Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում այս պահին պահպանվում է հարաբերական կայուն իրադրություն, հայտնում է Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Իրավիճակն ամբողջությամբ մեր Բանակային կորպուսի ուժերի վերահսկողության ներքո է», - Ֆեյսբուքում գրել է Ստեփանյանը։
Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել է հուլիսի 12-ին, երբ ադրբեջանական զինուժի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Անցած օրերին մարտական գործողությունների հետևանքով, որոնց ընթացքում կողմերը կիրառել են հրետանի, անօդաչու թռչող սարքեր և այլ զինտեխնիկա, պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական կողմից զոհվել է 12 զինվորական, այդ թվում՝ գեներալ, գնդապետ և այլ բարձրաստիճան սպաներ և մեկ քաղաքացիական անձ, հայկական կողմից՝ 4 զինվորական, որոնցից երկուսը՝ սպաներ: