Մինսկում տեղի է ունեցել Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը, որի մասին նախապես չի հայտարարվել:
Առավոտյան Բելառուսի մայրաքաղաքի Անկախության հրապարակի մոտ մարդիկ նկատել են տեխնիկայի և զինծառայողների կուտակումներ, պաշտոնյաները պարզաբանել են, թե «ընթանում է երդմնակալության հանդիսավոր արարողության փորձը», սակայն ավելի ուշ պարզվել է, որ հենց ինաուգուրացիան է տեղի ունեցել:
Բելառուսի օրենքներով՝ հանրապետական հեռուստատեսությունը պարտավոր է ուղիղ եթերում հեռարձակել երդմնակալության արարողությունը, սակայն այդ պահին բելառուսական հեռուստաալիքներով սերիալներ են ցուցադրել:
Լուկաշենկոյի գաղտնի երդմնակալությանը ներկա է եղել մի քանի հարյուր մարդ՝ պետական պաշտոնյաներ, խորհրդարանի պատգամավորներ, գիտության, մշակույթի բնագավառների անվանի ներկայացուցիչներ:
Ընդդիմությունը պահանջում է Լուկաշենկոյի հրաժարականը և նոր ընտրությունների անցկացում: Արևմուտքը չի ճանաչում Լուկաշենկոյի հաղթանակը:
Լուկաշենկոն այս տարվա օգոստոսի 9-ին, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, վեցերորդ անգամ է ընտրվել նախագահ, նա 26 տարի է ղեկավարում Բելառուսը:
Ընտրություններից հետո սկսվել են բողոքի բազմահազարանոց ակցիաներ, հազարավոր ցուցարարներ ձերբակալվել են, զոհվել է առնվազն երեք մարդ:
Ռուսաստանը սատարում է Լուկաշենկոյին, ով պնդում է, թե բողոքի շարժումը ֆինանսավորում և համակարգում են Բելառուսը կազմաքանդելու նպատակ ունեցող արևմտյան երկրները: