Մատչելիության հղումներ

Ժնևյան բանակցություններից առաջ Երևանում ու Ստեփանակերտում կարևորում են հրադադարի պահպանումը


Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ու Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայքլ Փոմփեոն։ Վաշինգտոն, 23-ը հոկտեմբերի, 2020
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ու Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայքլ Փոմփեոն։ Վաշինգտոն, 23-ը հոկտեմբերի, 2020

Հոկտեմբերի 29-ին Ժնևում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից առաջ Երևանում ու Ստեփանակերտում կարծում են, որ հայկական կողմի համար առաջնային պետք է լինի հրադադարի պահպանման հարցը։ 

Արցախի նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանն այսօր Ստեփանակերտից «Ազատությանը» հեռախոսով փոխանցեց, որ հրադադարի պահպանումը թույլ կտա խնդիրը վերստին տեղափոխել դիվանագիտական հարթություն․ - «Այս պահի դրությամբ ամենակարևորն է, որ այս հրադադարի ռեժիմը պահպանվի։ Որովհետև փաստորեն երեք համանախագահող երկրները մեծ ջանքեր են գործադրել, մասնավորապես Ռուսաստանը, ԱՄՆ-ը, որպեսզի այս զինադադարը հաստատվի։ Այս երրորդ զինադադարը, որի համաձայնությունը եղավ երեկ, այսօր առավոտյան 8-ից արդեն մտավ ուժի մեջ, պետք է նաև պահպանվի։ Հիմա կտեսնենք ինչ ձևով է դա տեղի ունենում։ Սպասել Ժնևի հանդիպումից, իմ կարծիքով, մեծ բեկում, դեռևս վաղաժամ է, բայց կարող է հիմք դրվել հետագա բանակցությունների համար»։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ժամեր առաջ տարածած հայտարարության համաձայն, Վաշինգտոնում ղարաբաղյան հարցով տեղի ունեցած բանակցություններից հետո համանախագահները և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները համաձայնել են ևս մեկ անգամ հանդիպել՝ հոկտեմբերի 29-ին Ժնևում, հասնել համաձայնության և ժամանակացույցով, որը դեռ պետք է ընդունվի, սկսել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ կարգավորելու գործընթացը՝ համաձայն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համար ընդունելի հիմնարար սկզբունքների:

Հակոբ Բադալյան
Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի խոսքով, բանակցությունների ելքի վրա մեծապես ազդելու է ռազմաճակատում առկա իրավիճակը․ - «Որքան հայտնի է, Ժնևում քննարկվելու է հրադադարի վերահսկման մեխանիզմների հարցը։ Կարծես թե դա է լինելու հիմնականը։ Այդ մեխանիզմների հարցում, երևի թե, նվազագույնը պետք է պնդել 1994 թվականի հրադադարի համաձայնագրին վերադառնալու հանգամանքը։ Որքանով է դա իրատեսական՝ այլ հարց է, բայց, կարծում եմ, հայկական կողմը այս առումով պետք է բավական կոշտ դնի իր նշաձողերը, առավելագույնս դնի իր նշաձողերը՝ անհրաժեշտ նվազագույնները հետապնդելու և սահմանելու համար։ Իրավիճակը իհարկե չափազանց բարդ է, և էս առումով, կարծում եմ, հայկական կողմի համար նվազագույն խնդիրը հենց դա է՝ շատ հստակ սահմանել հրադադարի վերահսկման մեխանիզմները»։

Դավիթ Բաբայան
Դավիթ Բաբայան

Դավիթ Բաբայանը հիշեցնում է, որ հայկական կողմերի համար կան կարմիր գծեր․ - «Կարմիր գիծը շատ պարզ է՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Սա նշանակում է և՛ համապատասխան կարգավիճակը, և՛ անվտանգության երաշխիքներ»։

Հակոբ Բադալյանի խոսքով ևս, Հայաստանի համար կարմիր գիծը Արցախի կարգավիճակի հարցն է․ - «Եթե մենք խոսում ենք ընդհանրապես քաղաքական բովանդակության տեսանկյունից, ապա այստեղ շատ հստակ է, որ հայկական կողմը չպետք է նահանջի կարգավիճակից։ Այսինքն՝ Արցախի ճանաչման և այդ օրակարգ բերվող «անջատում հանուն փրկության» տրամաբանությունը պետք է լինի մեր կարմիր գիծը, որից նահանջը պետք է լինի անթույլատրելի քաղաքական իմաստով։ Մնացյալ առումով կարմիր գծերը, ես կարծում եմ, որ գծվում են ռազմաճակատում, և ռազմաճակատում մեր հաջողություններն են պայմանավորելու, թե մենք քաղաքական առումով ինչպիսի նշաձողեր կարող ենք դնել մեր առաջ և փորձել հասնել այդ նշաձողերին»։

XS
SM
MD
LG