Մատչելիության հղումներ

ԼՂ ժողովուրդը պետք է կարողանա առանց սահմանափակումների որոշել իր կարգավիճակը. Փաշինյան


«Թույլ տվեք վերստին հավաստել Հայաստանի միանշանակ աջակցությունը Գլխավոր քարտուղարի՝ համաշխարհային զինադադար հաստատելու կոչին», - այսօր ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 75-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումներին իր ելույթում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք բարձր ենք գնահատում ՄԱԿ-ի, մասնավորապես` Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի առաջնային դերը Covid-19-ի դեմ համամոլորակային պայքարում: Մենք շնորհակալ ենք մեր գործընկեր բոլոր երկրներին, ովքեր աջակցեցին Հայաստանին: Մենք էլ օգնության մեր բաժինը տրամադրեցինք մեր մյուս գործընկերներին: Այս հավաքական ջանքերը հանդիսանում են միջազգային համերաշխության կարևորագույն դրսևորում», - ասել է Փաշինյանը:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է՝ Փաշինյանն իր խոսքում ընդգծել է, որ COVID-19- ի դեմ պատվաստանյութերը համաշխարհային նշանակության հանրային բարիք են և պետք է մատչելի լինեն բոլոր ժողովուրդներին՝ առանց խտրականության:

«Թույլ տվեք վերստին հավաստել Հայաստանի միանշանակ աջակցությունը Գլխավոր քարտուղարի՝ համաշխարհային զինադադար հաստատելու կոչին և COVID-19-ի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2532 բանաձևին, որը պահանջում է մարտական գործողությունների ընդհանուր և անհապաղ դադարեցում բոլոր իրավիճակներում», - ասել է Փաշինյանը:

«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է կարողանա առանց սահմանափակումների որոշել իր կարգավիճակը»

Հայաստանի կառավարության ղեկավարը նաև նշել է. «Չնայած, որ մարդկության ջանքերն այս օրերին ուղղված էին Covid-19-ի հաղթահարմանը, մենք ականատես եղանք մեր տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության ապակայունացման ցավալի փորձերի: Հուլիսին Ադրբեջանը ձեռնարկեց հերթական ագրեսիվ գործողությունը: Ադրբեջանի զինված ուժերը նախահարձակ եղան Հայաստանի սահմանամերձ Տավուշի մարզի ուղղությամբ:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հուլիսյան մարտերն ի դերև հանեցին Ադրբեջանի ռազմական գերազանցության մասին առասպելը և հաստատեցին, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի. - «Ադրբեջանի ղեկավարության համար վաղուց հասունացել է այդ փաստն ընդունելու անհրաժեշտությունը, ուստի նրանք պետք է հրաժարվեն ուժի գործադրումից և սպառնալիքներից՝ բանակցությունների միջոցով հակամարտության խաղաղ կարգավորման համատեքստում»:

Հայաստանի վարչապետը վերահաստատել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի հավատարմությունը: Նա նշել է, որ խաղաղության գործընթացի հիմքում պետք է ընկած լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որը ճանաչվել է միջազգային հանրության և միջազգային միջնորդների, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից. - «Այս իրավունքի ուժով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է կարողանա առանց սահմանափակումների որոշել իր կարգավիճակը: Այդ իսկ պատճառով, նրանց ընտրած իշխանությունները պետք է կարողանան մասնակցել բանակցություններին: Հակամարտության գոտում բնակվող մարդկանց խնդիրներն ու կարիքները պետք է դառնան բանակցությունների օրակարգի գերակայություն»:

«Հայաստանի համար մեկ այլ առանցքային գերակայություն է անվտանգության գոյաբանական սպառնալիքների ենթարկվող Արցախի ժողովրդի համապարփակ անվտանգության ապահովումը: Ազատությունը, ժողովրդավարությունը և մարդու հիմնարար իրավունքների հարգումն անհրաժեշտ նախապայման են հակամարտության տևական և համապարփակ կարգավորման համար բարենպաստ միջավայրի ստեղծման գործընթացում: Միայն օրինականորեն ընտրված կառավարություններն են ի զորու իրապես արտահայտել իրենց ժողովրդի շահերը և գնալ փոխզիջման:

Ադրբեջանի իշխանությունները հետևողականորեն օգտագործում են հակամարտությունն իրենց իշխանության հարատևությունն օրինականացնելու նպատակով: Տասնամյակներ շարունակ Հայաստանը և հայերը որպես թշնամի են դիտվել Ադրբեջանի ղեկավարության կողմից` իրենց երկրում արդարացնելու համար ցածր կենսամակարդակը, ժողովրդավարության բացակայությունը և մարդու իրավունքների համատարած խախտումներն: Հրադադարը պետք է ամրապնդվի տեղում կոնկրետ գործողություններով: Ռազմաշունչ հռետորաբանությունից և ատելության խոսքից հրաժարվելը, շփման գծում և սահմանի վրա ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնումը, հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի քննության մեխանիզմների ստեղծումը և տեղական հրամանատարների միջև կապի ուղիղ գծերի հաստատումն այս առումով չափազանց կարևոր են», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Թուրքիան անվտանգության սպառնալիք է Հայաստանի և տարածաշրջանի համար, նշել է վարչապետը

