամ Ալիևի տեսաուղերձը ժողովրդին, Բաքու, 26-ը հոկտեմբերի, 2020թ.
Իլհամ Ալիևի տեսաուղերձը ժողովրդին, Բաքու, 26-ը հոկտեմբերի, 2020թ.

Իլհամ Ալիևը չի բացառել «արտաքին ագրեսիայի դեպքում F-16 օդանավերի օգտագործումը»:

Ադրբեջանը հերքում է Ղարաբաղում հայկական դիրքերին և բնակավայրերին օդային հարվածներ հասցնելու մասին տեղեկատվությունը: Մինչդեռ, նախագահ Իլհամ Ալիևն ասում է, թե արտաքին ագրեսիայի դեպքում Ադրբեջանը կօգտագործի F-16 տեսակի մարտական ինքնաթիռները:

Նա այսօր հանդես է եկել ռազմաշունչ հերթական ուղերձով, որում անդրադարձել է նաև բանակցային գործընթացին և հրադադար հաստատելու շուրջ Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությանը:

Նա ասել է, թե դեմ չէ Ժնևում հոկտեմբերի 29-ին Հայաստանի, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ հանդիպմանը: Ալիևն ասել է, թե «միջնորդները պետք է լինեն չեզոք, նրանք պետք է որոշեն իրենց անելիքն այս նոր իրականության մեջ»:

Խոսելով Ժնևում կայանալիք բանակցությունների մասին, Ադրբեջանի նախագահը նշել է, թե նախկինում եղել են բազում անիմաստ հանդիպումներ:

«Ամերիկայում տեղի ունեցած քննարկումներից հետո եկանք Ժնևում նոր հանդիպում անցկացնելու համաձայնության, իմ դիրքորոշումը հայտնի է իմ ժողովրդին, խնդիրը պետք է լուծվի՝ զենքով կամ խաղաղ: Ես ասել եմ, որ եթե խաղաղություն եք ուզում՝ պետք է դադարեցնենք, բայց մեզ պետք է անմիջապես հավաստիացնեն, որ Հայաստանը հեռանում է մեր հողերից»,- հայտարարել է Ալիևը:

«Մեկ հանդիպում պակաս կամ ավել, մեծ տարբերություն չկա, բայց չեմ ուզում ասել, թե այս [Ժնևում կայանալիք] հանդիպումն էլ անիմաստ է, մենք ուզում ենք, որ իմաստ լինի, ուզում ենք, որ բանակցություններն արագացնեն հակամարտության կարգավորումը», - հայտարարել է Ալիևն Ադրբեջանի ժողովրդին այսօր հասցեագրած հեռուստաուղերձում:

«Արդյոք Հայաստանը կդիմանա՞ր, ուրիշներից չստանալով տնտեսական, ֆինանսական քաղաքական և ռազմական օգնություն: Ո՛չ», - ինքն իր հռետորական հարցին պատասխանել է Ալիևն, ով երեկ զինվորականների հետ հանդիպման ընթացքում պնդել է, թե Ադրբեջանն, իբր, միայնակ է պայքարում Հայաստանի դեմ:

«Թուրքիան ոչ մի մասնակցություն չունի, չկա գեթ մեկ ապացույց», - «Ֆիգարոյին» ասել է Ալիևը և հավաստիացրել, թե Բաքուն դեմ է այս կոնֆլիկտի միջազգայնացմանը:

Fox News-ի հետ զրույցում էլ Ալիևն ասել է, որ Հայաստանն է ցանկանում միջազգայնացել ղարաբաղյան հակամարտությունը:

«Հայերը ռուսներին խնդրել են զորք մտցնել կոնֆլիկտի գոտի, բայց դա կլինի ապարդյուն և միջազգային իրավունքին հակասող քայլ, մենք դեմ ենք ուրիշների միջամտությանը», - պնդել է Ալիևը:

Երեկ պաշտպանության նախարարության հրամանատարական կենտրոնում Ադրբեջանի նախագահն ասել է. - «Բոլորը մեզ մեղադրում են օտարի օգնությամբ պատերազմելու համար, բայց այդպես չէ, մենք մենակ ենք կռվում, մենակ ենք»:

Իսկ այսօրվա ուղերձում Իլհամ Ալիևը նշել է, թե «զինված ուժերին հրամայել է դեռևս չպատասխանել հայկական կողմից հրադադարը խախտելու դեպքերին»:

Վերադառնալով F-16 թուրքական մարտական օդանավերի թեմային, Ալիևը պնդել է, թե դրանք, իբր, ռազմական գործողություններում չեն կիրառվում:

«Ես ամեն օր հարցազրույցներ եմ տալիս, արդեն հոգնել եմ F-16-ին առնչվող հարցից, մեր թուրք եղբայրները դրանք թողել են Ադրբեջանում որպես բարոյական օգնություն: Բայց եթե մեր դեմ ագրեսիա լինի՝ դրանք կօգտագործվեն», - ասել է Ալիևը, նշելով, որ Ադրբեջանում այս պահին կա այդ տեսակի 5-6 օդանավ:

XS
SM
MD
LG