Մատչելիության հղումներ

Պետդեպարտամենտը կոչ է անում Անկարային հրաժարվել C-400 համակարգերից


Թուրքիա - Անկարայի մոտ գտնվող «Մուրթեդ» ավիացիոն ռազմակայանում ռուսական ռազմական բեռնատար օդանավից դուրս են բերում S-400-ի բաղադրիչները, 12-ը հուլիսի, 2019թ․
Թուրքիա - Անկարայի մոտ գտնվող «Մուրթեդ» ավիացիոն ռազմակայանում ռուսական ռազմական բեռնատար օդանավից դուրս են բերում S-400-ի բաղադրիչները, 12-ը հուլիսի, 2019թ․

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը կոչ է անում Թուրքիային և Եգիպտոսին վերջ տալ ռուսական սպառազինության ձեռքբերմանը:

«Հակառակ դեպքում այդ երկրները կարող են բախվել Միացյալ Նահանգների կողմից սահմանված պատժամիջոցներին», - լրագրողների հետ զրույցում նշել է ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը, որը, սակայն, հրաժարվել է հրապարակել իր անունը:

Անդրադառնալով Անկարայի հետ հարաբերություններին՝ Պետդեպարտամենտի պաշտոնյան նշել է. - «Եթե Թուրքիան ցանկանում է բարելավել հարաբերությունները Վաշինգտոնի հետ, պետք է հրաժարվի ռուսական արտադրության C-400 (S-400) հակահրթիռային համակարգերից», - նշել է դիվանագետը:

Հիշեցնենք, Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընն օրերս հայտարարել էր, թե ռուսական C-400 համակարգերից հրաժարվելու մասին խոսք լինել չի կարող, և որ սա ստորագրված և վերջնական որոշում է։ Թուրք-ամերիկյան հարաբերություններում ճգնաժամ առաջացրած C-400-ի մատակարարումը սկսվել է ամռան կեսերից:

C-400 զենիթահրթիռային համակարգերի մասին 2.5 միլիարդ դոլարի արժողության համաձայնագիրը Մոսկվան ու Անկարան ստորագրել էին 2017-ին։ Սա առաջին նման մեծ գործարքն էր ռուսական ռազմարդյունաբերության համար ՆԱՏՕ-ի անդամ պետության հետ։

Ընդ որում, այս գործարքի համար Ռուսաստանը Թուրքիային վարկ է տրամադրել, բացի այդ՝ խոստացել փոխանցել Անկարային ոչ միայն հրթիռները, այլև դրանց ստեղծման տեխնոլոգիաները։

XS
SM
MD
LG