Արցախի իշխանությունները պետք է մասնակցեն Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացին, երեկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային ուղղված ելույթում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հայաստանի ղեկավարի տեսաուղերձի զգալի հատվածը նվիրված էր Ղարաբաղյան հակամարտությանը ու Տավուշում հուլիսին տեղի ունեցած հայ-ադրբեջանական բախումներին։
«Հայաստանը վերահաստատում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն իր հավատարմությունը: Խաղաղության գործընթացի հիմքում պետք է ընկած լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որը ճանաչվել է միջազգային հանրության և միջազգային միջնորդների, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: Այս իրավունքի ուժով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է կարողանա առանց սահմանափակումների որոշել իր կարգավիճակը: Այդ իսկ պատճառով, նրանց ընտրած իշխանությունները պետք է կարողանան մասնակցել բանակցություններին: Հակամարտության գոտում բնակվող մարդկանց խնդիրներն ու կարիքները պետք է դառնան բանակցությունների օրակարգի գերակայություն», - ասել է վարչապետը:
Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից նշեց, որ այս տարվա հուլիսին Ադրբեջանի զինված ուժերը նախահարձակ գործողություններ են իրականացրել Հայաստանի սահմանամերձ Տավուշի մարզի ուղղությամբ, հիշեցրեց Հայաստանի կոչերը լարվածության անհապաղ թուլացման մասին և ընդգծեց՝ այդուհանդերձ Ադրբեջանը շարունակեց թիրախավորել խաղաղ բնակչությանը՝ օգտագործելով հրետանի, ծանր զինատեսակներ, անօդաչու թռչող սարքեր և խոշոր հետևակային ստորաբաժանումներ:
«Ավելին, Ադրբեջանի իշխանություններն էլ ավելի սաստկացրին իրենց ռազմաշունչ հռետորաբանությունը՝ հատելով քաղաքակիրթ պատկերացումների բոլոր հնարավոր սահմանները: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նույնիսկ սպառնաց հրթիռային հարված հասցնել Հայաստանի ատոմային էլեկտրակայանին, ինչը հավասարազոր է «միջուկային ահաբեկչության» սպառնալիքի: Հուլիսյան մարտերն ի դերև հանեցին Ադրբեջանի ռազմական գերազանցության մասին առասպելը և հաստատեցին, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի: Ադրբեջանի ղեկավարության համար վաղուց հասունացել է այդ փաստն ընդունելու անհրաժեշտությունը, ուստի նրանք պետք է հրաժարվեն ուժի գործադրումից և սպառնալիքներից՝ բանակցությունների միջոցով հակամարտության խաղաղ կարգավորման համատեքստում», - նշել է Նիկոլ Փաշինյանը։
Ըստ Հայաստանի վարչապետի, հրադադարը պետք է ամրապնդվի կոնկրետ գործողություններով, որոնք են օրինակ ռազմաշունչ հռետորաբանությունից և ատելության խոսքից հրաժարվելը, շփման գծում և սահմանի վրա ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնումը, հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի քննության մեխանիզմների ստեղծումը և հրամանատարների միջև կապի ուղիղ գծերի հաստատումը։
«Ադրբեջանի իշխանությունները հետևողականորեն օգտագործում են հակամարտությունն իրենց իշխանության հարատևությունն օրինականացնելու նպատակով», - ընդգծել է Հայաստանի կառավարության ղեկավարը:
Վարչապետը խոսեց նաև միջազգային հանրության կողմից հրադադարի ռեժիմի պահպանման մասին հնչող հայտարարություններից ու այդ համատեքստում մատնանշեց Թուրքիայի դերը, այն բնորոշելով ապակայունացնող։ Փաշինյանը Թուրքիայի ու Ադրբեջանի համատեղ զորավարժությունները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անմիջական հարևանությամբ սադրիչ բնույթի գործողություններ որակեց։
«Թուրքիան մեր տարածաշրջանում իր քաղաքականությունը կառուցում է ցեղային ավանդույթների, հակամարտությունների շահարկման, Հայոց ցեղասպանության արդարացման և այդ հանցագործության անպատժելիության վրա: Թուրքիան անվտանգության սպառնալիք է Հայաստանի և տարածաշրջանի համար», - ասել է Նիկոլ Փաշինյանը:
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը կարևոր է համարում Փաշինյանի առանձնացրած ուղերձները, ասում է՝ չնայած հետհեղափոխական իշխանության կողմից դրանք արդեն հնչեցված հայտնի թեզեր են, սակայն էական է, որ դա հնչել է հենց ՄԱԿ-ի ամբիոնից:
ՄԱԿ-ի իր ելույթից հետո Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել, որով խոստացել էր առաջիկա հարցազրույցի ընթացքում կոնֆիդենցիալ հանգամանքներ բացահայտել և հավելել էր , ոչ թե մտացածին «կոնֆիդենցիալ», այլ իրական։
Երեկ Արցախի խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Փաշինյանն ասել էր, որ Ադրբեջանի ղեկավարությունը Հայաստանի դեմ քարոզչական արշավում նոր բաղադրիչ է ավելացրել` չակերտավոր «կոնֆիդենցիալ տեղեկությունների բացահայտումը», որին ի պատասխան էլ վարչապետն ասել էր՝ եթե մտնենք այդ դաշտ, վախենամ՝ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա։
Իսկ հայ-ադրբեջանական սահմանամերձ շրջանների ու Արցախի շփման գծում լարվածության սրացման հնարավորության մասին արդեն խոսում է նաև Միացյալ Նահանգները։ Հայաստանում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատները կոչ են անում իրենց քաղաքացիներին խուսափել ճամփորդությունից հայ-ադրբեջանական սահմանամերձ շրջաններ և Լեռնային Ղարաբաղ։
Տարածված հայտարարության պատճառների վերաբերյալ արձագանք ստանալու համար «Ազատությունը» հարցում է ուղարկել Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն։