Մատչելիության հղումներ

Հայաստանում հունիսի 14-ից հետո առաջին անգամ Covid-19-ի վարակակիրների թիվը պակաս է 10 հազարից


Հունիսի 14-ից հետո առաջին անգամ կորոնավիրուսի վարակակիրների թիվը պակաս է 10 հազարից. այս պահին փաստացի բուժում ստացողները 9 հազար 969 հոգի են:

Վարչապետ Փաշինյանի տպավորությամբ՝ ճգնաժամը հաղթահարելու փուլում ենք։ «Աշնան համաշխարհային կանխատեսվող երկրորդ ալիքի նկատմամբ կարող ենք ավելի լավ դիմակայություն ունենալ», - նշեց Նիկոլ Փաշինյանը:

Վերջին մեկ օրում վարակի 451 նոր դեպք է հաստատվել՝ 1935 թեստավորվածներից: Հաստատվել է հետազոտությունների շուրջ 23 տոկոսը։ Covid-ի հետևանքով մահացել է 5 հոգի:

«Մեր երկրում արդեն 700-ին մոտ մարդ է մահացել կորոնավիրուսից: Սիրելի հայրենակիցներ, պատկերացնո՞ւմ եք այդ թիվը, սա շատ սարսափելի վիճակագրություն է, խնդրում եմ ձեզ՝ տուրք չտաք այդ հայտարարություններին», - ընդգծեց կառավարության ղեկավարը:

Վարչապետը նկատել է՝ կորոնավիրուսային իրավիճակի մեղմմանը զուգահեռ ակտիվացել է, այսպես ասած, հակադիմակային շարժումը: Տեմպի անկումը, Փաշինյանն ասում է, հիմնականում հենց դիմակ կրելու արդյունք է:

«Տհաճ է մեզ համար, ժողովուրդ ջան, բոլորիս համար էլ տհաճ է, ինձ համար էլ է տհաճ, որ դիմակ եմ կրում՝ սկսած մեքենայից, վերջացրած մնացած տեղերով, բայց ակնհայտ է, որ էս դինամիկան մենք ունենք հիմնականում դիմակի կրման որոշակի կարգուկանոն ունենալու պատճառով և շնորհիվ», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Արդյոք շոգ եղանակը իր բարենպաստ գործն անո՞ւմ է՝ վարակի դեպքերի նվազման առումով, ըստ վարչապետի, դեռ հունիսին դիտարկել են այն երկրների իրավիճակը, որտեղ ջերմաստիճանը 35-40 էր, զուգահեռ՝ Covid-ը ծավալվում էր: Եզրակացությունը՝ հակահամաճարակային կանոնների պահպանումն է համավարակից դուրս գալու ուղին. պարետատունը չի շտապի դիմակ կրելու կանոնները թուլացնել:

«Եթե մենք դա չենք անում, ուրեմն դա այս պահին հնարավոր չի կամ խելամիտ չի, վստահություն չկա, որ դա ճիշտ քայլ է», - ընդգծեց վարչապետը:

Վիճակագրագետ, Կովկասի ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանը վստահ է՝ Covid-ի պիկն անցել ենք և առաջիկա մեկուկես ամսում վարակի նոր դեպքերի թիվը միայն նվազելու է:

«Պիկը եղել է հունիսի առաջին կեսին, դրանից հետո սկսել է դանդաղ նվազում, որն արագացել է վերջին օրերի ընթացքում», - նշեց Միքայելյանը:

Ի՞նչ հաշվարկներ են այս կանխատեսման հիմքում, Հրանտ Միքայելյանն ասում է՝ առաջիկա մեկուկես ամսում Հայաստանը կմնա սոցիալական ակտիվության կայուն փուլում. դպրոցները փակ են, դիմակներ դնելու պահանջը վերահսկվում է, եղանակը մինչև սեպտեմբերի սկիզբ կտրուկ չի փոխվի և կարևորը՝ մարդկանց ինքնամեկուսացման ինդեքսը:

«Յանդեքսը» ինքնամեկուսացման ինդեքս է ներկայացնում, որով մենք կարող ենք իմանալ՝ ինչքան հաճախ են մարդիկ տնից դուրս գալիս՝ ամեն օրվա կտրվածքով: Հիմա այդ ակտիվությունը 30 տոկոսով ավելի քիչ է, քան եղել է մինչև համավարակը», - ասաց վիճակագրագետը:

Իսկ թե ի՞նչ կլինի հետո՝ սեպտեմբերի երկրորդ կեսից, առայժմ կանխատեսելի չէ, Միքայելյանը չի բացառում կորոնավիրուսի երկրորդ պիկ նոյեմբերից:

«Բացի դպրոցներից կարող են վերաբացվել արդեն բուհերը, հետո դպրոցները, ենթադրենք, սեպտեմբերին կարող են բոլոր պատուհանները բաց թողնել, իսկ եթե հետո սկսեն պատուհանները փակել, ենթադրենք հոկտեմբերից, նոյեմբերից, այդ ժամանակ հաստատ իրավիճակի փոփոխություն հնարավոր է», - ասաց Կովկասի ինստիտուտի գիտաշխատողը:

Փորձագետ Միքայելյանը նաև վարակակիրների ամբողջական պատկերն է փորձել վերլուծել. ըստ պաշտոնական տեղեկատվության, այս պահին կովիդ-վարակակիրների թիվը 9 հազար 969 է, Միքայելյանի կարծիքով՝ իրական թիվը երեք անգամ ավելի է, բայց ասում է՝ վախենալ պետք չէ:

«Եթե մենք վերցնենք Իսպանիան, ապա այդտեղ գրանցվածների թիվը մոտավորապես 300 հազար կամ մի քիչ ավելի քիչ է, իսկ հակամարմիններով ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 2 միլիոն 350 հազար վարակակիր կար: Այսպիսով, այդտեղ տարբերությունը 8 անգամ է, մեր մոտ, իմ հաշվարկով, 3,5 անգամ է», - նշեց վիճակագրագետը:

Ինչ վերաբերում է համավարակի դեմ պայքարում իշխանությունների, առողջապահության ոլորտի պատասխանատուների ձեռնարկած քայլերին, Միքայելյանը սխալ է համարում այն, որ ի սկզբանե վիրուսի վտանգը թերագնահատվեց, ապա լիարժեք չվերահսկվեց կարանտինը, ապա ուշացավ հիվանդանոցներում նոր տեղերի ավելացումը:

«Քաղաքականությունն այս պահի դրությամբ ուղղվել է, և դրա արդյունքը մենք տեսնում ենք, բայց արձագանքը եղել է ուշացած և շատ դեպքերում թերագնահատել են խնդրի լուրջ լինելը», - ընդգծեց Միքայելյանը:

XS
SM
MD
LG