ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հուլիսի 20-ին քննարկելու է Ադրբեջանին ամերիկյան պաշտպանական հատկացումների դադարեցման հարցը։ Կոնգրեսական Բրեդ Շերմանը Ազգային պաշտպանական ակտում փոփոխություն կատարելու առաջարկով է հանդես եկել հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող ռազմական լարվածության ֆոնին:
Առաջարկը ամերիկյան օրենսդիր մարմնի հավանությանն արժանանալու դեպքում 2021 թվականին Ադրբեջանը կզրկվի ամերիկյան պաշտպանական հատկացումներից, քանի դեռ ԱՄՆ նախագահը չի հավաստիացրել Կոնգրեսին, որ այդ միջոցների փոխանցումը չի սպառնում հայկական կողմի քաղաքացիական բնակչությանը: Բացի այդ, կոնգրեսականները դիմել են պաշտպանական գերատեսչությանը՝ պահանջելով օրենսդիր մարմնին ներկայացնել նախորդ տարիներին Ադրբեջանին տրամադրված 120 միլիոն դոլարի աջակցության վերաբերյալ հաշվետվություն:
Ադրբեջանին ֆինանսական օժանդակությունից զրկելու առաջարկին արդեն իրենց աջակցությունն են հայտնել մի խումբ ազդեցիկ կոնգրեսականներ՝ Ֆրենկ Փալոնը, Ջեքի Սփայերը, Ադամ Շիֆը, ԹիՋեյ Քոքսը, որոնք վերջին օրերին նաև խստորեն դատապարտել են Տավուշի ուղղությամբ ռազմական բախումները:
Դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆն իր անհանգստությունն է հայտնել «Հայաստանի սահմանին Ադրբեջանի սադրանքների և ապակայունացնող քայլերի կապակցությամբ՝ ներառյալ հայ զինվորների ուղղությամբ կրակոցները»: «Այդ գործողությունները սպառնալիքի տակ են դնում զինվորների և խաղաղ բնակչության կյանքը և բարձրացնում են հակամարտության սրման վտանգը, որը կարող է կործանարար հետևանքներ ունենալ տարածաշրջանի համար` հատկապես համաճարակի պայմաններում», - հայտարարել է ամերիկացի կոնգրեսականը և հավելել․ - «Այս գործողությունները պետք է դիտարկել նաև Հայաստանի և Արցախի նկատմամբ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանության և նրա կողմից իր սահմաններին միջազգային մոնիթորինգ իրականացնել թույլ չտալու համատեքստում»։
Շփման գծում միջադեպերի հետաքննման մեխանիզմի ներդման առաջարկը Բաքվի կողմից մերժելու մասին է հիշեցրել նաև մեկ այլ կոնգրեսական՝ ԹիՋեյ Քոքսը: «Ադրբեջանի կողմից Հայաստանի Տավուշի մարզի վրա հարձակումը հանդիսանում է ժողովուրդների միջև ձեռք բերված հրադադարի ռեժիմի խախտում և Ադրբեջանի կողմից սեփական սահմանները միջազգային մոնիթորինգի ենթարկելուց հրաժարվելու արդյունք», - ընդգծել է կոնգրեսականը:
Դեռևս 2015 թվականին ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին առաջարկել էին շփման գծում հրադադարի խախտումները հետաքննելու մեխանիզմ ներդնել՝ մահացու հարձակումները կանխելու նպատակով։ Երևանը հավանություն է տվել առաջարկին, Բաքուն նախապայմաններ է առաջ քաշել . - «Այդ մեխանիզմների ստեղծումը կարող է դիտարկվել միայն այն դեպքում, եթե այն չի ծառայելու այժմյան ստատուս քվոյի պահպանմանը, չի արդարացնելու օկուպացումը», - հայտարարել էր Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Այս հայտարարությունից ամիսներ անց էլ տեղի ունեցավ 2016 թվականի քառօրյա պատերազմը:
Միջազգային մամուլը՝ հայ-ադրբեջանական սահմանին բախումների մասին
Ապրիլյան պատերազմից ի վեր հայ-ադրբեջանական թերևս ամենաարյունալի այս բախումներին է անդրադարձել նաև միջազգային մամուլը : Ամերիկյան պահպանողական պարբերականներից The National Interest թերթը մասնավորապես գրում է․- «Այս շաբաթվա իրադարձությունները, երբ սահմանով մեկ տեղի են ունենում վերջին տարիների ամենաարյունալի բախումները, սպառնում են խարխլել խաղաղ գործընթացը»:
Eurasianet պարբերականը հայ-ադրբեջանական բախումների մասին ծավալուն հոդվածում հիշատակել է Ադրբեջանի նախագահի ամենաթարմ հայտարարությունը, որում Իլհամ Ալիևը քննադատում է ԵԱՀԿ Մինսկի խմբին և Հայաստաի իշխանություններին՝ «անարդյունք բանակցությունների համար»։ Հուլիսի 6-ին այդ ելույթի ընթացքում նախագահ Ալիևը նաև ասել էր. - «Նրանց հիմնական թեզն է՝ խնդիրը ռազմական լուծում չունի, իսկ ո՞վ ասաց»: «Այժմ բանակցություններ, ըստ էության, չեն վարվում, արտգործնախարարների միջև տեսակոնֆերանսները որևէ նշանակություն չունեն և ընդամենը տպավորություն են ստեղծում, թե իբր Մինսկի խումբը գոյություն ունի», - հայտարարել էր Ադրբեանի նախագահը:
«Առնվազն 14 զոհ Հայաստանից և Ադրբեջանից՝ սահմանին վերսկսված բախումների հետևանքով», - թեման շարունակում է կանադական CBC-ը, -«Կովկասում գտնվող հարևանները կրկին ներքաշվել են հերթական լարվածության մեջ»:
«Մահացու սահմանային բախումները սրել են հայ-ադրբեջանական հակամարտությունը», - հաղորդում է France24 հեռուստաընկերությունը։ «Երկու երկրների միջև լայնածավալ պատերազմը կարող է ներքաշել տարածաշրջանային գերտերություններին՝ Հայաստանի դաշնակից Ռուսաստանին և Ադրբեջանի հովանավոր Թուրքիային, որոնք վաղուց են մրցում ռազմավարական տարածաշրջանում աշխարհքաղաքական ազդեցության համար»,- եզրակացնում է ֆրանսիական լրատվամիջոցը: