Մատչելիության հղումներ

Համավարակը մարդկանց աշխարհի տարբեր կետերում է թողել


Օդանավեր Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, արխիվ
Օդանավեր Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, արխիվ

Վերջին տարիներին Չինաստանում ապրող, աշխատող Սոնա Կիրակոսյանը արդեն կես տարի է ուղիներ է փնտրում՝ նորից Չինաստան վերադառնալու համար։ Աշխարհը փակել է սահմանները կորոնավիրուսի համաճարակի պատճառով, և թեպետ ոչ երկաթե, սակայն բավական ծանր վարագույրը մարդկանց աշխարհի տարբեր կետերում է թողել։

«Ես հունվարին եկա՝ վիզան թարմացնելու նպատակով: Եկա, վիզան ստացա, ու փակվեցին սահմանները», - «Ազատության» հետ զրույցում պատմեց Սոնան՝ շարունակելով. - «Ես էնտեղ ունեմ կազմակերպություն՝ բիզնես խորհրդատվական կազմակերպություն, ու ուղղակի չկարողացա գնալ: Հիմա բավական վատ վիճակում ենք հայտնվել, ես ուղղակի, կարելի է ասել, էն ծանր իրավիճակներից ամենաթեթևն եմ: Որովհետև շատերը իրենց փաստաթղթերն են թողել՝ դիպլոմներ, չգիտեմ, շատ կարևոր փաստաթղթեր, իրեր, հագուստ, ամեն ինչ: Շատերը վարձ են վճարում Չինաստանի բնակարանների համար, շատերը աշխատանք արդեն կորցրել են, մյուսները էսա կկորցնեն, եթե չգնան: Ես եթե մոտակա մեկ ամսվա ընթացքում չգնամ, կազմակերպությունս շատ հավանական է, որ կփակվի»:

Տարածաշրջանի մասշտաբով՝ Հայաստանը կորոնավիրուսային քարտեզի կարմիր գոտում է և վարակի բռնկման տեսանկյունից վտանգավոր երկիր է համարվում։ Եվ հենց այս պատճառով աշխարհի դռները փակ են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար։

Սարգիս Գևորգյանը հասցրել է նստել, այսպես ասենք՝ գնացքի վերջին վագոնը. - «Վերադարձել եմ Չինաստան առանց մի որևէ խնդրի»: Հունվարին ինքն էլ էր Հայաստանում, սակայն որոշեց, չնայած Չինաստանում դեռ մոլեգնող վարակի վտանգին, վերադառնալ։ «Անգամ Հայաստանում էին ասում՝ «ո՞ւր ես գնում, հիվանդություն կա Չինաստանում», բայց ընտանիքս, գործունեությունս, կենսական շահերիս կենտրոնը, այսպես ասեմ, արդեն Չինաստանն է, պետք է վերադառնայի»», - «Ազատությանը» պատմեց նա:

Չինաստանում բիզնես գործունեություն ծավալող Սարգիս Գևորգյանի պնդմամբ՝ իր բախտը պարզապես բերել է։ Իսկ մտահոգվելու լուրջ առիթ ունեն այդ թռիչքը բաց թողածները. մեծ մասը վախենում են կորցնել Չինաստանում աշխատանքը, Հայաստանում էլ նոր գործ գտնել չի ստացվում։ Դիմել են վարչապետին, արտգործնախարարին, դեռ սպասում են:

Չինաստանի քաղաքացիական ավիացիայի պաշտոնական էջում երեկ զբոսաշրջիկների համար տպագրվել է տեղեկատվական փաստաթուղթ՝ համաճարակի պայմաններում սահմանահատման համար ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն, ինչ տիպի թեստեր պետք է հանձնվեն։ Չնայած Հայաստանը Չինաստանի հետ ունի ազատ վիզային ռեժիմ, այդուհանդերձ, չվեթներ լինելու դեպքում էլ մեր հայրենակիցների մի մասը կարող է խնդիրների բախվել։ «Ազատության» հետ զրույցում Չինաստանում Հայաստանի դեսպան Սերգեյ Մանասարյանը հաղորդեց, որ որոշակի փոփոխություններ են կատարվել կեցության իրավունքի, աշխատանքային արտոնագրերում։

«Մենք ստացանք պաշտոնական հայտագիր՝ Չինաստանի արտգործնախարարությունից, որը վերաբերում էր բոլոր արտասահմանցիներին, որոնք ցանկանում են մուտք գործել Չինաստան, ու էնտեղ գրված էր հետևյալը՝ որ բոլոր կարգի մուտքի արտոնագրերը և կեցության իրավունքը, որոնք տրված էին մինչև մարտի 26-ը, էլ ուժի մեջ չեն: Այսինքն՝ էս մի հարցը փակվեց: Տուրիստական նպատակներով կարող են գալ», - ասաց դեսպանը:

Առաջիկա ամիսներին անիմաստ է չվերթներ ակնկալել դեպի Չինաստան, ասում է դեսպանը: Իսկ թե երբ կլինեն այդ թռիչքները՝ հարցին պատասխանելն այս պահին անհնար է, խաղի կանոններն աշխարհում նույնն են՝ թելադրողը համավարակն է։

«Վերջերս մենք հանդիպում ենք ունեցել Արտգործնախարարությունում, և էդ թեման բարձրացվել է: Չինական կողմը հայտարարում է, որ երբ որ համավարակային իրավիճակը փոփոխվի, իրենք պատրաստ են էդ չվերթը իրականացնելու և հետաքրքրված են», - նշեց Սերգեյ Մանասարյանը:

Ու հենց դրա վառ ապացույցն այն է, որ հուլիսի 15-ին չեղարկվեց մասնավոր ընկերության չարթերային չվերթը։ Եվս մեկը գուցե ձեռնարկվի առաջիկայում, բայց դեսպանությունը մեծ հույսեր չի կապում դրա հետ։

Փակ աշխարհից դուրս գալու փոքրիկ քայլեր արեց Եվրամիությունը։ Այս ամսվա սկզբին Եվրամիությունը բացեց արտաքին սահմանները 15 պետությունների համար, որոնք կորոնավիրուսի համաճարակի տարածման առումով համարվել են առավել անվտանգ։ Ցանկը յուրաքանչյուր 14 օրը մեկ թարմացվում է՝ ներառելով այն երկրները, որտեղ իրավիճակը բարելավվում է։ Անգամ հարևան Վրաստանը, որը հուլիսի 1-ից մեկնարկել է միջազգային զբոսաշրջությունը, հայտարարել է, որ Հայաստանի հետ սահմանն առայժմ չի բացելու, քանի որ այն ռիսկային գոտի է համարվում։

Ռաֆայել Թեյմուրազյանը Պորտուգալիայից Հայաստան չի կարողանում գալ հենց այդ պատճառով։ «Ուղղակի տեսել եմ տոմսերը վաճառում են՝ գնել եմ, չեղարկվել է, նորից եմ գնել՝ նորից է չեղարկվել, բայց մտածել եմ՝ եթե վաճառքում կա, ենթադրաբար պետք է թռչեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա:

Արտգործնախարարությունից հայտնում են՝ տեղյակ են բոլոր խնդիրներին, Հայաստանում արտակարգ դրություն է հիմա, և այս բոլոր խնդիրներին կարող են անդրադառնալ միմիայն դրա ավարտից հետո, երբ, ի վերջո, կորոնավիրուսի նոր դեպքերի թվի զգալի անկում նկատվի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG