Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 239-ով, բուժվածներինը՝ 692-ով, գրանցվել է մահվան ևս 8 դեպք


Բուժաշխատող և շտապ բուժօգնության ավտոմեքենա Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մոտ, արխիվ
Բուժաշխատող և շտապ բուժօգնության ավտոմեքենա Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մոտ, արխիվ

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 239-ով՝ հասնելով 37 հազար 629-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 8 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 692-ով և հասել 27 հազար 357-ի:

Ըստ նույն աղբյուրի՝ իրականացվել է 1061 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 158 հազար 527-ի:

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հադորդում է. - «Պացիենտները եղել են 89 (կին), 54 (կին), 63 (տղամարդ), 85 (տղամարդ), 64 (տղամարդ), 74 (տղամարդ), 62 (տղամարդ) և 89 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 719-ի, ևս 223 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 9 հազար 330 մարդ:

XS
SM
MD
LG