Մատչելիության հղումներ

Թուրքիան պատրաստվում է C-400 համակարգերի ևս մեկ խմբաքանակ գնել


Մոսկվացի պաշտոնյաները շարունակում են իրարամերժ տեղեկություններ հաղորդել Թուրքիայի կողմից ռուսաստանյան արտադրության С-400 զենիթահրթիռային համակարգերի ևս մեկ խմբաքանակի ձեռք բերման մասին։

Նախօրեին սպառազինության վաճառքով զբաղվող Рособоронэкспорт պետական ընկերության ղեկավար Ալեքսանդր Միխեևը Մոսկվայում ընթացող «Բանակ-2020» սպառազինության ցուցահանդեսի ժամանակ, զրուցելով լրագրողների հետ, հայտարարեց, թե С-400 համակարգերի վաճառքի շուրջ պայմանագիրը Անկարայի հետ արդեն իսկ ստորագրվել է։ Рособоронэкспорт -ի ղեկավարը նաև նշում էր, որ այժմ կողմերը քննարկում են թե «ֆինանսական ինչ մոդել է կիրառվելու պայմանագրի կատարման ընթացքում»։

Ուշագրավ է ի դեպ, որ այն նույն ժամերին, երբ Рособоронэкспорт-ի ղեկավարը հայտարարում էր Անկարայի հետ С-400-ների շուրջ պայմանագրի ստորագրման մասին, սպառազինության նույն ցուցահանդեսում գտնվող մեկ այլ բարձրաստիճան ռուսաստանցի պաշտոնյա պնդում էր, թե Անկարայի հետ դեռևս որևէ պայմանագիր չի կնքվել։ Ռուսաստանից սպառազինության արտահանումը կարգավորող գլխավոր գերատեսչության՝ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը հարցազրույցներից մեկում պնդում էր, թե թուրքական կողմի հետ դեռևս որոշ անհամաձայնություններ կան։

«С-400 համակարգերի երկրորդ գնդի՝ Թուրքիային մատակարարման հարցի շուրջ ընթացող բանակցություններում բավական լուրջ առաջընթաց կա։ Դրա հետ մեկտեղ դեռ կան թեմաներ, որոնց շուրջ քննարկումները շարունակվում են», - նշում էր Շուգաևը Ռուսաստանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։

Պաշտոնյայի խոսքից պարզ էր դառնում, որ Անկարայի և Մոսկվայի միջև հիմնական տարաձայնությունները վերաբերում են թուրքական կողմի համար ռազմական տեխնոլոգիաների հասանելիությանը։ Անկարան պնդում է, որ Ռուսաստանը С-400 համակարգերին վերաբերող տեխնոլոգիական գաղտնիքների մի մասը պետք է տրամադրի Թուրքիային՝ հնարավորություն տալով հրթիռային համակարգերի դետալներն ու պահեստամասերը արտադրել տեղական գործարաններում, այլ ոչ թե ներկրել Ռուսաստանից։

«Տեխնոլոգիական համագործակցությունը բավական զգայուն թեմա է։ Ասել, թե մենք С-400 համակարգերի դետալների՝ Թուրքիայի տարածքում արտադրության վերաբերյալ վերջնական համաձայնության ենք եկել, դեռ վաղ է։ Այսօր պայմանագրի տեխնիկական նրբությունները համաձայնեցման փուլում են։ Համաձայնեցնում ենք նաև համակարգերի մատակարարման ժամկետները։ Տվյալ պահին սպասում ենք թուրքական կողմի վերջնական որոշմանը», - հայտարարել է Շուգաևը՝ նշելով, որ С-400-ների վաճառքի, ինչպես նաև դրա տեխնոլոգիական նրբությունների գաղտնազերծման հարցում անհրաժեշտ է գտնել ոսկե միջինըլ։

«Այստեղ կարևորը ազգային շահերի պաշտպանությունն է։ Ամենակարևորն այստեղ սեփական շահերին չվնասելն է։ Դրա հետ մեկտեղ, հարկավոր է բավական ճկուն գործել, աշխարհում առկա միտումներին համահունչ։ Այնպես որ, կարծում եմ, մեզ կհաջողվի ընդհանուր հայտարարի գալ մեր թուրք գործընկերների հետ», - հավելել է Շուգաևը։

Ռուսաստանյան «Ինտերֆաքս» գործակալությունը, հղում անելով մեկ այլ ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյայի՝ «Ռոստեխ» պետական կոնցեռնի ղեկավար Սերգեյ Չեմեզովին, պնդում է, որ հրթիռային համակարգերի Թուրքիա մատակարաման շուրջ վերջնական փաստաթուղթը կնքվելու է հաջորդ տարի։

Ամեն դեպքում, թուրքական կողմը արդեն իսկ հայտարարել է, որ պատրաստ է С-400 համակարգերի նոր խմբաքանակ գնել։ Հունիսի սկզբին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության պետական գերատեսչության ղեկավար Իսմաիլ Դեմիրը նշել էր, որ ռուսաստանյան արտադրության զենիթահրթիռային համակարգերի ձեռք բերման շուրջ սկզբունքային համաձայնությունը արդեն իսկ կայացվել է։

Հիշեցնեմ, որ С-400 համակարգերի առաջին խմբաքանակի ձեռք բերման շուրջ պայմանագիրը Թուրքիայի և Ռուսաստանի կառավարությունները կնքել էին 2017 թվականին։ Գործարքի ընդհանուր ծավալը 2 միլիարդ 500 միլիոն ամերիկյան դոլար էր։ С-400-ների առաջին դիվիզիոնը Թուրքիա առաքվեց 2019 թվականի ամռանը՝ առաջացնելով Անկարայի դաշնակիցների, նախևառաջ ամերիկացիների խիստ դժգոհությունը։ ՆԱՏՕ-ի ղեկավարությունը պնդում է, որ ռուսաստանյան արտադրության զենիթահրթիառային համակարգերը անհամատեղելի են դաշինքի հակաօդային պաշտպանության միասնական համակարգի հետ, որի կարևորագույն օղակներից մեկը հենց Թուրքիան է։

Պաշտոնական Անկարան սակայն պնդում էր, որ С-400 համակարգերի ձեռք բերումը ոչ թե քաղաքական, այլ զուտ ռազմական հարց է։

«Թուրքիայի նման պետության օդային տարածքը չի կարող անպաշտպան մնալ», - հայտարարել էր նախագահ Էրդողանը՝ պնդելով, թե Անկարան մեծ հաճույքով կգներ ամերիկյան արտադրության Patriot համակարգերը։

Դրանց վաճառքը Թուրքիային, ըստ պաշտոնական Անկարայի, անվերջ ձգձգվում էր՝ նախևառաջ Կոնգրեսում հնչող դժգոհությունների պատճառով։

XS
SM
MD
LG