Մատչելիության հղումներ

Այսօր կկայանա խորհրդակցություն` համակարգելու Լիբանանին տրամադրվելիք միջազգային օգնությունը


Ֆրանսիան Միացյալ Ազգերի Կազմակերպության հետ այսօր տեսակապի միջոցով խորհրդակցություն է կազմակերպում, որը կհամախմբի Լիբանանին տրամադրվելիք միջազգային օգնության բոլոր հիմնական նվիրատուներին: Խորհրդակցությանը կմասնակցեն Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, եվրոպական հաստատությունները, Լիբանանի ղեկավարները և մի շարք այլ երկրների, օրինակ` Չինաստանի, Ռուսաստանի ղեկավարները:

Խորհրդակցության նպատակն է համակարգել Լիբանանին տրամադրվելիք միջազգային օգնությունը: Առաջին օգնությունը պարենային է, ներառում է առաջին անհրաժեշտության ապրանքներ: Հայտնի է, որ առողջապահության բնագավառի համար նախատեսված է 85 միլիոն դոլար: Այս խորհրդակցության մասին Ֆրանսիայի նախագահը հայտարարել է Բեյրութի մահաբեր պայթյունի հաջորդ օրը դեպքի վայր կատարած այցի ժամանակ, որն առաջին պետական ղեկավարի այցն էր զարհուրելի աղետից հետ: Էմանյուել Մակրոնը նշել է նաև, թե ամիսներ ու տարիներ ի վեր Ֆրանսիան պահանջում է Լիբանանին իշխանություններից դիմել բարեփոխումների: «Եթե այդ բարեփոխումները չարվեն, Լիբանանը կշարունակի ընկղմվել», - ավելացրել է Մակրոնը:

Մինչդեռ, երեկվանից ի վեր լիբանանցիները ցույցի են դուրս եկել իշխանությունների հեռացման պահանջով: Ֆրանսիայի ղեկավարության համար այդ ցույցերը վկայում են ժողովրդի զայրույթի, ինչպես նաև արմատական փոփոխությունների իրականացման նրա ցանկության մասին: «Լիբանանը խորտակվում է, հետևաբար ժամանակն է նրան փրկելու», - մեկնաբանել է Էմանյուել Մակրոնի շրջապատը:

Ֆրանսիայի նախագահի այցը Լիբանան Բեյրութի աղետի հաջորդ օրն իսկ ընդգծեց այն կապերը, որ գոյություն ունեն Լիբանանի և նրա նախկին հովանավորը հանդիսացած Ֆրանսիայի միջև: Թեև Լիբանանի ղեկավարության հասցեին Էմանյուել Մակրոնի քննադատություններն արժանացան Ֆրանսիայի որոշ քաղաքական գործիչների վերապահ վերաբերմունքին և որակվեցին իբրև օտար երկրի ներքին գործերին արված միջամտություն:

Ֆրանսիայում, ի դեպ, այսօր ապրում է մոտ 250 հազար լիբանանցի: Քիչ չեն նաև Լիբանանից գաղթած հայերը: Այսօր ինչպես Հայաստանը, սփյուռքն էլ իր միջոցներով և հնարավորություններով ոտքի է կանգնել օգնելու Լիբանանի իր հայրենակիցներին: Օգնության այդ շարժումը սկսվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի կողմից, որն աղետի հաջորդ օրն իսկ դրամահավաքի կոչ ուղղեց համայնքին: Մասնաճյուղը 2019թ.-ին, ապա և այս տարի ֆինանսական օգնություն էր ուղարկել Լիբանանի հայկական դպրոցներին: Այս օրերին նույնանման կոչերով համայնքին դիմել են Հայ բարեգործական ընդհանուր միության Ֆրանսիայի մասնաճյուղը և Ֆրանսիայի Հայ Առաքելական եկեղեցին:

XS
SM
MD
LG