Մատչելիության հղումներ

Արևմտյան մի շարք երկրներում պահանջում են պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի և Ադրբեջանի դեմ


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, արխիվ

Ժնևի քաղաքային խորհուրդը Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձև է ընդունել

Լեռնային Ղարաբաղում շարունակվող լայնածավալ ռազմական գործողությունների և խնդրի կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հանդիպելու նպատակով Ադրբեջանի արտգործնախարարի ժնևյան այցից ժամեր առաջ շվեյցարական այդ քաղաքի օրենսդիր մարմինը Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձև է ընդունել։

Ժնևի քաղաքային խորհրդի կողմից նախօրեին ընդունած բանաձևում ընդգծվում է՝ Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքի ճանաչումը նրանց անվտանգության միակ երաշխիքն է: Օրենսդիրները, դատապարտելով Ադրբեջանի ռազմական ագրեսիան ընդդեմ Լեռնային Ղարաբաղի, դիմել են գործադիր իշխանությանը և պահանջել, որպեսզի վերջինս միջամտի և միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի իշխող ընտանիքի` Շվեյցարիայում ունեցվածքի սառեցման հարցով:

Հետաքննող լրագրողների Միջազգային կառույցները տարիներ շարունակ բազմաթիվ փաստաթղթեր են գաղտնազերծել, որոնք վկայում են այդ թվում` շվեյցարական բանկերում Ալիևների թաքցրած ունեցվածքի մասին։

Ամերիկացի սենատորները Թրամփի վարչակազմից պահանջում են Թուրքիայի դեմ պատժամիջոցներ ընդունել

Օվկիանոսից այն կողմ` Միացյալ Նահանգներում, մի խումբ ազդեցիկ սենատորներ էլ Թրամփի վարչակազմից պահանջում են Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանել: Հանրապետական և Դեմոկրտական կուսակցության օրենսդիրները որպես փաստարկ վկայակոչում են վերջին օրերին մամուլում շրջանառվող պնդումները, որոնց համաձայն` Անկարան ամերիկյան կործանիչների վրա փորձարկում է ռուսական արտադրության հակահրթիռային պաշտպանության համակարգերը: Լեռնային Ղարաբաղում վերսկսված ռազմական գործողություններին Թուրքիայի մասնակցության ֆոնին ամերիկյան Bloomberg-ը, վկայակոչելով իր հավաստի աղբյուրները, հայտնել էր, որ Թուրքիան նախատեսում է հաջորդ շաբաթ փորձարկել С-400-ը և ստուգել իր անձնակազմի պատրաստվածությունը: Մոսկվայից Անկարայի կողմից ռուսաստանյան այդ թանկարժեք սպառազինության ձեռքբերումը ՆԱՏՕ-ի կազմում դաշնակիցներ Վաշինգտոնի և Անկարայի հարաբերություններում լուրջ տարաձայնություններ էր հարուցել: Հանրապետական սենատոր Ջեյմս Լանկֆորդը և դեմոկրատ Քրիս Վան Հոլենը պետքարտուղար Մայք Փոմփեոյին հղած նամակում հայտարարում են, որ Վաշինգտոնը ի վիճակի չեղավ ավելի վճռական գործել Թուրքիայի կողմից S-400-ի գնման հարցում, ինչ Անկարային թույլ է տվել համարձակորեն իրականացնել գործարքը։

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչ Ֆրենկ Փալոունը իր հերթին Թրամփի վարչակազմից ավելի հստակ քայլեր է պահանջում՝ դադարեցնել անվտանգության ոլորտում Թուրքիային և Ադրբեջանին օգնության տրամադրումը։ Կոնգրեսականը պնդում է, որ «Թուրքիան և Ադրբեջանը ապացուցել են, որ հուսալի չեն, և անվտանգության ոլորտում Միացյալ Նահանգներից այլևս չպետք է օգնություն ստանան»։

Թուրքական լիրան արժեզրկման նոր ռեկորդ է սահմանել

«Ռոյթերզ» գործակալությունը, վկայակոչելով թուրք բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերը, որի անունը չի հրապարակվում, գրում է, որ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունները գլխավորում են թուրքական անօդաչու թռչող սարքերը: «Ռոյթերզը» փաստում է, որ Թուրքիայի ռազմական հաջողությունները և ռազմական գործողությունները աշխարհի մի շարք երկրներում իրենց նպաստն են բերել Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությանը, դաշնակից ազգայնականների հետ միասին ստանալով բարձր վարկանիշ երկրի ներսում, այդ կերպ ստվերելով երկրում խորացող տնտեսական ճգնաժամը, ազգային տարադրամի արժեզրկումը:

Այսօրվա տվյալներով` ԱՄՆ 1 դոլարի արժեքը կազմել է 7,89 լիրա, ինչը տարադրամի արժեզրկման նոր «ռեկորդ» է, նախօրեին 1 դոլարը վաճառվել է 7.88 լիրայով: Bloomberg-ի վերլուծաբանների համոզմամբ, Թուրքիայի ազգային արժույթի արժեզրկմանը նպաստել է այդ երկրի անթաքույց ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղում վերսկսված ռազմական գործողություններում:

Վրաստանը կարևորում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը ռազմական գործողություններից զերծ պահելու անհրաժեշտությունը

Չդադարող այդ ռազմական գործողությունների կապակցությամբ Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի հարևան Վրաստանում մտահոգությունը չի մարում։ Երեկ հաղորդվեց, որ Վրաստանի տարածքում առնվազն երկու անօդաչու թռչող սարք է ընկել Ադրբեջանի հետ սահմանակից գյուղերի մատույցներում: Ըստ երկրի պաշտոնական աղբյուրների` սարքերը ընկել են Կախեթի երկրամասի Սանավարդո և Ուդաբնո գյուղերում: Պատահարի հետևանքով տուժածներ չկան: Պաշտոնական Թբիլիսին միջադեպը առայժմ չի մեկնաբանել, փոխարենը երկրի արտգործնախարարը այսօր հատուկ հայտարարությամբ կարևորել է Հայաստանը շրջանցող Բաքու-Թբիլիսի -Ջեյհան նավթամուղը ռազմական գործողություններից զերծ պահելու անհրաժեշտությունը: Արտգործնախարար Դավիթ Զալքալիանին շեշտել է, որ խոսքը ռազմավարական կառույցի մասին է ինչպես տարածաշրջանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս:

XS
SM
MD
LG