Մատչելիության հղումներ

Երեկ դրական է եղել իրականացված թեստերի 23,6 տոկոսի պատասխանը


Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցած օրվա ընթացքում ավելացել է 469-ով՝ հասնելով 36 հազար 162-ի։ Դրական է եղել իրականացված 1981 թեստերի 23,6 տոկոսը։

«Նրանցից 25 հազար 244-ն արդեն առողջացել են, 688-ը՝ մահվան ելքով», - ասաց Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը:

Նիկողոսյանը հայտնեց՝ հիվանդությունը հաղթահարածների թիվը երեկ ավելացել է 478-ով, 10 մարդ մահացել է, մահացածները 73-ից 87 տարեկան էին։ Մինչ այսօր 217 մարդ ունենալով կորոնավիրուս մահացել է այլ պատճառներով։ «Երեկվա դրությամբ չենք ունեցել մահեր, ովքեր որ ունեցել են վարակը, սակայն այլ պատճառով է մահը վրա հասել», - նշեց ԱՆ խոսնակը: - «Մենք ամեն առավոտյան ժամը 9-ի դրությամբ ունենում ենք նախորդ օրվա դրական դեպքերի հոսպիտալացման կարիք ունեցողների թիվը: Ժամը 9-ի դրությամբ դեռ տանը սպասող հիվանդներ, այդ թվում նաև տրիաժ կենտրոններում, չունենք»:

Եթե շաբաթներ առաջ Covid-19 էր հաստատվում թեստ հանձնողների ավելի քան 30 տոկոսի մոտ, ապա վերջին շրջանում այս հարաբերակցությունը տատանվում է 22-ից 26 տոկոսի սահմաններում։ Առողջացածներ թիվն էլ վերջին շաբաթներին հիմնականում գերազանցում է օրական հաստատված դեպքերի թվին։

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ Հայաստանը մտնում է կորոնավիրուսի ճգնաժամի հաղթահարման փուլ՝ ընդգծելով, որ լարվածության թուլացումը առաջին հերթին դիմակներ կրելու արդյունք է, սակայն, ըստ վարչապետի, կանոնները չկատարելու դեպքում իրավիճակը կարող է նորից վատթարանալ. – «Սա ասում եմ, որովհետև Հայաստանում շարունակվում է որոշակի շրջանակների կողմից քարոզվել համաճարակը ընդլայնելուն միտված գործողություններ, մասնավորապես դիմակների հետ կապված»:

Տնտեսությունը, ըստ Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի, համավարակի ալիքից հետո ստեղծված կոլապսից դուրս է եկել. – «Մենք վերականգնման փուլի սկիզբն ենք մտել»:

Ղազարյանի խոսքով, կորնավիրուսի հարվածի տակից դեռ դուրս չեն գալիս տուրիզմի և հանրային սննդի ոլորտները. – «Վարչապետը նաև ընդգծեց, որ պատահական չէր, որ մենք կարանտինից մի փոքր շուտ դուրս եկանք, որովհետև մենք պատկերացնում ենք տնտեսական հետևանքները»:

Երեկ կորոնավիրուսի 4 նոր դեպք է հաստատվել Լեռնային Ղարաբաղում, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։ Մինչ այժմ Ղարաբաղում Covid-19 է հաստատվել 187 մարդու մոտ, 144-ն արդեն հաղթահարել է հիվանդությունը։ Ղարաբաղում կորոնավիրուսի պատճառով մահվան դեպք դեռ չի գրանցվել։

XS
SM
MD
LG