Մատչելիության հղումներ

Վարչապետ․ Ուժերի ներածին չափով աջակցություն ենք ցուցաբերելու Լիբանանի կառավարությանը և տեղի հայ համայնքին


Հուսահատություն. լիբանանահայ Սեզա Քիրիսջյանն ասում է` այս մեկ բառով է հնարավոր նկարագրել Բեյրութում տիրող իրավիճակը. – «2005-ից ի վեր մենք ամեն տարի մի աղետ ունեցել ենք էստեղ, բայց էս մի ուրիշ աստիճանի, ուրիշ բան էր, և բոլորը հուսահատ են: Ես առաջին անգամն եմ տեսնում, որ բոլոր իմ ընտանիքի անդամները, բոլոր իմ ընկերները արդեն ասում են` էստեղ ապրելու տեղ չի»:

Սեզան ավստրալացի ամուսնու` Ջիմի հետ 10 օր առաջ ամուսնացել: Բնակարանը Բեյրութի Զալկա թաղամասում է, որը նավահանգստից վեց կիլոմետրի վրա է: Պատմելիս փշաքաղվում է, պայթյունի պահին մտածեցին օդանավեր են ռմբակոծում. – «Մի րոպեից ավելի կարծեցինք մենք մահանալու ենք: Մարմինս չէի կարող շարժել: Ջիմը, որ ավստրալիացի է, կյանքի մեջ էսենց բան ինքը չի տեսել, շատ ավելի պաղ և հանդարձ ձևով էր ամեն ինչ հասկանում, վազեց մեր փաստաթղթերը առնելու»:

Սեզան ասում է՝ կորոնավիրուսը, դրանից էլ առաջ Լիբանանաի քաղաքական ճգնաժամը, փլուզված տնտեսությունը և հիմա այս վերջինը աղետի առջև են կանգնեցրել մարդկանց:
Է'լ ավելի է հուսահատեցնող է համարում այն, որ չնայած տարբեր վարկածներին, առայժմ հիմնականն այն է, որ ավերիչ պայթյունը հետևանք էր Բեյրութի նավահանգստում պահեստավորված ու տարիներով անտեսված վտանգավոր ամոնիումի նիտրատի:

300 հազար մարդ մնացել է առանց տանիքի, մարդիկ այժմ ապաստանի, դեղորայքի, սնդդի,ամեն ինչ կարիք ունեն, ասում է Սեզան։

Առաջին անհրաժեշտության իրեր, դեղորայք տեղափոխող օդանավը Երևանից Բեյրութ կմեկնի հավանաբար շաբաթ օրը, կառավրության նիստում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: - «Կարծում եմ, մենք այսօր օրվա վերջ և' այն օգնության չափաքանակը և տեսակը վերջնական ու ամբողջական կունենանք, և' թե ժամկետները ինչ են լինելու: Ենթադրում ենք, որ դա տեղի է ունենալու շաբաթ օրը»:

«Լիբանանը Հայաստանի ամենամոտ բարեկամների շարքում է», -Բեյրութի հզոր պայթյունի հետևանքով մահացածների ու տուժածների ընտանիքներին սփոփանքի ու զորակցության խոսքեր ուղղեց վարչապետ Փաշինյանը` շեշտելով, որ Հայաստանն անտարբեր չի կարող մնալ Լիբանանի եղբայրական ժողովրդի ու հայկական համայնքի կարիքների նկատմամբ. – «Հայաստանի Հանրապետությունն օգնություն ցուցաբերելու իր պատրաստակամությունն է հայտնել՝ այդ քաղաքին պատուհասած ողբերգության հետևանքները հաղթահարելու գործում: Մենք ուժերի ներածին չափով աջակցություն ենք ցուցաբերելու Լիբանանի կառավարությանը և տեղի հայ համայնքին»:

Հայկական օգնությունը տեղափոխող օդանավով Բեյրութ կմեկնի նաև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը: «Անհետաձգելի օգնություն լիբանանահայերին». «Հայաստան» համահայկական հիմնադրամը սկսել է նոր դրամահավաք: Անհատ նվիրատուները հնարավորություն ունեն իրենց փոխանցումներով օգնել տեղի հայերին:

Հզոր պայթյունի հետևանքով 11 հայ է մահացել, վիրավորների թիվը վերջին տվյալով 250 է, սակայն ՀՅԴ Միջին Արևելքի Հայ դատի գրասենյակի պատասխանատու Վերա Յագուբյանի փոխանցմամբ, թիվը կարող է փոխվել: Պայթյունից հետո բազմաթիվ անհետ կորածներ կան: Ըստ Յագուբյանի, հնարավոր է նրանց թվում հայեր չլինեն, քանի որ ընտանիքներից ահազանգեր չունեն: Վնասված տները մոտ հազարն են:

«Այս ընտանիքները պիտի փորձենք փոպադրել այլ վայրեր: Ովքեր ունեն հարազատներ և ազգականներ, արդեն փոխադրվել են նրանց մոտ: Մյուս ընտանիքներ համար աշխատանքներ են տարվում, որպեսզի փոխադրվեն դպրոցներ կամ այլ հարմար վայրեր, որ մնան ժամանակավոր, մինչև որ իրենց տները վերականգնեն», - ասաց Յակուբյանը:

Բազմաթիվ բնակելիներ, ազգային կառույցներ, եկեղեցիներ վնասվել են Բուրջ Համուդում, Անթիլիասում. հայաշատ թաղամասերը նավահանգստին մոտ են և այժմ աղետի գոտու են վերածվե ։

Վերա Յագուբյանը շեշտում է՝ Բուրջ Համուդն արդեն մեղվի փեթակի է վերածվել, երիտասարդները հավաքվել ու մեծ մաքրություն են սկսել, մինչև գնահատվի վնասն ու հնարավոր լինի վերականգնել: Նա շեշտեց՝ հայ համայնքը օժանդակության կարիք ունի, դեռ մինչև պայթյունն էլ, տնտեսական ճգնաժամի հետևանքնով բազմաթիվ ընտանիքներ էին կարիքի մեջ հայտնվել, այժմ իրավիճակը է'լ ավելի է սրվել։ «Այնուամենայնիվ, աղետի քաղաքում անոթի կամ անօթևան հայ չկա, բոլորը բոլորին հասել են», - ասաց Վերա Յակուբյանը: - «Հայ մուրացկան, հայ անտուն չեք գտնի փողոցում: Երբեք»:

Անթիլիասում ամուսնու և երեխաների հետ ապրող Հեղինե Տեր-Ստեփանյանն ասում է` Լիբանանում այժմ քիչ չեն հայերը, որ ուզում են Հայաստան գալ՝ գոնե միառժամանակ ապահով լինելու համար. – «Շատ-շատերը ուզում են ներգաղթել, բայց շատ կան, որ ուզում են ժամանակավոր գան, որ էս ստրեսային վիճակը անցնի»:

Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանի խոսքով, առայժմ հստակ չէ, թե քանի հոգի է ցանկանում Հայաստան գալ այս վերջին աղետից հետո: Ի դեպ, մինչև այդ և նույնիսկ հենց պայթյունի օրը տասնյակ լիբանանահայեր էին եկել հատուկ չվերթով` բոլորը Հայաստանի քաղաքացիությամբ կամ կացության կարգավիճակով:

Սինանյանը կարծում է, որ պետք է Հայաստան գալու տարբերակ ստեղծել նաև նրանց համար, որ քաղաքացի չեն ու կարգավիճակ էլ չունեն:

Սեզա Քիրիսջյանն ասում է՝ Հայաստան ներգաղթելու ցանկություն շատերն ունեն, բայց տեղաշարժի փող չունեն, մարդկանց գումարները պատանդ են լիբանանյան բանկերում: Սեզան ինքը կցանկանար ծննդավայր Բեյրությում մնալ, երեխաներ ունենալ: Հիմա միայն այստեղից հեռանալու մասին է մտածում, փոխարենը վերքերի մեջ կորած այս քաղաքում ապրել է ուզում նրա ավստրիալացի ամուսինը՝ փաստաբան Ջիմը:

XS
SM
MD
LG