Հայաստանի անցած օրն անցկացված 314 թեստից կորոնավիրուսի է հաստատվել 73 քաղաքացու մոտ: Քովիդ-19-ի ընդհանուր դեպքերի թիվը հասել է 37 հազար 390-ի: Երեկ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 187-ով:
Անցած կիրակի կորոնավիրուսից մահվան 6 դեպք է գրանցվել: Մահացածներից ամենաերիտասարդը 56 տարեկան էր, ամենատարեցը` 80: Ըստ Առողջապահության նախարարության բոլոր մահացածներն ունեցել են քրոնիկական հիվանդություններ: Կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը հասել է 711-ի: Այս պահին փաստացի բուժում է ստանում 9 հազար 793 հիվանդ: Ընդհանուր առմամբ, Քովիդն արդեն հաղթահարել է 26 հազար 665 մարդ:
Չնայած վերջին օրերին կորոնավիրուսի հաստատված դեպքերի նվազում է նկատվում, համաճարակաբան Արման Բադալյանն ասում է, թե վարակվածների թիվը կարող է մի քանի անգամ մեծ լինել: Նրա կարծիքով, վարակակիրների թվի նվազման մասին կարելի է խոսել, երբ կորոնավիրուս ախտորոշվի հետազոտվածների 3-5 տոկոսի մոտ ախտորոշվի վարակը. – «Վերջին օրերի միջինացված թիվը եթե նայենք, կտեսնենք, որ 20 տոկոսի շեմը անցնում են բոլորը: Դա նշանակում է, որ դեպքերն ավելի շատ են, քան մենք իրենց հայտնաբերում ենք: Հայտնաբերում ենք այնքան, ինչքան որ կարողանում ենք... Մենք ոչ բոլորին ենք հայտնաբերում: Սա ավելի մտահոգիչ է»:
Համաճարակաբանը, այդուհանդերձ, փաստում է, որ ընդհանուր առմամբ դեպքերի թիվը վերջին շրջանում կայունացել է. – «Ինչ վերաբերում է տենդենցներին, տեսնում ենք, որ աշխարհում բավական բարդ է իրավիճակը: Անգամ այն երկրները, որոնք գրեթե զրոյացրել էին դեպքերի թիվը, այսօր տեսնում ենք, որ ճիշտ է քիչ թվով, բայց նոր դեպքեր գրանցվում են: Այս վարակի «լուռ տարածման» տեսանկյունից, համաճարակաբանան ինֆենցիոն պրոցեսների ընթացքից ելնելով կանխատեսումներ անելը շատ ու շատ դժվար է: Այս ամենը խոսում է այն մասին, որ վարակի կառավարումը բավական բարդ գործընթաց է»:
Արդյո՞ք հնարավոր է կորոնավիրուսով վարակվել մի քանի անգամ: Այս հարցը դեռ մասնագետների համար էլ վերջնական պատասխան չունի:
Արման Բադալյան. – «Այսօր մենք կարող ենք ենթադրել, թե հնարավոր է, որ այդպես լինի, թե չէ` կախված այլ հետազոտություններից: Այս հարցը դեռ լուծված չի»:
Հայաստանի Առողջապահության նախարարությունը վարակի տարածումից սկսած հնարավոր կրկնավարակի երկու դեպք է արձանագրել:
Առողջապահության նախարարությունից փոխանցեցին, որ այդ դեպքերը հիմա Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետներն են ուսումնասիրում: Դեռ չկա որևէ գիտական հաստատում, որ դրանք կրկնավարակման դեպքեր են:
«Կրկնավարակ գոյություն ունի». նման բովանդակությամբ գրառում էր Ֆեյսբուքում արել մի քաղաքացի: 23-ամյա Արսեն Հարությունյանը գրել է, թե իր մոտ երկրորդ անգամ, նախորդ վարակումից մոտ 40 օր անց, կորոնավիրուս է ախտորոշվել, այս անգամ` երկկողմանի թոքաբորբով:
Համաճարակաբան Բադալյանի խոսքով, անհրաժեշտ է խորը ուսումնասիրություն կատարել. նա, օրինակ, չի բացառում, որ առաջին թեստը «կեղծ դրական» է եղել, իսկ Հարությունյանը վարակվել է դրանից հետո:
Ինչո՞ւ նախարարությունը կորոնավիրուսով վարակված հիվանդներին կրկին չի թեստավորում 14 օր հետո: Նախարարությունից հայտնում են, որ իրենք շարժվում են միջազգային ցուցումներով: Գիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ 14 օր անց մարդն արդեն վարակակիր չէ: