Մատչելիության հղումներ

Զինված ուժերին զուգահեռ նախատեսվում է ստեղծել աշխարհազոր


Աշխարհազորայիններ 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ
Աշխարհազորայիններ 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ

Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է դրել մի նախագիծ, որով Զինված ուժերին զուգահեռ նախատեսվում է ստեղծել աշխարհազոր. դրա ղեկավարումը կիրականացնի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը՝ աշխարհազորային շտաբի միջոցով:

Նախագիծը, որը ենթադրում է լրացումներ «Պաշտպանության մասին» օրենքում, հրապարակվել է Արդարադատության նախարարության Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Ըստ նախագծի՝ աշխարհազորը Հայաստանի վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում Հայաստանի զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով քաղաքացիների մասնակցության համակարգ է:

Երկրապահ կամավորականների միության նախագահ, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն «Ազատության» հետ զրույցում շեշտեց՝ պատերազմող երկրի համար աշխարհազորն անհրաժեշտություն է, և այս գաղափարը մի քանի տարի է՝ քննարկվում է։

«Զինվորականներով, բանով, քննարկվում է: Բայց ոչ թե մի տարի է, երկար ժամանակ է դա քննարկվում, բայց պիտի կյանքի կոչվի, էլի: Ունենք դարավոր թշնամի և շրջապատված ենք թշնամիներով», - ասաց Միքայելյանը՝ շարունակելով. - «Աշխարհազոր՝ չի նշանակում 10 հազար հոգի, 20, 30, 50, 60, 70, գոնե 100 հազար և ավել մարդ պիտի լինի աշխարհազորի մեջ: Որովհետև մենք, ամեն վայրկյան, ամեն րոպե անկանխատեսելի հարձակումներ են լինում, հնարավոր չի, էլի, առանց աշխարհազորի: Մենք պիտի միշտ պատրաստ լինենք, ես միշտ ասել եմ, նորից եմ ասում»:

Հարցին` արդյո՞ք Հայաստանի Զինված ուժերը բավարար չեն, իշխանական պատգամավորը պատասխանեց. - «Դուք գիտեք, Թուրքիան, Թուրքիայի վերջին ագրեսիան, ինչ պատրաստակամություն հայտնեց Ադրբեջանի հետ կապված: Դրա համար, ոչ թե մեր Զինված ուժերը մարտունակ չեն, պատրաստ չեն, այլ մենք պիտի աշխարհազոր ունենանք, որովհետև եթե Աստված ոչ արած նման բանի լինի, մեզ զորք է պետք»:

Նախագծի հիմնավորումների մեջ վկայակոչվում է հավանական հակառակորդի ռազմական գործողությունների ուսումնասիրումը, ըստ որի՝ ռազմական գործողությունների ծանրության կենտրոնը կարող է տեղափոխվել երկրի տարածքի խորքը՝ դիվերսիոն, կամ ահաբեկչական, կամ հետախուզական, կամ հատուկ օպերացիաների ուժերի և այլ գործողությունների, ինչպես նաև հակառակորդի զինված ուժերի ներթափանցած խմբերի լայնորեն կիրառմամբ: Եվ դրանց դիմակայելու համար էլ անհրաժեշտ է ստեղծել կամավորներից բաղկացած աշխարհազոր։

Աշխարհազորայիններն ունենալու են իրենց ամրակցված զենքը, համազգեստը։ Իսկ աշխարհազորայինը նշանակվում է համապատասխան պաշտոնի աշխարհազորային շտաբի ղեկավարի՝ պետի հրամանով:

Սասուն Միքայելյանը հերքում է մտահոգությունները, թե աշխարհազորայինը կարող է զենքով շրջել, օրինակ, մայրաքաղաք Երևանում և վտանգ ներկայացնել շրջապատի համար. - «Դե հատուկ տեղում կլինի, տեղերում պիրամիդա կլինի, զենքը կպահվի էդտեղ, եթե պետք լինի, զենքը պիտի վերցնի գնա: Այսինքն, մենք էլ մինչև, չգիտեմ, մոբռեսուրսով ապահովենք մեր ժողովրդին՝ մոբիլիզացիա անենք, մինչև մոբիլիզացիա հայտարարվի, մինչև էս, էս, էս, էս, էնա պատրաստի ունենք, էլի, մարդիկ՝ արդեն կիմանան ուր գնան, ինչ անեն»:

Մինչդեռ իրավապաշտպան Նինա Կարապետյանցը վստահ է՝ Հայաստանին ամենևին էլ պետք չէ պետության ներսում Զինված ուժերից բացի ունենալ ևս մեկ զինված կառույց:

«Ամենակարևորը՝ որ դա չի երաշխավորում, որ ինչ-որ պահի Երևանի փողոցում աշխարհազորայինները չեն փորձի զբոսնել կամ ինչ-որ գործողությունների մասնակցել Երևանի, քաղաքի կենտրոնում, ասենք, զենքով, դա չի երաշխավորում: Պետություն, որը ունի կանոնավոր բանակ, ես կարծում եմ, որ լրացուցիչ զինված առանձին ստորաբաժանումների՝ անհասկանալի կարգավիճակ ունեցող, անհրաժեշտություն չկա», - «Ազատության» հետ զրույցում ասաց Կարապետյանցը:

Իրավապաշտպանը շեշտում է՝ իրեն անհասկանալի է, թե ինչու է ռազմական գերատեսչությունը նման առաջարկով հանդես եկել։ Փոխարենը կարող են ռազմական կրթությունը ուժեղացնել կրթական հաստատություններում, կարծում է Նինա Կարապետյանցը։

Իրավապաշտպանը հիշեցնում է ոչ վաղ անցյալում նման մի կառույցի՝ Երկրապահ կամավորականների միության վարքագիծը. - «Կյանքը հուշում է, և մենք էդ փորձը թերևս ունեցել ենք՝ ի դեմս երկրապահների, որ ինչ-որ իրադարձությունների ժամանակ մարդիկ կարող են մտադրություն ունենալ այս կամ այն կողմը կանգնելու, ենթադրենք՝ իշխանությունների կողմից օգտագործվելու, կամ, չգիտեմ, ինչո-ր ուժերի կողմից օգտագործվելու: Հետևաբար, ես գտնում եմ, որ բանակից զատ մենք ունենք զինված համապատասխան մարմիններ՝ կլինի Ոստիկանությունը, կլինի Պաշտպանության բանակը, հետևաբար՝ անհրաժեշտության դեպքում բոլոր դաշտերը կարծես թե ծածկված են՝ ներքին գործերը անում են ներսում, Պաշտպանության նախարարությունը՝ դրսում, հետևաբար՝ նոր, լրացուցիչ ունենալու իմաստն ու տրամաբանությունը չեմ հասկանում»:

Մինչև սեպտեմբերի 8-ը քաղաքացիները կարող են առաջարկներ ներկայացնել աշխարհազորի ձևավորման վերաբերյալ, ինչպես նաև թողնել իրենց գնահատականները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG