Մատչելիության հղումներ

ԼՂ հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայումը հայկական կողմի համար ընդունելի է, հայտարարել է Փաշինյանը


Ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայումը ընդունելի է հայկական կողմի համար, և այդ ուժերը կարող են լինել ռուսաստանյան խաղաղապահները, ռուսական «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես կարող եմ ասել, որ Ադրբեջանի պատկերացումները խաղաղապահների կազմի մասին չեն համընկնում հայկական կողմի պատկերացումների հետ։ Եթե խոսում ենք փոխզիջումների մասին, այստեղ ևս փոխզիջումային տարբերակ կարող է դառնալ ռուս խաղաղապահների ներկայությունը։ Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ։ Շատ կարևոր է հաշվի առնել նաև տարածաշրջանի մյուս պետությունների կարծիքը, կարևոր է, որ խաղաղապահ ուժերը կայունացնեն տարածաշրջանը, ոչ թե հակառակը», - ասել է Հայաստանի վարչապետը ռուսական գործակալությանը։

«Առաջին գործը, որ պետք է անենք, դա գործընթացը ԼՂ-ի թեմայով բանակցությունների հուն վերադարձնելն է»

«Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերը հիմա գտնվում են խրամատներում և հենց այս պահին ահաբեկչական խմբավորումների ուժերը, որոնք Ադրբեջան են տեղափոխվել Թուրքիայի կողմից, և՛ վարձկանները, և՛ ահաբեկիչները կոնկրետ հարձակվում են Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի վրա: Հասկանո՞ւմ եք այն մարդկանց վիճակը, ովքեր այնտեղ պայքարում են և ի դեպ՝ ոչ թե Ադրբեջանի դեմ, այսինքն՝ ոչ թե ադրբեջանական բանակի դեմ, այլ ահաբեկիչների դեմ: Եվ այս իրավիճակում պատկերացնո՞ւմ եք նրանց արձագանքը, երբ ես հիմա ասեմ, որ ահա, մենք պատրաստ ենք փոխզիջման գնալ այդ ահաբեկիչների հետ: Ես ասացի, որ մենք պատրաստ ենք փոխզիջման Ադրբեջանի հետ»ն - նշել է Հայաստանի վարչապետը:

Փաշինյանն ընդգծել է, որ «շատ կարևոր և սկզբունքային հարց է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը»:

«Առաջին գործը, որ մենք պետք անենք, դա գործընթացը Լեռնային Ղարաբաղի թեմայով բանակցությունների հուն վերադարձնելն է: Ահաբեկիչների ներկայությունն կոնրկետ հետևանքներ կունենա ոչ միայն մեր տարածաշրջանի, այլ նաև տարածաշրջանին մոտ երկրների համար», - հավելել է Հայաստանի կառավարության ղեկավարը:

Փաշինյանը նշել է՝ «ինչպես Ադրբեջանի դեպքում ենք պատրաստ դիվանագիտական երկխոսության, այնպես էլ՝ Թուրքիայի դեպքում»

«Մենք միշտ ասել ենք, որ Հայաստանը պատրաստ է դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը առանց որևէ նախնական նախապայմանների: Իհարկե, այս իրադարձությունները, այս պատերազմը լարվածություն է ավելացնում հարաբերություններում, բայց, ինչպես Ադրբեջանի դեպքում ենք պատրաստ դիվանագիտական երկխոսության, այնպես էլ՝ Թուրքիայի դեպքում», - հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

«Ինտերֆաքս»-ի հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է բանակցությունների ձևաչափի փոփոխությունը և Թուրքիայի ներգրավումը բանակցային գործընթացին, վարչապետը պատասխանել է. «Դա շատ տարօրինակ դիրքորոշում է: Քանի որ Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների կողմից ընդունվել է հայտարարություն և այնտեղ հստակորեն արձանագրվել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը չի փոխվելու: Բանակցությունները պետք է շարունակվեն այդ ձևաչափով: Ես ասում եմ չէ՞, որ ամեն անգամ Ադրբեջանը փոխում է դիրքորոշումը: Մոսկվայում այդ հարցը համաձայնեցվել է համատեղ հայտարարությամբ, բայց երկու օր հետո Ադրբեջանը կրկին հայտարարել է, որ Թուրքիան պետք է լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Թվում էր, թե հարցը լուծված է, հայտարարություն է եղել, հարցը փակված է, բայց այն կրկին բացվում է: Այս իրավիճակում ի՞նչպես է հնարավոր այդ աշխատանքներն արդյունավետ իրականացնել, երբ ամեն րոպե Ադրբեջանը փոխում է արդեն համաձայնեցված դիրքորոշումները և հարցերը»:

«Մեր նպատակն է, որպեսզի միջազգային հանրությունը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը»

Անդրադառնալով Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Օկտայի հայտարարությանը՝ Ադրբեջանը պաշտոնապես իրենց դիմի օգնության համար, ապա Անկարան կարող է և զորքեր ուղարկել Լեռնային Ղարաբաղ, Փաշինյանը նշեց՝ նրանք արդեն ուղարկել են իրենց զորքը:

«Դա ընդամենը պաշտոնական և ոչ պաշտոնական ձևակերպումների հարց է: Եվ Ֆուադ Օկտայի հայտարարությունը Թուրքիայի պատասխանն է այս տարածաշրջանում ռուսաստանյան խաղաղապահների ներկայության հարցի հետ կապված քննարկումներին», - ասաց վարչապետը:

Ինչ վերաբերում է Արցախի անկախության ճանաչմանը, նա հայտնեց, որ Հայաստանը նպատակ չի դրել լինել միակ երկիրը, որը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը. «Մեր նպատակն է, որպեսզի միջազգային հանրությունը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը»:

Վարչապետն ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտության լուծման բանալին «փոխզիջումն է և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանապագահների ակտիվ ներգրավվածությունը կարգավորման գործընթացում, և մասնավորապես՝ Ռուսաստանի»:

«Ռուսաստանը մեզ կաջակցի այնտեղ, որտեղ այն հնարավոր է»

Հայաստանի կառավարության ղեկավարը նաև նշել է, որ պատերազմը բացասական ազդեցություն ունի տնտեսության վրա:

«Քննարկել ենք տնտեսական հարցեր: Հիմա մենք զգում ենք Ռուսաստանի աջակցությունը և վստահ եմ, որ հետագայում էլ այն կզգանք և Ռուսաստանը մեզ կաջակցի այնտեղ, որտեղ այն հնարավոր է», - ընդգծել է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG