Մատչելիության հղումներ

ԱՄՆ Կոնգրեսում ընդունված փաստաթղթով Ադրբեջանը կարող է զրկվել ամերիկյան ռազմական օգնությունից


ԱՄՆ Կոնգրեսի շենքը Վաշինգտոնում, արխիվ
ԱՄՆ Կոնգրեսի շենքը Վաշինգտոնում, արխիվ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչները պալատը հաստատել է փոփոխությունները ռազմական օգնության հատկացումների մասին օրենսդրությունում, որի շրջանակում անցած տարիներին Ադրբեջանը ավելի քան 100 միլիոն դոլարի օգնություն էր ստացել:

Ընդունված փաստաթղթի համաձայն՝ այսուհետ ամերիկյան դիվանագիտական և ռազմական գերատեսչությունները պետք է հաշվետվություն ներկայացնեն օրենսդիր մարմնին ամերիկյան ռազմական օգնություն ստացած օտարերկրյա պետությունների զորամիավորումների մասին, որոնք ռազմական օգնություն ստանալուց առաջ կամ ընթացքում կարող էին խախտել միջազգային իրավունքը կամ մարդու իրավունքները։

Օրենսդրական այս փոփոխությունները հիմք կարող են հանդիսանալ Ադրրբեջանին ռազմական օգնությունից զրկելու համար, տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

Փաստաթուղթը ԱՄՆ Կոնգրեսում շրջանառության մեջ է դրվել հայ-ադրբեջանական սահմանին սկիզբ առած ռազմական բախումների ֆոնին։

Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել է հուլիսի 12-ին, երբ ադրբեջանական զինուժի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Անցած շաբաթ մարտական գործողությունների հետևանքով, որոնց ընթացքում կողմերը կիրառել են հրետանի, անօդաչու թռչող սարքեր և այլ զինտեխնիկա, պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական կողմից զոհվել է 12 զինվորական, այդ թվում՝ գեներալ, գնդապետ և այլ բարձրաստիճան սպաներ և մեկ քաղաքացիական անձ, հայկական կողմից՝ 4 զինվորական, որոնցից երկուսը՝ սպաներ:

Շաբաթավերջից սահմանին պահպանվում է հարաբերական անդորրը:

XS
SM
MD
LG