Մատչելիության հղումներ

Ըստ մասնագետի, Հայաստանում Covid-19-ով վարակվածության դեպքերի թվի նվազման միտում է նկատվում


Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թվի նվազման միտում է նկատվում, ասում է հանրային առողջապահության մասնագետ Վարդուհի Պետրոսյանը։

«Առողջապահության նախարարությունը վերջերս մի թիվ հրապարակեց, դա վիրուսի վերարտադրողականության գործակիցն է, և երբ որ այն իջնում է 1-ից, ապա մենք կարող ենք ակնկալել, որ դեպքերի թիվը կսկսի նվազել: Այդ թիվը վերջին հաշվարկներով 0,8 էր: Երբ որ ոչ մի միջոցառում չի ձեռնարկվում, այս վիրուսի վերարտադրման գործակիցը 2-3 է հաշվարկված, այսինքն միջինում մեկ վարակված անձը վարակում է երկու կամ երեք այլ անձանց: Եթե միջոցառումներ են ձեռնարկվում, այդ միջոցառումների նպատակն է այդ թիվը 1-ից ցածր իջեցնել, որպեսզի դեպքերի թիվը գնա նվազման», - ասաց Պետրոսյանը:

Հայաստանի Ամերիկյան համալսարանի Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի դեկանի խոսքով՝ նվազումը կապված է կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների հետ։

«Կան բազմաթիվ գիտական հրատարակումներ ներկայումս, որոնք խոսում են շատ կարևոր հանրային առողջապահական միջոցառումների մասին և իրենց էֆեկտիվության մասին, դա հեռավորություն պահպանելն է մոտ 1,5 մետր և ավելի, դա մարդաշատ տեղեր չգնալն է և, իհարկե, ամենակարևորներից մեկը դիմակ կրելն է: Բազմաթիվ են գիտական ապացույցները ներկայումս, որոնք փաստում են դրանց արդյունավետության մասին», - նշեց նա:

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերն աճել են 239-ով՝ հասնելով 37 հազար 629-ի։ Նախօրեին կատարվել է 1061 թեստավորում։ Ըստ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանի՝ դիմելիությունն է նվազել։

«Լաբորատորիաները պատրաստ են ընդունել թեստեր, նաև մենք մինչև 2000-2500 հետազոտություններ կարողանում ենք անել, բայց դիմելիությունը փոքր-ինչ նվազել է: Դա էլ է պատճառներից մեկը, որ հետազոտությունների թիվը ավելի քիչ է կազմում», - ասաց Նիկողոսյանը:

Նվազել է նաև այս պահին հիվանդանոցներում և տանը բուժում ստացողների թիվը՝ հասնելով 9 հազար 330-ի։ Երեկ գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 8 դեպք, ընդհանուր մահվան դեպքերը մարտի 1-ից մինչ օրս հասել են 719-ի։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան ևս երկու դեպք, երբ հիվանդների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն նրանք այլ պատճառով են մահացել։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 223 է:

Հայաստանում կրկնավարակի դեպքեր արդյո՞ք եղել են։ Դեռ օրեր առաջ ֆեյսբուքում «Կրկնավարակ գոյություն ունի» բովանդակությամբ գրառում էր կատարել մի քաղաքացի։ Արսեն Հարությունյանը գրել է, թե իր մոտ երկրորդ անգամ, նախորդ վարակումից մոտ 40 օր անց, կորոնավիրուս է ախտորոշվել, այս անգամ` երկկողմանի թոքաբորբով:

Հանրային առողջապահության մասնագետը, սակայն, ասում է՝ գիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ դա ոչ թե կրկնավարակ է, այլ՝ որոշ մարդկանց մոտ օրգանիզմում վիրուսի ազդեցությունը երկարատև է մնում՝ մինչև երեք ամիս կամ գուցե ավելի։

«Գիտական հետազոտություններին հայտնի է, որ կան դեպքեր, երբ որ մարդու մոտ լինում է վարակը, նույնիսկ թեստերը կարող են ցույց տալ բացասական, հետո նորից թեստը ցույց տա դրական, նույն մարդու մոտ, բայց դա ոչ թե կրկնավարակ է, այլ մարդու օրգանիզմից դուրս են գալիս այդ վիրուսի մասնիկները, գենետիկ նյութը, որ ցույց է տալիս դրական արդյունք: Գիտնականների ճնշող մեծամասնությունը կարծում է, որ այդ դեպքում, երբ որ վիրուսը դուրս է գալիս, այն այլևս վարակիչ չէ, սակայն որոշ մարդկանց մոտ վիրուսի հետևանքով առաջանում են խաթարումներ օրգանիզմում, որոնք կարող են բավականին երկար ժամանակով ուղեկցել այդ մարդկանց, և այդ մարդիկ ունենում են սմպտոմներ», - ասաց Պետրոսյանը:

Հայաստանի առողջապահության նախարարությունը մինչ օրս հնարավոր կրկնավարակի երկու դեպք է արձանագրել: Գերատեսչությունից «Ազատությանը» հայտնել են, որ այդ դեպքերը հիմա Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետներն են ուսումնասիրում: Դեռ չկա որևէ գիտական հաստատում, որ դրանք կրկնավարակի դեպքեր են:

XS
SM
MD
LG