Մատչելիության հղումներ

ԱՄՆ. Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են հրադադար հաստատել երկուշաբթիից


ԱՄՆ Պետդեպարտամենտի հաղորդմամբ, պաշտոնական Երևանն ու Բաքուն համաձայնել են մարդասիրական հրադադար հաստատել, որն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 26-ին` տեղական ժամանակով առավոտյան 8-ին:

«Միացյալ Նահանգները ինտենսիվ բանակցություններ է վարել երկու երկրների արտգործնախարարների և Մինսկի խմբի համանախագահողների հետ` Հայաստանին ու Ադրբեջանին ավելի մոտեցնելու ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը», - ասվում է Պետքարտուղարության մամլո հաղորդագրությունում:

Նշվում է, որ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին ԱՄՆ փոխպետքարտուղար Ստիվեն Բիգանի հետ հանդիպմանը հաստատել են իրենց երկրների հանձնառությունը` իրագործել Մոսկվայում հոկտեմբերի10 -ին, ապա Ֆրանսիայի միջնորդությամբ հոկտեմբերի 17-ին ձեռք բերված մարդասիրական հրադադարի համաձայնությունը` հոկտեմբերի 1-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ֆրանսիայի առաջնորդ Էմանյուել Մակրոնի և Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի համատեղ հայտարարության համաձայն:

Քիչ ավելի անց Հայաստանի արտգործնախարարության խոսնակը տարածեց նույն բովանդակությամբ ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան համատեղ հայտարարությունը: «Միացյալ Նահանգները խթանեցին ինտենսիվ բանակցություններ ԱԳ նախարարների և Մինսկի խմբի համանախագահների միջև՝ Հայաստանին և Ադրբեջանին ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը մոտեցնելու նպատակով», - նաև ասված է հայտարարությունում:

Պետդեպարտամենտի հաղորդագրությունից ժամեր առաջ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե Միացյալ Նահանգները կարող է հեշտությամբ հասնել ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը: Ելույթ ունենալով Նյու Հեմփշիրում` նախընտրական հավաքում, Սպիտակ տան ղեկավարը նշել է` հիմա Վաշինգտոնն ակտիվ ջանքեր է գործադրում և բանակցում Երևանի ու Բաքվի հետ: «Մենք ամեն ինչ կկարգավորենք: Դա հեշտորեն գլուխ կգա, եթե գիտես` ինչ ես անում»,- պնդել էր Թրամփը, հավելելով. - «Հայերը հիանալի ժողովուրդ են, նրանք իրենց ողջ ուժով մարտնչում են, և ես ուզում եմ ձեզ ասել` մենք մի բան կանենք»:

Ավելի ուշ հաղորդագրություն տարածեցին հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ տեղեկացնելով, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները համաձայնել են դեմ առ դեմ հանդիպում ունենալ հոկտեմբերի 29-ին՝ Ժնևում: Նշվում է, որ Մնացականյանն ու Բայրամովը մտադիր են քննարկել, համաձայնեցնել և դեռևս հաստատվելիք ժամանակացույցի համաձայն սկսել իրագործել բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված հիմնարար սկզբունքներին hամապատասխան հասնեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Վաշինգտոնի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի համաձայնությունն արդեն երրորդն է` Ղարաբաղում մոտ մեկ ամիս շարունակվող պատերազմի ընթացքում: Նախորդ` Ռուսաստանի և Ֆրանսիայի աջակցությամբ ձեռք բերված պայմանավորվածություններն այդպես էլ չէին իրագործվել, ինչի համար կողմերը միմյանց են մեղադրում:

XS
SM
MD
LG