Մատչելիության հղումներ

Փաշինյանն Ադրբեջանին խորհուրդ է տալիս վերադառնալ կառուցողական դաշտ


Վարչապետ Փաշինյանն ընդունել է Արցախի խորհրդարանականներին։
Վարչապետ Փաշինյանն ընդունել է Արցախի խորհրդարանականներին։

Ադրբեջանի ղեկավարությունը Հայաստանի դեմ քարոզչական արշավում նոր բաղադրիչ է ավելացրել` «կոնֆիդենցիալ տեղեկությունների բացահայտումը», այսօր Արցախի խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետը Նիկոլ Փաշինյանը:

«Ես ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ եմ տալիս չգնալ այդ ճանապարհով, որովհետև եթե մտանք այդ դաշտ, սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ՝ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա: Այնպես որ խորհուրդ եմ տալիս վերադառանալ կառուցողական դաշտ», - նշեց վարչապետը` վստահեցնելով, որ հայկական կողմի հաղորդած բովանդակությունը բաց և փակ սենյակներում չի տարբերվում: - «Կարծում եմ, որ որևէ մեկը սրանում պետք է չկասկածի»:

«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում Հայաստանի և Արցախի դիրքորոշումը խիստ կառուցողական է», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը` արձագանքելով վերջին շրջանում Ադրբեջանի իշխանություններից հնչող այն մեղադրանքներին, թե բանակցությունների բացակայության մեղավորը հայկական կողմն է. – «Ես արել եմ աննախադեպ հայտարարություն մեր իրականության և ընդհանրապես հակամարտության պատմության ողջ ընթացքի համար՝ ասելով, որ Արցախի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար և Արցախի ժողովրդի համար՝ ակնկալելով, որ այս հայտարարությունը համարժեք արձագանք կգտնի Ադրբեջանի ղեկավարության շրջանում, ինչը բանակցություններում ճեղքում արձանագրելու մեծ հնարավորություն կտար»:

Ըստ Փաշինյանի, իր այս հայտարարությանը Ադրբեջանի միակ արձագանքն այն էր, որ Ղարաբաղի հիմնախնդիրը կարող է լուծվել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա: Նրա խոսքով, Ադրբեջանի առաջադրած այս բանաձևի էությունը 1988 թվականի ստատուս քվոյին վերադարձն է. – «Հետևաբար, հարց՝ ինչպե՞ս կարելի է կարգավորել որևէ հակամարտություն՝ վերադառնալով նրա ակունքներին: Այսինքն՝ սա դուրս է տրամաբանությունից, որ որևէ հակամարտություն հնարավոր է կարգավորել՝ վերադառնալով նրա ծագման իրավիճակին: Այսինքն՝ ոչ թե հակամարտությունը լուծել, բերել զրոյական կետի, այլ սկսել նոր հակամարտություն»:

Վարչապետն ընդգծեց, որ հայկական կողմի բոլոր այն հայտարարությունները, որոնք Ադրբեջանի իշխանությունների ականջներին հաճելի չեն, ըստ էության Ադրբեջանի հակակառուցողական պնդումներին համարժեք արձագանքներ են. – «Ադրբեջանը փորձում էր բանակցային գործընթացի հիմքում դնել հետևյալ տրամաբանությունը՝ միակողմանի զիջումներ արեք, թե չէ Ադրբեջանն ուժային մեթոդներով կլուծի հարցը: Մենք ամենասկզբից ասել ենք, որ Հայաստանի հետ պետք չէ ուժի և սպառնալիքի լեզվով խոսել: Դա անիմաստ գործ է, որովհետև մեզ հետ այդպես խոսել չի կարելի: Մենք շատ երկար՝ և՛ անձամբ, և՛ հեռակա, և՛ հրապարակային, փորձել ենք այս դիրքորոշումները ներկայացնել. մեզ հետ պետք չէ սպառնալիքի լեզվով խոսել: Եվ շատերին թվում էր, թե սա ընդամենը հռետորաբանություն է, բայց հուլիսյան դեպքերը ցույց տվեցին, որ այն, ինչ մենք ասում ենք, 100 տոկոսով համապատասխանում է իրականությանը»:

Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց հայկական կողմի դիրքորոշումը` Ղարաբաղի խնդրի կարգավորումը ուժային լուծում չունի. – « Եթե Ղարաբաղի հարցն ունի ուժային լուծում, ուրեմն Արցախի ժողովուրդը կասի՝ ես վաղուց դա լուծել, ավարտել եմ: Վերջ: Էլ ինչ ենք քննարկում: Բայց մենք ասում ենք՝ ոչ»:

Այդուհանդերձ, չնայած բոլոր այն պնդումներին, թե բանակցային գործընթացը փակուղու մեջ է, Փաշինյանն ասաց. – «Գործընթացում ճեղքում արձանագրելու հնարավորություն կա»:

XS
SM
MD
LG