Մատչելիության հղումներ

Սահմանին գործողությունների արդյունքում վիրավորում ստացած 36 զինծառայողներից մեկի կյանքին վտանգ է սպառնում


Հյուսիսարևելյան սահմանին մարտական գործողությունների հետևանքով հուլիսի 12-ից մինչև այժմ վիրավորում է ստացել 36 զինծառայող, նրանցից տասն են այժմ բուժում ստանում: Ժամկետային մեկ զինծառայողի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, նրա կյանքին վտանգ է սպառնում. - «Վիճակի ծանր լինելը պայմանավորված է գլխուղեղի վնասումով: Վստահեցնում եմ, որ հանրապետության և զինվորական առաջատար մասնագետները, և մեր գործընկերը հանրային առողջապահության մեր կողքին են, և ամեն ինչ արվում է մեր զինծառայողի կյանքը փրկելու համար», - ասաց զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը:

Նա տեղեկացրեց` մյուս 9 զինծառայողներն ապաքինվում են և շուտով կվերադառնան շարք, երկու սպաներ բուժում են ստանում Այրվածքաբանական բուժկենտրոնում, մյուսները՝ պայմանագրային ու ժամկետային զինծառայողներ, Կենտրոնական զինվորական հոսպիտալում են. - «4 հոգի ունենք ծանր կայուն վիճակում, բայց դրական դինամիկա ենք նկատում արդեն, մնացածը միջին ծանրության են: Վստահ եմ` կարճ ժամանակ հետո կավարտեն իրենց բուժումը և կվերադառնան շարք»:

Ծառայողների մեծ մասը վիրավորվել է հուլիսի 14-ին, վիրավորումները հիմանականում ադրբեջանական կողմի կիրառած ականանետերի, անօդաչու թռչող սարքերի հետևանք են: Այս պահին բուժվող զինծառայողները ականապայթյունային վիրավորումներ ունեն, հրազենային բեկորային վնասվածքներ՝ հիմնականում կրծքավանդակի, ձեռքերի, ոտքերի շրջանում. - «Բժիշկների ամենօրյա հոգատարության շնորհիվ ունենք և ունենալու ենք իրավիճակի կայունացում և լավացում»:

Գնդապետ Օհանյանը շեշտեց՝ հենց հուլիսի 12-ից Բերդի զինվորական ու քաղաքացիական բուժհիմնարկները պատրաստվել էին ընդունել տուժածների, նաև մայրաքաղաքից զինվորական բժիշկներ, նեյրովիրաբույժներ, անոթային ու կրծքային վիրաբույժներ էին Բերդ մեկնել: «Որևէ զինծառայողի բուժօգնություն չի ուշացել»,- ասաց զինված ուժերի ներկայացուցիչը: 36 վիրավորներից 26-ը շատ արագ վերադարձել են ծառայության՝ հընթացս ամբուլատոր հսկողության տակ են. - «2-3 օրը մեկ գալու են, այցելելու են, եթե անհրաժեշտություն լինի փոքր միջամտություններ, ասենք վերքերի մշակում»:

Այս օրերին Ադրբեջանը թիրախավորել է նաև սահմանային բնակավայրերը, խաղաղ բնակչությանը։ Մարտական անօդաչուի հարվածից երեկ վիրավորվել էր Չինարի գյուղից 48-ամյա Արամայիս Հովակիմյանը։ Նա ազդոսկրի հատվածում բազմաբեկոր վնասվածք էր ստացել։ Առողջապահության նախարարությունից փոխանցում են՝ Արամայիս Հովակիմյանի մոտ դիտվում է դրական դինամիկա, և կյանքին վտանգ չի սպառնում:

Չինարիի բնակիչն ինքը իր վիճակը ներկայացրեց որպես ընթացիկ, սովորական մի բան. - «Անօդաչուն խփել ա, ես էլ վիրավորվել եմ էլի: Ես ինձ լավ եմ զգում»:

Արամայիս Հովակիմյանն այժմ Բերդի հիվանդանոցում է, կոնկրետ ինքը երևանյան բուժհաստատություն տեղափոխվելու իմաստ չի տեսնում, ասաց. - «Հենակով քայլում եմ, եթե ուզում եմ»։

XS
SM
MD
LG