Մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի 104 նոր դեպք է արձանագրվել: Ինչպես ամեն շաբաթավերջին, այս կիրակի ևս քիչ թեստեր են կատարվել՝ ընդհանուր առմամբ 391 հատ, դրական է եղել 26,6 տոկոսը։
Մեկ օրվա ընթացքում ապաքինվել է 208 մարդ։ Այսպիսով այժմ ակտիվ վարակակիների թիվը 10 հազար 620 է, իսկ համավարակի մեկնարկից ի վեր արդեն գրեթե 35 հազար մարդ է կորոնավիրոսուվ վարակվել: Նրանից 23,5 հազարը առողջացել են, 650-ը` մահացել։
Երեկ գրանցվել է կորոնավիրուսից 9 մահ. 3 տղամարդ ՝ 63, 72 և 82 տարեկան, և 6 կին, որոնցից ամենաերիտասարդը 53 տարեկան էր, ամենատարեցը՝ 92։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
Մինչ օրս այլ պատճառներով մահացել է կորոնավիրուսով վարակված 209 մարդ, նրանցից 4-ը` երեկ:
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը փոխանցեց, որ կիրակի ևս լաբորատորիաներում պրոֆիլատիկ և ախտահանման աշխատանքների պատճառով քիչ թեստեր են արվել. – «Մենք բազմիցս նշել ենք, որ շաբաթ-կիրակի օրերին լաբորատորիաներում ընթանում են պրոֆիլակտիկ աշխատանքներ, այդ թվում ախտահանման աշխատանքներ, և միայն դրանով պայմանավորված շաբաթ-կիրակի օրերի թեստավորումների արդյունքներն ավելի քիչ են: Նաև դիմելիությունն է շաբաթ-կիրակի ավելի քիչ: Հիմա ունենք հաստատված 34 հազար 981 դեպք, դրանցից 23 հազար 502-ը առողջացած են և, ցավոք, 650 մահվան ելք ունենք: Օրվա կտրվածքով եթե ասենք, ունենք հաստատված 104 նոր դեպք և 208 առողջացած: Ուզում եմ նշել, որ մոտենում ենք արդեն շուրջ 150 հազար թեստավորմանը, ընդհանուր առմամբ կատարվել է 147 հազար 108 թեստավորում»:
Ըստ Առողջապահության նախարարության խոսնակի՝ առաջիկայում օրական կատարվող թեստերի թիվը կավելացնեն. – «Աշխատանքներ են տարվում, որպեսզի հնարավոր լինի թեստերի ծավալը մեծացնել` հասցնելով շուրջ 3-4 հազար: Դա կտա ավելի շատ դեպքերի հայտնաբերում, և թոքաբորբերի հայտնաբերում»:
Ալինա Նիկողոսյանի փոխանցմամբ, այս պահին տներում հոսպիտալացման սպասող հիվանդներ չունեն. – «Այսօր ժամը 9-ի դրությամբ, տանը սպասող հիվանդներ չունենք: Հոսպիտալացման համար ունենք մեկ պացիենտ, որը գտնվում է տրիաժ կենտրոնում, սպասում է պրոֆիլավորված հիվանդանոց տեղափոխվելուն: Ընդհանուր առմամբ եթե նշենք հիվանդանոցների վիճակը, իհարկե շարունակվում է գերլարված աշխատանքը: Բայց մարդկանց հոսպիտալացնելու առումով խնդիր չունենք` մահճակալները բավարարում են»:
Նա հավելեց, որ դեռևս մահճակալային ֆոնդն ավելացնելու անհրաժեշտություն չկա, քանի որ եղածը բավարար է:
Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի ընդհանուր և օպերատիվ հարցերով փոխտնօրեն Կարեն Պողոսյանը, անդրադառնալով վերջին 10 օրերի վիճակագրությանը, երբ անցկացված թեսթերի միջինում 26 տոկոսն է դրական եկել` ասաց, որ այս առումով որոշակի տեղաշարժ կա, և բարելավումը կապված է նրա հետ, որ մարդիկ ավելի համատարած են դիմակներ կրում ու հետևում են պարետատան ցուցումներին։
«Ուրախալի է, որ տոկոսի անկում ունենք, և իհարկե, հույսեր ունենք, որ կշարունակվի միտում, կքչանան հիվանդները: Նաև զուտ կլինիկայի հիվանդների քանակով ենք մենք դա զգում, որովհետև առաջ օրական մոտավոր հաշվարկով 20-25 դուրսգրում էինք ունենում և 20-25 տեղն էլ լրացվում էր նոր հիվանդներով, իսկ հիմա գրեթե 8-10 տեղ մնում է ազատ: Այսինքն` ենթադրում է, որ հիվանդների ընդհանուր քանակը նվազել է: Խոսքը հոսպիտալիզացիայի կարիք ունեցող հիվանդների մասին է: Եվ մենք էլ ենք միտումները զգում նվազելու: Հուսով ենք, որ կշարունակվի, և բարեհաջող կավարտենք մեր առաքելությունը», - ասաց Պողոսյանը` հավելելով. – «Իմ անձնական կարծիքն է, որ նաև ընդհանուր աշխատանքը նաև լրատվամիջոցների, բժիշկների աշխատանքը, որպեսզի մարդիկ պահպանեն և' սոցիալական տարածություն, և' կրեն դիմակներ, վերջապես տեղ հասավ: Նաև պարետատան և ոստիկանության աշխատանքը տվեց իր արդյունքը, և ենթադրում ենք, որ դրա հետևանքն է, որ մարդիկ հետևում են պարետատան հաստատած կանոններին»:
Հարցին, թե արդյոք այս ամիսների ընթացքում մեր բժիշկները պատկերացում ունեն, թե ինչի հետ գործ ունեն, Պողոսյանը պատասխանեց․ - «Չորրորդ ամիսն է, որ աշխատում են մեր բժիշկները այդ հիվանդության հետ, և ասեմ, որ այդ առումով մենք պետք է մեծ շնորհակալություն հայտնենք մեր բոլոր բժիշկներին, որովհետև նրանք ոչ միայն շատ արագ սկսեցին կարդալ, ուսումնասիրել, հետևություններ անել այս անհայտ հիվանդության ընթացքի, պաթոգենեզի, բուժման սխեմաների հետ կապված, և դա իհարկե տվեց արդյունք, այդ առումով մենք ոչ մի խնդիր չունենք։ Եվ դրա վառ ապացույցն էր, որ հրավիրված բժիշկներն արտասահմանից շատ բարձր գնահատեցին և մոտեցումը մեր բժիշկների, և՛ պրոֆեսիոնալիզմը։ Այդ տեսակետից մենք կարող ենք ասել, որ նախանձելի վիճակում ենք, որովհետև մերոնք բավականին բարձր մակարդակի վրա գտնվեցին։ Եվ կարող եմ ասել, որ եթե մոտ ապագայում այլ պետություններին օգնելու խնդիր լինի, մեր բժիշկները շատ մեծ փորձով իրենց կարող են կիսվել»: