Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը երեկ վերադարձել է Հայաստան: Նա կիրակի օրվանից Ռուսաստանում էր, մասնակցում էր «Բանակ -2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովին:
Ռուսաստանի զինված ուժերի «Զվեզդա» հեռուստաալիքին տված հարցազրույցում Տոնոյանը հայտարարել է Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության աննախադեպ մակարդակի մասին. – «Առաջին անգամը չէ, որ մասնակցում ենք ֆորումին, մեծ կարևորություն ենք տալիս մեր մասնակցությանը, ամեն տարի նոր պայմանագրեր ենք ստորագրում: Այժմ շատ լավ դինամիկա ունենք, որ անցյալում երկար տարիներ չենք ունեցել։ Հայաստանը Ռուսաստանից գնում է ժամանակակից, արդիականացված զենք, մենք փորձում ենք հետ չմնալ, քանի որ սկզբունքորեն համատեղ ենք գործում, և մեր հակառակորդները գրեթե նույնն են»։
Ըստ Տոնոյանի, Ռուսաստանի հետ վերջին շրջանում բազմաթիվ պայմանագրեր են կնքվել. – «Ռազմաարդյունաբերական ոլորտի թե' ռուսական, թե հայկական մասնավոր ընկերությունները մեծաթիվ պայմանագրեր են ստորագրել: Հիմնականում այդ պայմանագրերը համատեղ արտադրությանն են վերաբերում` Հայաստանի տարածքում: Բացի այդ, «Սու -25» գրոհային ինքնաթիռների արդիականացում տեղի կունենա, որը թույլ կտա դրանք օգտագործել ժամանակակից մարտերում: Ռուսաստանը Հայաստանի համար ռազմատեխնիկական ոլորտում առաջատար գործընկերն է, իսկ որոշ ուղղություններով՝ միակը»։
Միջազգային ռազմատեխնիկական համաժողովի շրջանակներում Տոնոյանն ավելի վաղ հանդիպել էր Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևի և ռուսական պետական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության տնօրեն Ալեքսանդր Միխեևի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և առաջիկա անելիքները։ Զրուցակիցները բարձր են գնահատել գործող պայմանագրերի կատարման ընթացքը, պայմանավորվածություններ են ձեռք բերել մի շարք նոր պայմանագրերի իրականացման ժամկետների և ուղիների վերաբերյալ։
Տոնոյանն այցելել է նաև հեռահար և ճշգրիտ հրթիռների տաղավար, ծանոթացել նմուշներին, հայտնում է պաշտպանության նախարարությունը։
Դավիթ Տոնոյանը, կիրակի օրը մեկնելով Մոսկվա, նաև հանդիպում էր ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ, մինչև վերջինիս Բաքու մեկնելը։
Պաշտպանության նախարարը հարցազրույցում ուշագրավ հայտարարություն է արել՝ նշելով, որ Հայաստանի և Ռուսաստանի հակառակորդները գրեթե նույնն են։ Արդյո՞ք սա չի հակասում այն փաստին, որ թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի հետ Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի, զենքի վաճառքի բազմամիլիոն պայմանագրեր է կնքում։
«Հակասող իրավիճակը կարող է լինել, եթե մենք հայտարարություններին վերաբերվենք բացառապես նրանց ձևակերպումներով և չփորձենք դրա կոնտեքստը հասկանալ, ինչպես նաև տողատակը տեսնել։ Ակնհայտ է, որ առնվազն տարածաշրջանում Հայաստանի ռազմական հակադրությունը Ադրբեջանի հետ է։ Նաև Թուրքիան, որը համարվում է Հայաստանի համար թիվ մեկ ռազմական սպառնալիքը։ Եվ այդ երկու պետությունների հետ Ռուսաստանը գնտվում է չափազանց դրական, բարեկամական հարաբերությունների մեջ։ Ինչպես ասացինք, Շոյգուն արդեն գնացել է Ադրբեջան։ Ըստ էության, Հայաստանի պաշտպանության նախարարը մեկնել է Մոսկվա, մինչդեռ Ռուսաստանի պաշտպանության նախարարը եղել է Բաքվում։ Հետևաբար որոշակիորեն բառիմաստային տեսանկյունից հակասություն կարելի է տեսնել, բայց պետք է հարցին մոտենալ կոնտեքստի տեսանկյունից։ Պաշտպանության նախարարի հայտարարությունը դիվանագիտական է, բայց դա չի նշանակում, որ երկու էլիտաների միջև հարաբերություններն ամբողջովին լուծված են, և Ռուսաստանի թշնամիները ուղիղ իմաստով Հայաստանի թշնամիներն են, և հակառակը։ Դա կարող էր լինել, եթե մենք ուրիշ անվտանգային համակարգում լինեինք, ընդհանուր պետություն ունենայինք և այլն։ Հետևաբար մենք չպիտի ֆիքսվենք բառերի վրամ այլ պիտի նայենք երևույթները։ Իսկ վերջին շրջանում ակնհայտորեն հայ-ռուսական հարաբերություններում առնվազն ռազմական կոմպոնենտը բավականին մեծացել է, բավականին ընդգծված է՝ հաշվի առնելով, որ Հայաստանը նոր սպառազինություններ է ձեռք բերում՝ տևական ժամանակ և մեծ քանակությամբ։ Հետևաբար, պաշտպանության նախարարի հայտարարությունը պետք է նայենք հենց իր ոլորտի քաղաքականության տեսանկյունից ընդամենը», - «Ազատությանն» ասաց քաղաքական վերլուծաբան Նժդեհ Հովսեփյանը։