Մատչելիության հղումներ

«Մենք զգուշացրել էինք, որ պայթյունը կարող է ոչնչացնել Բեյրութը»


Բեյրութի ավերված նավահագիստը
Բեյրութի ավերված նավահագիստը

Ճիշտ մեկ շաբաթ առաջ է Լիբանանի մայրաքաղաքի նավահանգստում որոտացել սարսափելի պայթյունը, որը խեղել է երբեմնի գեղեցիկ Բեյրութի պատկերն ու դրա բնակիչների ճակատագրերը:

Ամոնիումի նիտրատի 2750 տոննայի պայթյունի սարսափազդու ուժի մասին է վկայում էպիկենտրոնում գոյացած 43 մետրանոց փոսը: Այդ քանակության դյուրավառ նյութի պայթյունի հզորությունը հավասար է մոտ 0.2-0.5 կիլոտոնի: Հիրոսիման ոչնչացրած ռումբի հզորությունը 15 կիլոտոն էր:

Զոհվել է առնվազն 163 մարդ, վիրավորվել է շուրջ 6 հազար բնակիչ, ավերվել է 6 հազար շենք ու շինություն, ավելի քան 250 հազար բեյրութցի դարձել է անօթևան: Ողբերգությունից քիչ ժամանակ անց սկսվել են բողոքի ցույցեր, տեղի են ունեցել բախումներ ոստիկանների հետ:

Մարդիկ օգոստոսի 4-ի աղետի համար կառավարությանն են մեղադրում` ասելով, թե այն պարտավոր էր ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և կանխել դժբախտությունը:

Անցած օրերին մեկը մյուսի հետևից մանդատներից են հրաժարվել մի խումբ պատգամավորներ, այդ թվում` հայեր, հրաժարական են ներկայացրել նախարարներ, իսկ երեկ երեկոյան նախագահ Միշել Աունն ընդունել է վարչապետ Հասան Դիաբի ամբողջ կառավարության հրաժարականը:

«Նախագահը շնորհակալություն է հայտնել վարչապետին և նախարարներին և գործադիրին խնդրել է շարունակել աշխատանքը մինչև նոր կառավարության կազմի ձևավորումը»,- հաղորդել է Աունի աշխատակազմի ղեկավար Անտուան Չուկարը:

Երեկ հայտնելով պաշտոնն ազատելու մասին` վարչապետը խոստովանել է, որ Բեյրութն ավերած պայթյունը համատարած կոռուպցիայի հետևանք է:

Մինչդեռ, այս օրերին ի հայտ են գալիս փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ պատկան մարմինները մի քանի անգամ ահազանգել են վտանգի մասին:

Լիբանանի անվտանգության ծառայության մի անանուն պաշտոնյա Reuters-ին փոխանցել է, որ Բեյրութի նավահանգստում ամոնիումի նիտրատ ամբարելու փաստով դեռ այս տարվա հունվարին դատական քննություն է սկսվել: Մասնագետները պնդել են, որ քիմիական նյութը խիստ վտանգավոր է, և անհրաժեշտ է այն ժամ առաջ փոխադրել ուրիշ տեղ:

Երկրի ղեկավարներին ուղարկված գաղտնի զեկույցում անվտանգության մարմինների ծառայողները նշել են նաև, որ ահաբեկիչները նավահանգստից կարող են գողանալ ամոնիումի նիտրատը և այն օգտագործել հարձակումների համար: Բայց ամենակարևոր նախազգուշացումը հասցեագրված էր անձամբ երկու գերագույն ղեկավարներին:

Ավարտելով հետաքննությունը, Լիբանանի գլխավոր դատախազ Ղասան Օվեյդատը կազմել է եզրափակիչ զեկույց, որը նախագահին և վարչապետին է ուղարկել նավահանգստի անվտանգության համար պատասխանատվություն կրող պետական անվտանգության գլխավոր վարչությունը:

«Մենք զգուշացրել ենք զեկույցում, որ պայթյունը կարող է ոչնչացնել Բեյրութը»,- ասել է անվտանգության համակարգի անանուն պաշտոնյան:

XS
SM
MD
LG