Մատչելիության հղումներ

Շարունակվում է «վարձկան-ահաբեկիչներից կազմված դիվերսիոն խմբերի ոչնչացումը», հայտնում է ՊԲ-ն


Հայ զինծառայողները, 20-ը հոկտեմբերի, 2020թ.
Հայ զինծառայողները, 20-ը հոկտեմբերի, 2020թ.

Արցախյան այս նոր պատերազմի հերթական գիշերը կրկին խաղաղ չի եղել, հակամարտության գոտու առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մարտերն ու փոխհրաձգությունները, հայտնում է Արցախի պաշտպանության բանակը: Արդեն առավոտյան տեղային նշանակության մարտեր են ընթացել ռազմաճակատի բոլոր ուղղություններում։

«ՊԲ ստորաբաժանումների կողմից շարունակվում է վարձկան-ահաբեկիչներից կազմված թշնամական դիվերսիոն խմբերի հայտնաբերման և ոչնչացման գործողությունը»,- հայտնում է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը։

Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը կեսօրից հետո ֆեյսուքյան գրառմամբ տեղեկացրեց, որ թեժ մարտեր են ընթանում նաև արևելյան ուղղությամբ։ Երեկ ուշ երեկոյան ասուլիսի ընթացքում Հովհաննիսյանը հայտնել էր, որ հոկտեմբերի 22-ին մարտեր են ընթացել հյուսիսային, հարավային ու կենտրոնական ուղղություններում. - «Հարավում տարբեր կետերում, տարբեր օջախների հատվածներում հակառակորդի տարբեր զորախմբերը փորձել են առաջխաղացում ապահովել ինչպես դեպի արևմուտք, այնպես էլ դեպի հյուսիս և հյուսիս-արևմուտք: Բոլոր առաջխաղացման փորձերը կասեցվել են, որոշ տեղերում հետ են շպրտվել` հակառակորդին պատճառելով զգալի թվով կորուստներ, այդ թվում նաև զրահատեխնիկայի կորուստներ: Հիմնական մարտական գործողություններն ընթանում են հրետանային համազարկների, հրետանային միջոցների կիրառմամբ նվազագույն հետևակի կիրառությամբ»:

Արցախի պաշտպանության բանակն այսօր հրապարակեց զոհված ևս 27 զինվորականների անուններ։ Այսպիսով, հայկական կողմն արդեն հաղորդել է 924 զոհի մասին։ Ադրբեջանական կողմն իր զոհերի մասին առայժմ լռում է` հայտարարելով, թե տեղեկությունը ռազմական գաղտնիք է:

Արցախի պաշտպանության բանակը հայտնում է, որ երեկ Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծել են Ասկերան քաղաքը, կեսգիշերին էլ կրկին թիրախավորել Մարտունին: Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ ադրբեջանական կողմի այս հարվածների հետևանքով խաղաղ բնակչության շրջանում տուժածներ չկան, սակայն հայկական կողմը մեծ նյութական վնասներ է կրել։

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փոխանցմամբ էլ` ժամը 14-ից հետո ադրբեջանական զինված ուժերը գրադ կայանքից հրթիռակոծել են Քաշաթաղի շրջանի Քարեգահ համայնքի տարածքը, այնուհետև Քարեգահ-Բերձոր ճանապարհահատվածը, ռմբակոծվել է նաև Մարտակերտը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հերքել էր Արցախում գտնվող քաղաքները թիրախավորելու հայտարարությունը՝ նշելով, որ հայկական կողմն է հարվածել ադրբեջանական երեք շրջանների։

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն էլ երեկ ուշ երեկոյան տեղեկացրեց, որ Երևանի հիվանդանոցներից մեկում մահացել է հոկտեմբերի 1-ին Մեծ Մասրիկ գյուղում ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորում ստացած տղամարդը։

XS
SM
MD
LG