Բելառուսի «Համակարգող խորհրդի» 7 անդամներից ազատության մեջ մնացած միակ անդամը՝ Նոբելյան մրցանակի դափնեկիր Սվետլանա Ալեքսեևիչը, ուղերձով դիմել է Ռուսաստանի մտավորականներին․ «Ինչու՞ եք լռում, մենք աջակցության եզակի ձայներ ենք լսում»,- ասել է նա Pen կենտրոնի կայքում հրապարակված ուղերձում։
Նա հերքել է իշխանությունների վարկածը, թե «Համակարգող խորհուրդը» ստեղծվել է հեղաշրջում կազմակերպելու համար։ «Մենք ցանկացել ենք, որ երկխոսություն լինի։ Լուկաշենկոն հրաժարվում է խոսել փողոցի հետ, բայց փողոցը հարյուր հազարավոր մարդիկ են, դա ժողովուրդն է»,- գրել է Ալեքսեևիչն, ասելով, թե հպարտանում է բելառուս ժողովրդով։
Այսօր քաղաքացիական զգեստներով իրավապահները մոտեցել են Ալեքսեևիչի բնակության շենքին ու պահանջել, որ ներս թողնի բնակարան։ Այդ մասին նա հայտնել է «Ազատություն» ռադիոկայանին։
Սվետլանա Ալեքսեևիչը, Բելառուսի լրագրողների ընկերակցության ղեկավարն ու «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության նախագահը այսօր դիմել են ՄԱԿ-ին և ԵԱՀԿ-ին՝ կոչ անելով դիտորդական առաքելություն ուղարկել Բելառուս, աջակցել խոսքի ազատությանը։
«Իշխանությունը ցանկանում է ինֆորմացիոն վակուում ստեղծել, մեծ լռություն՝ ցույցերի ու դեբատների փոխարեն, բայց մենք չենք ցանկանում լռության դիկտատուրայի վերադարձը, որը դժբախտությունների և հաճախ նաև հանցագործությունների պատճառն է»,- գրել ենք նրանք միջազգային կազմակերպություններին։