Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղի շուրջ ժնևյան բանակցությունները մեկնարկել են գրեթե կատարյալ գաղտնիության պայմաններում․ դիվանագիտական աղբյուրներ


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունները Ժնևում մեկնարկեցին մի քանի ժամ առաջ՝ գրեթե կատարյալ գաղտնիության պայմաններում։

Ռուսական ՌԻԱ Նովոստի գործակալությունը, վկայակոչելով ՄԱԿ-ի Ժնևյան կառույցներում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչության աշխատակիցներին, պնդում է, որ չի հրապարակվում անգամ բանակցությունների անցկացման վայրը։ Գործակալությանը միայն հաջողվել է պարզել, որ բանակցությունները ընթանում են ՄԱԿ-ի ժնևյան կենտրոնակայանից դուրս՝ այստեղ հավատարմագրված դիվանագետների և լրագրողների աչքից հեռու։

Շվեյցարիայում նախատեսված այս բանակցությունների մասին հայտնի դարձավ դրանց մեկնարկից հաշված ժամեր առաջ՝ չորեքշաբթի երեկոյան։

Առաջինը բանակցությունների ծրագրման մասին լուրը հաստատեց Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ լե Դրիանը՝ գրեթե որևէ մանրամասն չհաղորդելով։

«Վաղը Ժնևում բանակցություններ կկայանան, մեկ այլ հանդիպում էլ նախատեսված է կազմակերպել երկուշաբթի օրը Մոսկվայում։ Մենք հուսով ենք, որ դրանց արդյունքում հնարավոր կլինի կողմերի միջև բանակցություններ նախաձեռնել։ Պետք է հասկանալ, որ այդ գործընթացը հնարավոր չէ սկսել հրադադարը մերժելով և նախապայմաններ առաջ քաշելով։ Նման պարագայում մենք ոչնչի չենք հասնի», - հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարը։

Reuters գործակալությունը մեջբերում է Ժնևում աշխատող ամերիկացի դիվանագետներից մեկի խոսքերը, որն անդրադառանալով պաշտոնական Վաշինգտոնի տեսակետին՝ նշում է․ - «Միացյալ Նահանգների մոտեցումը հստակ է և անփոփոխ․ երկու կողմերն էլ անհապաղ պետք է դադարեցնեն ռազմական գործողությունները և աշխատեն Մինսկի խմբի համանախագահների հետ՝ շուտափույթ կերպով առարկայական բանակցություններին վերադառնալու նպատակով»։

Ժնևյան հանդիպումից առաջ Ադրբեջանի արտգործնախարարը հեռախոսային բանակցություններ անցկացրեց Եվրամիության մեկ այլ առաջատար պետության՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասի հետ։ Նշեմ, որ, ըստ ադրբեջանական աղբյուրների, հեռախոսազրույցի նախաձեռնողը գերմանական կողմն էր։ Հեյկո Մաասը իր ադրբեջանցի պաշտոնակցին զանգահարել էր երեկ Բունդեսթագում ունեցած ելույթից ժամեր անց։

Գերմանացի պատգամավորների հետ հարցուպատասխանի ընթացքում Գերմանիայի արտգործնախարարը հայտարարել էր․ - «Այս պահին մենք ադրբեջանական կողմից ենք սպասում, որ այն, ինչպես և Հայաստանը, կրակի դադարեցման սկզբունքային համաձայնությամբ հանդես կգա։ Եթե այդ կողմը դրան պատրաստ չէ, ես կարծում եմ, որ Եվրամիության կողմից ճնշումը պետք է ուժեղացվի»։

Չի բացառվում, որ նույն ուղերձը Մաասի կողմից հնչեցվել էր նաև Ջեյհուն Բայրամովի հետ այսօր կայացած զրույցի ընթացքում։ Ամեն դեպքում, հեռախոսային բանակցությունների ավարտից քիչ անց Ադրբեջանի արտգործնախարարությունը հանդես եկավ հատուկ հայտարարությամբ՝ խստորեն դատապարտելով պաշտոնական Բեռլինի նման դիրքորոշումը։

«Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասի՝ կրակի միակողմանի դադարեցման և Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու մասին հայտարարությունները լուրջ ափսոսանքի տեղիք են տալիս», - նշում է Ադրբեջանի արտգործնախարարությունը։ - «Միակողմանի հրադադարը նպաստում է ոչ թե հակամարտության վերջնական լուծմանը, այլ ստատուս քվոյի պահպանմանը»։

Շարունակելով քննադատել Բեռլինի որդեգրած մոտեցումները՝ ադրբեջանական արտգործնախարարությունն այսօր նաև նշել է․ - «Եվրոպական միության և Ադրբեջանի միջև համագործակցության առաջնահերթություններին նվիրված փաստաթղթերում հստակ նշված է ԵՄ կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը ցուցաբերվող աջակցության մասին։ Տպավորություն է սակայն ստեղծվում, որ Գերմանիան, ԵՄ առաջատար պետությունը հանդիսանալով, այդ փաստաթղթերի մասին տեղյակ չէ»։

ԵՄ մեկ այլ պետություն՝ Ավստրիան ևս ակտիվորեն շարունակում է հետևել Լեռնային Ղարաբաղում ծավալված իրադարձություններին՝ իր տարածքն առաջարկելով հայ-ադրբեջանական բանակցություններ անցկացման նպատակով։ Այդ մասին Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտնել է իր հայաստանցի պաշտոնակից Նիկոլ Փաշինյանին՝ այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում։

«Զրույցի ընթացքում հույս հայտնեցի, որ խնդիրը խաղաղ ճանապարհով կհանգուցալուծվի, և վերահաստատեցի հակամարտող կողմերի միջև բանակցությունների ևս մեկ փուլ հյուրընկալելու մեր առաջարկը», -գրել է Կուրցը Twitter-ում՝ նաև ընդգծելով․ - «Խորապես մտահոգված եմ Լ եռնային Ղարաբաղում լարվածության շարունակվող աճով։ Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Ավստրիան կոչ է անում վերջ տալ ռազմական գործողություններին և աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցությունների անցկացմանը»։

XS
SM
MD
LG