Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 383-ով, բուժվածներինը՝ 509-ով, գրանցվել է մահվան ևս 8 դեպք


Բուժաշխատողներ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի բակում, արխիվ
Բուժաշխատողներ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի բակում, արխիվ

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 383-ով՝ հասնելով 36 հազար 996-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 8 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 509-ով և հասել 26 հազար 243-ի:

Ըստ նույն աղբյուրի՝ իրականացվել է 1850 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 155 հազար 664-ի:

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հաղորդում է. - «Պացիենտները եղել են 71 (կին), 56 (կին), 69 (տղամարդ), 72 (տղամարդ), 79 (կին), 85 (կին), 85 (կին) և 64 (կին) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 700-ի, ևս 220 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 9 հազար 833 մարդ:

Մեկ այլ հաղորդագրությամբ առողջապահական գերատեսչությունը տեղեկացնում է, որ COVID-19-ով ինքնամեկուսացած քաղաքացիների քարտեզում տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ. - «Քարտեզն ավելի ինտերակտիվ է և հագեցած լրացուցիչ տեղեկություններով: Այն թարմացվում է 1 ժամ պարբերականությամբ, ±0-100մ ճշտությամբ` անձնական տվյալների գաղտնիությունն ապահովելու նպատակով: Մասնավորապես, սեղմելով դեպքի վրա, կարող եք տեսնել պացիենտի կորոնավիրուսային հիվանդության հաստատման օրը, տարիքը և սեռը»:

Քարտեզը կարելի է տեսնել այստեղ:

XS
SM
MD
LG