Հայաստանի կառավարության ղեկավարը նաև հավելել է. «Հուլիսյան սրացման ընթացքում միջազգային հանրության կողմից հնչող կոչերը հիմնականում վերաբերում էին հրադադարի ռեժիմի պահպանմանը, երկխոսությանը և կողմերի զսպմանը: Հարևան տարածաշրջաններում իր ազդեցությունն ընդլայնելու ապակայունացնող քաղաքականությանը միանգամայն համահունչ՝ Թուրքիան, այդուհանդերձ, ջանք ու եռանդ չխնայեց Հարավային Կովկասում ևս լարվածությունը մեծացնելու համար, այդ թվում՝ Միջերկրածովյան Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում։

Ադրբեջանին իր միակողմանի աջակցությամբ և այնտեղ ռազմական ներկայության ընդլայնմամբ՝ Թուրքիան վիժեցնում է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերը, ինչպես նաև այդ նպատակին ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությունները»:

Նիկոլ Փաշինյնան ընդգծել է, որ Թուրքիան ուղղակիորեն սպառնում է Հայաստանին և «ցուցադրաբար մարտաշունչ կեցվածք դրսևորում՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անմիջական հարևանությամբ Ադրբեջանի հետ անցկացնելով սադրիչ բնույթի համատեղ զորավարժություններ»՝ ընդգծելով, որ Թուրքիան անվտանգության սպառնալիք է Հայաստանի և տարածաշրջանի համար:

Հայաստանի վարչապետ հավելել է, որ այս համատեքստում, Հայաստանը կշարունակի ակտիվորեն ներգրավվել տարածաշրջանային և միջազգային ջանքերում՝ երկխոսության և համագործակցության միջոցով խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու համար:

Հայաստանը պատրաստ է ընդլայնել մասնակցությունը ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող խաղաղապահ գործողություններին. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է ընդլայնել մասնակցությունը ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող խաղաղապահ գործողություններին:

«Տիկնայք և պարոնայք, Հայաստանը կարևորում է Կայուն զարգացում-2030 օրակարգի արդյունավետ իրականացումը: 2020 թ․ի հուլիսի 10-ին Հայաստանը ներկայացրեց Կայուն զարգացման նպատակների իր երկրորդ կամավոր ազգային զեկույցը: Ունենալով ժողովրդի լիարժեք աջակցությունը՝ մեր կառավարությունը վճռական է իրականացնելու բարեփոխումների իր հավակնոտ օրակարգը, որը միտված է պետական հզոր հաստատությունների միջոցով մրցունակ և ներառական ժողովրդավարական հասարակության կառուցմանը:

Մենք հետամուտ ենք լայնածավալ տնտեսական և սոցիալական զարգացման օրակարգին՝ ապավինելով տեխնոլոգիական, բնապահպանական և կրթական բարձր չափանիշների: Այս շաբաթ մեր կառավարությունը շրջանառության մեջ դրեց Մինչև 2050 թվականը Հայաստանի փոխակերպման ռազմավարության նախագիծը, որում թվարկված են 16 գերնպատակներ՝ խարսխված արդիականության և առաջընթացի համարձակ տեսլականի վրա», - ասել է Փաշինյանը:

«Որպես Մարդու իրավունքների խորհրդի անդամ՝ Հայաստանը շարունակելու է մեծապես նպաստել մարդու իրավունքների պաշտպանությանը և ամրապնդմանը միտված միջազգային համագործակցությանը: Ինչպես իր ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության օրակարգում Հայաստանը կարևորում է բոլոր քաղաքացիների իրավահավասարությունը և կանանց ու երիտասարդների ակտիվ մասնակցությունը քաղաքական և հասարակական կյանքին: Հակամարտության գոտիներում կանանց իրավունքների պաշտպանությունը և իրենց մասնակցությունը հակամարտության լուծման բոլոր փուլերին կարևոր նշանակություն ունեն: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1325 բանաձևի դրույթների կիրարկումը մեր կառավարության կարևորագույն գերակայություններից է», - շարունակել է ՀՀ կառավարության ղեկավարը:

Վարչապետն ընդգծել է, որ ցեղասպանությունների կանխարգելումը մշտապես բացարձակ առաջնահերթություն է եղել Հայաստանի համար:

«Որպես ցեղասպանության սարսափներ վերապրած ժողովուրդ՝ մենք բարոյական պատասխանատվություն ունենք մարդկության առջև` պահպանելու ցեղասպանությունների զոհերի հիշատակը և նպաստելու այդ սարսափելի ոճիրի կրկնության կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին: Մենք բարձր ենք գնահատում արդյունավետ կանխարգելման միջազգային օրակարգի առաջ մղմանն ուղղված Հայաստանի ջանքերին՝ Մարդու իրավունքների խորհրդի միջոցով միջազգային հանրության արտահայտած աջակցությունը:

Հայաստանն աջակցում է ցեղասպանությունների կանխարգելման օրակարգի վերաբերյալ կառավարությունների, խորհրդարանների, միջազգային կազմակերպությունների, ակադեմիական շրջանակների և քաղաքացիական հասարակության միջև ներառական երկխոսության հարթակների ստեղծմանը: Հայաստանում պարբերաբար անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության գլոբալ ֆորումը» դարձել է երկխոսության այդպիսի հերթական հարթակը:

Ձերդ գերազանցություններ, Միավորված ազգերի կազմակերպության 75-ամյակը պատեհ առիթ է վերահաստատելու խաղաղության, զարգացման և մարդու իրավունքների երեք փոխկապակցված հիմնասյուների կարևորությունը:

Ընթացիկ հակամարտությունները, արմատականության և անհանդուրժողականության շարունակական առկայությունը, անդրազգային և համամոլորակային մարտահրավերները բացահայտում են մեր հավաքական թուլություններն ու փոխկախվածությունը», - ասել է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG