Մատչելիության հղումներ

ԱՄՆ հորդորում է իր քաղաքացիներին հեռու մնալ հայ-ադրբեջանական սահմանամերձ շրջաններից


Հայաստանում ԱՄՆ դեսպանատան շենքը, արխիվ
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան շենքը, արխիվ

Միացյալ Նահանգները կոչ է անում Հայաստանում գտնվող իր քաղաքացիներին զգոն լինել, զգուշություն ցուցաբերել և խուսափել ճամփորդություններից դեպի Ադրբեջանի հետ սահմանակից շրջաններ` լարվածության սրացման և վերջին բախումների պատճառով: Հաղորդագրությունը հրապարակվել է երեկ` Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կայքում:

Դիվանագիտական առաքելությունը նաև կոչ է անում ԱՄՆ քաղաքացիներին խուսափել այցելությունից Լեռնային Ղարաբաղ: Նույն օրը հայտարարություն է տարածել նաև Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը` կոչ անելով իր քաղաքացիներին, ինչպես նաև դեսպանատան աշխատակիցներին ու նրանց հարազատներին դուրս չգալ Ապշերոնյան թերակղզուց, չայցելել Թովուզի և Ղազախի շրջաններ` հայ-ադրբեջանական սահմանի լարվածության և վերջին բախումների պատճառով:

Հուլիսին սահմանին արձանագրված արյունալի մարտերում հայկական կողմը հինգ, Ադրբեջանը` մոտ մեկ տասնյակ զոհ էր ունեցել: Այդուհետ` մինչ օրս, կողմերի միջև որևէ հանդիպում չի կայացել, թեև պաշտոնական Երևանը մի քանի անգամ շեշտել է, որ «Հայաստանն ու Արցախը պատրաստ են վերսկսել բանակցությունները»:

Վարչապետ Փաշինյանը երեկ կրկին հորդորել է Բաքվին վերադառնալ «կառուցողական դաշտ», պնդելով, թե «բանակցային գործընթացում ճեղքում արձանագրելու հնարավորություն կա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG