Մատչելիության հղումներ

Տոնոյան. ՍՈւ-30ՍՄ կործանիչների նոր խմբաքանակ ձեռք բերելու ուղղությամբ բանակցություններ են ընթանում


Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այս շաբաթ պաշտոնական այցով Մոսկվայում էր։ Հրայր Թամրազյանի «Կիրակնօրյա վերլուծականի» շրջանակներում նախարարը հայտնեց, որ բանակցություններ են ընթանում ՍՈւ-30ՍՄ կործանիչների նոր խմբաքանակ ձեռք բերելու ուղղությամբ:

«Իրականում հայ-ռուսական հարաբերություններում շատ մեծ դինամիկա կա, որոշ ոլորտներում դա աննախադեպ է, օրինակ` ռազմօդուժի հետ կապված», - ասում է Դավիթ Տոնոյանը, միաժամանակ հավելում, որ ճիշտ չի լինի ասել, որ դինամիկան այս վերջին 2 տարիների ընթացքում է շարունակվել, բայց այն, ինչ վերաբերում է հակաօդային պաշտպանության միջոցներին, իրականացվել է վերջին տարիներին:

Դավիթ Տոնոյանը շեշտում է, որ Հայաստանի պաշտպանության նախարարության և Ռուսաստանի Միավորված ավիաշինարարական ընկերության միջև ստորագրվել է Սու-25-ի արդիականացման և վերանորոգման պայմանագիր։ Պայմանագիրը կնքվել է «Պատրիոտ» կոնգրես-ցուցահանդեսային կենտրոնում՝ «Բանակ-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի շրջանակներում: «Կնքվեց 4 Սու-25-երի արդիականացման ծրագիր, որը տարիներ շարունակ չի հաջողվել իրականացնել: Ռազմարդյունաբերության ոլորտում բավականին հետաքրքիր լուծումներ են եղել, ինձ ոգեշնչում է մասնավոր կազմակերպությունների ներգրավվածությունը, համատեղ ձեռնարկությունների ստեղծումը ռազմարդյունաբերության ոլորտում»:

Նախարարը հայտնեց նաև, որ նախատեսվում է նոր խմբաքանակի ՍՈւ-30ՍՄ կործանիչների ձեռքբերումը:

Ինչ վերաբերում է նրան, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Բաքվում հայտարարեց, թե Հայաստան տեղափոխված բեռը զենք չի եղել, Դավիթ Տոնոյանն ասում է, որ ինքն անձամբ Շույգուից է տեղեկացել սպասվող այդ հանդիպման մասին «բավականին հնարավորինս մանրամասներով»: «Ինչ վերաբերում է տեղափոխումներին, իրականում դրանք եղել են ՌԴ 102-րդ բազայի շրջանակներում, ամեն դեպքում Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության համար հիմա բեռ չի տեղափոխում ռազմական նշանակության, մենք դա ինքնուրույն ենք անում», - նկատում է նա:

Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է դրել մի նախագիծ, որով Զինված ուժերին զուգահեռ նախատեսվում է ստեղծել աշխարհազոր. դրա ղեկավարումը կիրականացնի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը՝ աշխարհազորային շտաբի միջոցով: Ըստ նախագծի՝ աշխարհազորը Հայաստանի վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում Հայաստանի զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով քաղաքացիների մասնակցության համակարգ է:

Ի պատասխան դիտարկման, որ իրավապաշտպանները կարող են դժգոհել, թե սա հանրապետության ռազմականացում է, և արդյոք այս ուժերը չեն օգտագործվի ներքին պրոցեսներում, ինչը եղել է տարբեր երկրներում, պաշտպանության նախարարը հայտարարում է. - «Դա ռազմականացում չի, անհանգստանալու խնդիր չկա, դա մեր կողքը ապրող նույն ժողովուրդն է, որն ընդգրկվելու է երկրի պաշտպանության ամրացմանը»: Ըստ Տոնոյանի` սա փոխլրացնող կառույց է լինելու Երկրապահ կամավորական միությանը:

Պաշտպանության նախարարն անդրադառնում է նաև ադրբեջանական կողմում հայտնված հայ սպա Գուրգեն Ալավերդյանին, նշեց` Պաշտպանության նախարարությունում ծառայողական քննություն է իրականացվում` պարզելու համար սպայի գերեվարվելու հանգամանքները. - «Հիմա ամենակարևորը, որ մեր զինծառայողը լինի առողջ, անվտանգ, և շուտափույթ կազմակերպվի այցելություն Բաքվի Կարմիր խաչի գրասենյակի կողմից, որը մինչ այժմ չի կատարվել, արդեն 72 ժամից ավելի այդ այցելությունը չի թույլատրվել, որը մեծ կասկածներ է առաջացնում: Փորձ է կատարվում շահարկումներ կատարել նրա գերեվարման աշխարհագրության հետ»:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.

XS
SM
MD
LG