Մատչելիության հղումներ

Ռուսաստանի գործողություններն ուղղված չեն Ադրբեջանի դեմ, հայտարարում է Շոյգուն


Ռուսաստանի ՊՆ Սերգեյ Շոյգուն հանդիպում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, Բաքու, 25 օգոստոսի, 2020թ.
Ռուսաստանի ՊՆ Սերգեյ Շոյգուն հանդիպում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, Բաքու, 25 օգոստոսի, 2020թ.

Բաքվում է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ով արդեն հասցրել է հանդիպել այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Բաքվում Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը հավաստիացրել է, որ Ռուսաստանի գործողություններն ուղղված չեն Ադրբեջանի դեմ:

«Գիտենք և տագնապով հետևում էինք այն իրադարձություններին, որոնք տեղի էին ունենում Հայաստանի հետ սահմանին։ Եվ գիտենք այն տագնապների մասին, որոնք առկա են մեր ռազմական բազա թռիչքների հետ կապված։ Ուզում եմ միանգամից ասել՝ մեր բոլոր գործողությունները երբեք ուղղված չեն եղել և այսօր էլ ուղղված չեն Ադրբեջանի` մեր հարևանի և մեր գործընկերոջ դեմ։ Ռուսաստանը շահագրգռված չէ Անդրկովկասում լարվածության սրմամբ», - ասել է Շոյգուն։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը Հայաստանի իր բազայում իրականացնում է սոցիալական օբյեկտների շինարարություն, որոնցով ապահովված չեն զինծառայողները։ «Դրա հետ է կապված որոշակի աննշան ակտիվությունը։ Եվ երկրորդ մասը զորակոչային արշավ է։ Ինչ-որ մեկին պետք էր տուն բերել, մեկին՝ հակառակը», - ընդգծել է ՌԴ պաշտպանության նախարարը։

Վաղը` օգոստոսի 26-ին, Մոսկվայում Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մի շարք հանդիպումներ կանցկացնի ռուսաստանցի պաշտոնյաների, այդ թվում` Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Սա Բայրամովի երկրորդ արտասահմանյան այցն է պաշտոնը ստանձնելուց հետո: Առաջինը, բնականաբար, Թուրքիա էր:

Ռուսական մամուլը գրում է, որ Բարյամովը ռուսական կրթություն ունի, իր նախկին` կրթության նախարարի պաշտոնում ակտիվ զբաղվում էր Ադրբեջանում ռուսաց լեզվի տարածման գործով, ինչն աննկատ չի անցել Մոսկվայում և կօգնի նրան մտերիմ հարաբերություններ կառուցել Լավրովի հետ, այնպիսի հարաբերություններ, որ ունեին Լավրովն ու Ադրբեջանի երկարամյա նախկին արտգործնախարար, հուլիսին պաշտոնանկ արված Էլմար Մամեդյարովը:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով` Բայրամովի այցը Մոսկվա Լավրովի հրավերով է: «Տեղի կունենան երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունները, որոնց ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակ», - անցած շաբաթ հայտարարել է Զախարովան` հավելելով, որ նախատեսված են նաև Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումները Ռուսաստանի կառավարությունում և Դաշնային խորհրդում:

Լավրովն ու Բայրամովը վաղը թերևս առաջին անգամ օֆլայն ռեժիմում պետք է քննարկեն ղարաբաղյան խնդիրը: Նախօրեին` օգոստոսի 21-ին, Труд թերթին տված հարցազրույցում Ռուսաստանի ԱԳ նախարարը հայտարարել էր, թե Ռուսաստանը Մինսկի խմբի իր գործընկերների հետ աշխատում է ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունների շուտափույթ վերսկսման ուղղությամբ: Լավրովն անդրադարձել էր նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հուլիսին սկսված բախումներին` պնդելով, թե դրան նպաստել են մի շարք պատճառներ։ «Առանցքայինը բնականաբար այն է, որ հակամարտությունը կարգավորված չէ», - ասել էր Ռուսաստանի արտգործնախարարը՝ հավելելով. - «Դրան ավելացավ սահմանի երկու կողմերում հանրության թեժացումը և աշխարհագրությունը»:

«Յուրատեսակ ձգան դարձավ հայկական կողմի որոշումը՝ վերագործարկել հին սահմանակետը, որը տեղակայված է ադրբեջանական խողովակաշարերից 15 կմ հեռավորությամբ», - ասել էր Լավրովը:

Ռուսական «Ռոսբալտն» այս կապակցությամբ գրել է. «Հարկ է նշել, որ արտահանվող խողովակաշարերը, որոնք կարող էր թիրախավորել Երևանը, նավթով և գազով ծածկում են Թուրքիայի էներգետիկ կարիքների գրեթե 1/3-ը»: Այսօր «Ռոսբալտը» մանրամասն անդրադարձել է ղարաբաղյան խնդրին «Ռուսաստանն Անդրոկվկասում. մեծ պատերազմի վտանգը» վերնագրով հոդվածում: Հեղինակը մասնավորապես գրում է, որ հայ-ադրբեջանական սահմանին բախումները կարող են բերել ռուս-թուրքական ռազմական բախումների նույնիսկ: Ռուսական պարբերականը նկատել է, որ հուլիսյան բախումներին հետևած թուրք-ադրբեջանական զորավարժություններից հետո թուրքական բանակի ստորաբաժանումները մնացել են Ադրբեջանի տարածքում: Իշխանությունները հայտարարել էին, թե ավարտվել է համատեղ զորավարժությունների առաջին փուլը, իսկ թե երբ է լինելու երկրորդ փուլը չեն ասել: Հեղինակը նկատում է, որ հուլիսյան բախումներից հետո ակնհայտ է դարձել, որ Թուրքիան ուժեղացրել է իր ազդեցությունը Հարավային Կովկասում, և Մոսկվան չի կարող սրա հետ հաշվի չնստել: Հոդվածի հեղինակը նաև նշում է, որ Մոսկվայի համար այսուհետ բարդ կլինի պահպանել չեզոք դիրքորոշում ղարաբաղյան հարցում, և իրավիճակը վերահսկողության տակ պահելու և Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանում հնարավորինս նվազեցնելու համար Մոսկվային անհրաժեշտ է ակտիվանալ և ղարաբաղյան բանակցությունները վերցնել իր ձեռքը:

XS
SM
MD
LG