Մինսկում մեկնարկել է Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականի պահանջով հերթական բողոքի ակցիան՝ «Արդարության երթը»: Այսօր կեսօրից հետո արդեն մայրաքաղաքի կենտրոնում տեղակայվել էին մեծաթիվ ոստիկանական ուժեր, ջրցան մեքենաներ, փակ են մետրոյի որոշ կայարաններ:
Նախօրեին տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ըստ պաշտոնական աղբյուրների` ձերբակալվել է 390 մարդ, մեծամասնությունը` կանայք: Երեկ բելառուսական անկախ լրատվամիջոցները հայտնում էին, որ ձերբակալվածների մեծ մասը ազատ է արձակվել, քանի որ մայրաքաղաք Մինսկի ոստիկանական բաժանմունքները լեփ-լեցուն էին: Լրագրողների բելառուսական ասոցիացիայի տվյալներով` ձերբակալվածների թվում էր նաև 73-ամյա ընդդիմադիր ակտիվիստ Նինա Բագինսկայան։
Տասնյակ հազարավոր բելառուսներ օգոստոսի 9-ից ի վեր պահանջում են երկրի անփոփոխ առաջնորդի հրաժարականը, բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակում և քրեական պատասխանատվություն խաղաղ ցուցարարների դեմ բռնություններ կիրառած ուժայինների համար: