Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի տարածման առումով դրական տեղաշարժ է նկատվում


Բուժաշխատողների Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, արխիվ
Բուժաշխատողների Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, արխիվ

Հայաստանում կորոնավիրուսի տարածման առումով դրական տեղաշարժ է նկատվում. վերջին մի քանի ամիսների ընթացքում առաջին անգամ նոր դեպքերի թվի ռեկորդային նվազում է նշմարվում։ Անցած օրը արված 1850 թեստերից 383-ն է հաստատել կորոնավիրուսը, այսինքն՝ ստուգվածների 20-21 տոկոսի մոտ։ Նկատենք՝ վերջին շրջանում այդ թիվը տատանվում էր 25-27 տոկոսի շրջակայքում։

Կորոնավիրուսի հայտնաբերման օրից իր վեր 36 հազար 996 մարդ է բախվել այս խնդրին երկրում, սակայն փաստացի այս պահին բուժվում է 9 հազար 833 մարդ: Այդուհանդերձ, մահվան դեպքերի թիվը չի նվազում։ Մեկ օրում գրանցվել է մահվան ևս 8 դեպք, ամենատարեց հիվանդը եղել է 85 տարեկան, ամենաերիտասարդը՝ 64 տարեկան կանայք։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ հիվանդների մոտ հաստատվել է կորոնավիրուսի վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 700-ի, ևս 220 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Լավ լուրերից՝ այսօր ժամը 11-ի սահմաններում հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 509-ով։

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն «Ազատության» հետ զրույցում զգուշավոր լավատեսություն ցուցաբերեց, շեշտելով՝ վաղ է խոսել վարակի տարածման տեմպերի նվազման մասին։

«Բավականին ժամանակ պետք է, որպեսզի մենք հասկանանք՝ դեպի որ կողմ ենք գնում, որովհետև այսօրվա 383 ցուցանիշը չի բացառվում, որ հաջորդ օրերին կարող է բարձրանալ, և նաև չի բացառվում, որ կարող է լրիվ նվազել, և դա մեզանից յուրաքանչյուրիցս է կախված», - ասաց Նիկողոսյանը՝ շարունակելով. - «Միանշանակ պետք է պահպանել զգոնությունը և հետևել բոլոր կանոններին, որովհետև մենք դրա, այսպես ասած, բարիքները այս պահին քաղում ենք»:

Մոտ տասն օր է հոսպիտալացման խնդիր չկա, այսինքն՝ բոլոր նրանք, ովքեր հիվանդանոցային բուժման կարիք ունեն, դրսում չեն մնում։

Խոսնակի ձևակերպմամբ՝ մտահոգիչ է դեռևս մահերի և ծանր, ծայրահեղ ծանր դեպքերի թիվը։ «600 միջին ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների թիվն է, և նրանցից 30-ից 40-ը, այս վերջին մեկ ամսվա տվյալներն եմ ասում, միացված են լինում թոքերի արհեստական օդափոխության սարքերին, ինչի հետևանք են մահերը, որը վերջին տասն օրվա ընթացքում տատանվում է 4-ից 8-ի մեջ», - ասաց Ալինա Նիկողոսյանը:

Կորոնավիրուսով վարակված ամենաշատ հիվանդների սպասարկող հաստատություններից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ևս հայտնեցին՝ հիվանդների հոսքը նվազել է։ Բժշկական կենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանի խոսքով՝ մահճակալային ֆոնդի ծանրաբեռնվածությունը մոտ 15 տոկոսով թեթևացել է։ Նկատենք՝ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդները հիմնականում այս հիվանդանոցում են:

«Վերակենդանացման բաժանմունքի մահճակալային ֆոնդի ծանրաբեռնվածությունն էլ է ևս պակասել, բայց պարզ է, որ ծանր հիվանդների ու ծայրահեղ ծանրերի քանակը կտրուկ չի կարող պակասել, որովհետև նրանք կազմում էին ամբողջ ծավալի մոտավորապես 10-15 տոկոսը, հիմա եթե ընդհանուրի ընդամենը 20 տոկոսն է պակասել, իրենց քանակը պիտի չնչին, մի քանի տոկոսով՝ 3-4 տոկոս պակաս լինի», - նշեց Հովակիմյանը:

Վերջին 7-10 օրվա ընթացքում դրական տեղաշարժ է նկատվում նաև Այրվածքաբանության ազգային կենտրոնում։ Կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանն «Ազատությանը» հայտնեց, որ հիմա մահճակալների խնդիր չունեն։

«Այս պահի դրությամբ մոտավորապես 90 ազատ մահճակալ ունենք, որոնցից մոտ 15-ը՝ վերակենդանացման բաժանմունքի: Վերջին մեր դիտարկումներով՝ ծանր հիվանդների հոսպիտալացումն է շատացել, մեր սուբյեկտիվ, լոկալ, մեր կենտրոնի մասշտաբով եմ ասում, ընդունվող հիվանդների մեջ ծանր հիվանդների տեսակարար կշիռը ավելի շատ է, քան նախկինում: Ենթադրում ենք՝ մարդիկ պարզապես ուշ են դիմում բուժօգնության, այսինքն՝ փորձում են տնային պայմաններում բուժվել, կամ, չգիտեմ, ինչ-որ ալտերնատիվ ճանապարհներ են ընտրում, ծանրանում են՝ նոր դիմում են: Գուցե մահերի թիվը նաև դրանով է պայմանավորված», - նշեց Սիմոնյանը:

Բժշկական կենտրոններից կանխատեսումներ չեն անում։ Հորդորում են բնակչությանը՝ չկորցնել զգոնությունը։

XS
SM
MD
LG