Մատչելիության հղումներ

Բելառուսում ժողովրդավարության հաստատումը մեծ նշանակություն կունենա Հայաստանի համար. Ռիչարդ Կիրակոսյան


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի պաշտոնից հեռանալն արդեն ընդամենը ժամանակի հարց է, կարծում է քաղաքական մեկնաբան Ռիչարդ Կիրակոսյանը։ «Կարելի է ասել օրերի հարց է, կամ անգամ ժամերի։ Եվ արդեն միանշանակ է, որ հարցը չպետք է լինի՝ կհեռանա՞, թե՞ ոչ, այլ՝ ե՞րբ կհեռանա», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց քաղաքական մեկնաբանը:

Օգոստոսի 9-ի ընտրություններին հաջորդած՝ Բելառուսի հրապարակների ու փողոցների խաղաղ ցույցերը Կիրակոսյանին հիշեցնում են 2018-ի Հայաստանի հեղափոխությունը։ «Ընդհանուր առմամբ, ինչպես Հայաստանի թավշյա հեղափոխությունը, այդպես էլ Բելառուսի շարժումը ամեն կերպ կարելի է բնորոշել, միայն ոչ աշխարհաքաղաքական բառով։ Ցույցերը ո՛չ Եվրամիության, ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Արևմուտքի հետ կապ չունեն։ Դրանք, ինչպես 2018 Հայաստանում էր, ուղղված են կառավարության դեմ։ Մյուս կողմից, կա մեկ մեծ տարբերություն՝ 2018-ին Հայաստանում Սերժ Սարգսյանը ճիշտ պահին հասկացավ, որ իր ժամն անցել է, և կռիվ չսկսեց, իսկ Լուկաշենկոն ցանկանում է հեռանալ ճակատամարտ տալով։ Որոշ պահերի Բելառուսում կրկնվեցին 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունները, երբ անհամաչափ ուժ կիրառվեց ոչ միայն ցուցարարների, այլև պատահական անցորդների նկատմամբ», - նշեց քաղաքական մեկնաբանը:

Բելառուսը 26 տարի կառավարող Լուկաշենկոյի հեռացումը և ժողովրդավարության հաստատումն այդ երկրում շատ մեծ նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) Հայաստանն այլևս մենակ չի լինի, ընդգծում է Կիրակոսյանը. - «Հայաստանն այլևս խոցելի չի լինի որպես միակ երկիր, որտեղ հաղթել է ժողովրդավարությունը, հուսանք Բելառուսը կմիանա մեզ։ Երկրորդ առավելությունը՝ Բելառուսում իշխանափոխության արդյունքում կպարտվի ոչ միայն Լուկաշենկոն, այլև Ալիևը՝ Բաքվում։ Ադրբեջանը Բելառուսի իրադարձություններից հետո շատ ավելի մեկուսացած ու խոցելի կդառնա»։

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավարի խոսքով՝ Մինսկի զարգացումներին Երևանից հետևելիս անհնար է չնկատել Հայաստանի թույլ տված ստրատեգիական սխալը՝ չափազանց արագ Լուկաշենկոյին շնորհավորելը։ «Իմ քննադատությունը ոչ այնքան Փաշինյանի շնորհավորական ուղերձի բովանդակությանն է վերաբերում, որքան ժամկետին։ Այն ուղարկվեց չափազանց արագ։ Հայաստանի կառավարության կողմից շատ ավելի կշռադատված կլիներ մի փոքր սպասել, շնորհավորանքի հրապարակումը հետաձգել, քանի որ այդպես այն չէր առանձնանա ընդհանուր շնորհավորանքների համատեքստում։ Այդ նամակն՝ ուղղված Լուկաշենկոյին, և տեղի ունեցած ընտրությունները չե՞ն հակասում այն ամենին, ինչի համար Հայաստանի կառավարությունը պայքարում է՝ սա է խնդիրը։ Դիվանագիտորեն ևս սխալ էր, աճապարել պետք չէր, շնորհավորանքը կարող էր և պետք է հետաձգվեր ավելի շրջահայաց մոտեցմամբ», - համոզված է Ռիչարդ Կիրակոսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG