«Լիբանանի գլխավոր խնդիրը կոռուպցիան է», - երեկ երեկոյան վարչապետի պաշտոնում իր վերջին ելույթում նման հայտարարությամբ հանդես եկավ կառավարության ղեկավար Հասան Դիաբը՝ անկեղծորեն խոստովանելով, որ իր պաշտոնավարման կես տարում այդպես էլ չկարողացավ շոշափելի արդյունքների հասնել, ինչի թերևս ամենավառ ապացույցը օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում որոտացած պայթյուններն էին։
«Այսօր մենք ենթարկվում ենք ժողովրդի կամքին։ Մարդիկ ցանկանում են, որպեսզի աղետի բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեն, մարդիկ իրական փոփոխություններ են ուզում, որոնք կոռուպցիայի, կուլիսային պայմանավորվածությունների և թալանի վրա կառուցված պետությունը կվերափոխեն օրենքն ու արդարատությունը, սեփական ժողովրդին հարգող պետության», - հայտարարում էր Դիաբը։
Կառավարական ճգնաժամը Լիբանանում ծագեց ավելի քան 150 մարդու կյանք խլած աղետից հաշված օրեր անց, երբ հազարավոր ցուցարարներ դուրս եկան Բեյրութի փողոցներ երկրի քաղաքական վերնախավի լիակատար թարմացում պահանջելով։
Բախումները Լիբանանի մայրաքաղաքում շարունակվում էին անգամ այն րոպեներին, երբ տեղական հեռուստաալիքները ցուցադրում էին պաշտոնից հեռացող վարչապետի ելույթը։
Լիբանանի նախագահ Միշել Աունը արդեն իսկ ընդունել է Դիաբի հրաժարականը, խնդրելով նրան և նրա ենթականերին շարունակել պարտականությունների կատարումը, մինչև նոր կառավարության ձևավորումը։
Նման պայմաններում, սակայն, տեղական մի շարք դիտորդների համոզմամբ, շատ քիչ կլինեն մարդիկ, որ կցանկանան ստանձնել գրեթե բոլոր ոլորտներում խոր ճգնաժամում գտնվող երկրի կառավարման ղեկը։
Դեռ մինչև Բեյրութի պայթյունները երկրում տիրող կացությունը շատ ծանր էր։ Ազգային տարադրամի փոխարժեքը ամերիկյան դոլարի հանդեպ վերջին ամիսներին նվազել էր շուրջ 80 տոկոսով։ Երկրի էլեկտրական ցանցերը արդեն բավական տևական ժամանակ է ինչ ի վիճակի չեն երկրի ողջ տարածքում 24-ժամյա անխափան էլեկտրամատակարարում ապահովել։ Որոշ գնահատականների համաձայն, երկրի էներգետիկ համակարգի կորուստները երկու միլիարդ դոլար են կազմում։
Մինչև պայթյունները աղքատության ցուցանիշը Լիբանանում արդեն իսկ հասել էր 50 տոկոսի։ Օգոստոսի 4-ի աղետից հետո այդ ցուցանիշն էլ ավելի կաճի, եթե հաշվի առնենք որ պայթյունների ուղղակի վնասը գերազանցում է 15 միլիարդ դոլար ցուցանիշը։ Տնտեսագետների համոզմամբ, 2020 թվականը Լիբանանը փակելու է 25 տոկոսի տնտեսական անկմամբ։