Հինգշաբթի օրը Եվրախորհրդարանը Բելառուսի հարցով բանաձև է ընդունել, որով հրաժարվել է ճանաչել նախագահական ընտրություններում Ալեքսանդր Լուկաշենկոյի վեցերորդ հաղթանակը, փոխարենը Եվրամիության օրենսդիր մարմինը պահանջել է ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, այդ թվում՝ Մարիա Կոլեսնիկովային։
Եվրոպացի պատգամավորները հորդորում են նաև պատժամիջոցներ սահմանել անձամբ Լուկաշենկոյի դեմ՝ Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի օրինակով:
Ավելի վաղ Եվրամիությունը հայտարարել է, թե չի ճանաչում Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, որ հնարավորություն են ընձեռել 26 տարի երկիրը ղեկավարող Ալեքսանդր Լուկաշենկոյին ևս հինգ տարի պաշտոնավարել։ Պաշտոնական Բրյուսելի գնահատմամբ՝ այդ ընտրությունները ոչ ազատ էին, ոչ էլ արդար:
Եվրոպական միության անդամ պետությունների առաջնորդները անցած ամիս նաև պայմանավորվել են ֆինանսական օգնություն հատկացնել Բելառուսի քաղաքացիական հասարակությանը․ 53 միլիոն եվրոյի մի մասը կտրամադրվի բռնությունների զոհերին և քաղաքացիական հասարակությանը, մյուս մասը նախատեսված է կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի համար: