Մատչելիության հղումներ

Մոտ ապագայում կներկայացվեն ՍԴ դատավորների թեկնածուները. ԱԺ նախագահը ստորագրել է օրենքը


Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պատասխանում է լրագրողների հարցերին, Երևան, 22 հուլիսի, 2020թ.
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պատասխանում է լրագրողների հարցերին, Երևան, 22 հուլիսի, 2020թ.

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր ստորագրել է հունիսի 30-ին խորհրդարանի ընդունած «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը։ Այն արդեն հրապարակվել է պաշտոնական տեղեկագրում և այսօրվանից մտել ուժի մեջ։

Նոր փոփոխություններով լուծվելու է Բարձր դատարանում 12 տարի պաշտոնավարած Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի ու Հրանտ Նազարյանի կենսաթոշակի հարցը: Կամրագրվեն նաև դատավորների թափուր տեղերը։ Ավելի վաղ էլ ուժ մեջ էին մտել սահմանադրական փոփոխությունները, որոնք, ըստ իշխող ուժի՝ պետք է լուծեն սահմանադրական ճգնաժամը։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր բացատրեց՝ երկու փոփոխությունները միասին հնարավոր չէր իրականացնել. - «Սահմանադրական մարմինները մոտ ապագայում արդեն պետք է սկսեն ներկայացնել թեկնածուներին, իսկ օրենքի ուժի մեջ մտնելը նշանակում է, որ կենսաթոշակի իրավունքները նախկին դատավորների, ովքեր արդեն չեն պաշտոնավարում, կապահովվի օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև անհամապատասխանությունը Սահմանադրության և «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում վերացվեց»:

Իշխանություններն ասում են՝ անկախ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ կատարելուց, Հրայր Թովմասյանն արդեն զրկվել էր ՍԴ նախագահի պաշտոնից՝ մնալով դատավորի կարգավիճակում, իսկ 12 տարի պաշտոնավարած Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանն ու Հրանտ Նազարյանն էլ հեռացել էին դատավորների պաշտոնից։ Աշոտ Խաչատրյանը որպես տարիքով ավագ դատավոր ժամանակավորապես ստանձնել է բարձր դատարանի նախագահի պարտականությունները մինչև նոր նախագահի ընտրությունը։

«Ազատությունն» այսօր նոր փոփոխության վերաբերյալ փորձեց մեկնաբանություն ստանալ ՍԴ արդեն նախկին դատավորներ Ալվինա Գյուլումյանից, Ֆելիքս Թոխյանից ու Հրանտ Նազարյանից: Նրանցից միայն Գյուլումյանն արձագանքեց` հայտնելով, որ կծանոթանա օրենքին, այնուհետ կմեկնաբանի այն։

3 դատավորներն էլ ավելի վաղ հայտարարել էին, որ իրենց լիազորությունները դադարեցվել են խախտումներով։ Այդ էր պատճառը, որ նրանք միջնորդություն էին ներկայացրել Եվրոպական դատարան՝ պահանջելով սառեցնել սահմանադրական փոփոխությունները մինչև իրենց խախտված իրավունքների վերաբերյալ դիմումի քննության ավարտը: Սակայն Եվրոպական դատարանը մերժել էր այս պահանջը: Այնուամենայնիվ, դատավորները պատրաստվում են մինչև օգոստոսի 28-ը ստրասբուրգյան դատարան ներկայացնել իրենց հիմնական գանգատը։

«Առաջիկայում կընտրվեն Սահմանադրական դատարանի երեք նոր դատավորներ», - այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Երեք թափուր տեղերի համար առաջադրումները սկսվել են հունիսի 27-ից, թեկնածուներին հաջորդաբար առաջադրելու են կառավարությունը, նախագահը և Դատավորների ընդհանուր ժողովը։

Արդյոք գործադիրն արդեն իսկ ընտրել է ՍԴ դատավորի իր թեկնածուին, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտնեց, որ հարցը դեռ քննարկումների փուլում է. - «Կան ձևավորված սկզբունքներ` ինչ ճանապարհով պետք է մեր կարծիքով Սահմանադրական դատարանի և առհասարակ դատական մարմինների ձևավորումը տեղի ունենա. թեկնածուները պետք է հնարավորինս ապաքաղաքական անձինք լինեն և այնպիսի անձինք, ովքեր կարող են ապահովել դատական իշխանության անկախությունը»:

Իսկ կառավարությունը դիտարկո՞ւմ է արդյոք արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանի, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի թեկնածությունը, նախարարը փակագծերը չբացեց։ Վերջիններիս անունները՝ որպես հավանական թեկնածուներ, շրջանառվում են լրատվամիջոցներում։

XS
SM
MD
LG