Մատչելիության հղումներ

«Պետք է Բաքվի ռազմական շանտաժի քաղաքականությանը տալ շատ ուժգին արձագանք». Հակոբ Բադալյան


Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», արխիվ
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», արխիվ

Ադրբեջանի քաղաքականությունը շատ վաղուց վերածվել է պարզապես ռեգիոնալ անվտանգության և նույնիսկ արդեն միջազգային անվտանգության սպառնալիքի՝ հաշվի առնելով այն, թե ինչ նշանակություն ունի տարածաշրջանը միջազգային անվտանգության համակարգում: «Ազատության» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը:

«Եվ այդ տեսանկյունից, մենք ամենևին առաջին անգամ չէ, որ բախվում ենք սպառնալից որևէ սադրանքի հետ: Պաշտոնական Երևանը, Հայաստանի Զինված ուժերը տվել են թե՛ ռազմական, թե՛ տալիս են քաղաքական համարժեք արձագանք: Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը իր ռազմական սադրանքին ստացել է բավական ուժեղ պատասխան: Ես կարծում եմ՝ խաղաղության տրամաբանությունը բխում է հենց դրանից, այսինքն՝ խաղաղության տրամաբանությունը պահանջում է, որպեսզի Երևանը կոշտ հարվածներով հակադարձի Ադրբեջանի սադրանքներին, որովհետև մենք տեսնում ենք, որ Բաքուն այլ խոսակցության լեզու, այլ տարբերակ պարզապես չի հասկանում», - շեշտեց Բադալյանը:

«Միևնույն ժամանակ, մենք նաև տեսնում ենք, որ ռեգիոնալ ավելի լայն ընդգրկման առումով՝ Բաքվի այդ արկածախնդրությունը ունի շատ կոնկրետ շահառու՝ դա Թուրքիան է, որը բավականին շահարգրգռված է ռեգիոնալ անկայունությամբ՝ Ռուսաստանի հետ իր ունեցած խնդիրները, ուժային այլ կենտրոնների, Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ ունեցած իր խնդիրները, այսպես ասենք, առևտրի առարկա դարձնելու համար, և մենք տեսնում ենք նաև, որ իրադարձությունների ընթացքը ունի այս համատեքստը», - ասաց մեկնաբանը:

Իհարկե, այստեղ խնդիրները Երևանի համար բացարձակապես չեն փոխվում, նշեց Հակոբ Բադալյանը՝ մանրամասնելով. - «Այսինքն՝ պետք է Բաքվի ռազմական շանտաժի քաղաքականությանը տալ շատ ուժգին արձագանք, որովհետև այլ կերպ այդ շանտաժը միայն ուժգնանալու է և ամենևին չի նվազելու»:

ՀԱՊԿ-ը «իր դերի և տրամաբանության մեջ է»

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն (ՀԱՊԿ) անդրադառնալով՝ քաղաքական մեկնաբանն ասաց. - «ՀԱՊԿ-ի առումով, ես կարծում եմ, վաղուց հայտնի իրողություն է, որ որպես ռազմաքաղաքական բլոկ այդ կազմակերպությունը գոյություն չի ունեցել և չունի, այսինքն՝ չկա կարևորագույն բաղադրիչը՝ դա գաղափարային, արժեքային ընդհանրությունն է, որ պետք է միավորի այդ բլոկի անդամ պետություններին»:

«ՀԱՊԿ-ը հետխորհրդային տարածքի, այսպես ասենք, քաղաքական առևտրի և մի շարք երկկողմ քաղաքական խնդիրների լուծման մեխանիզմ է, և այդտեղ նույնիսկ սահմանները շատ հարաբերական են, այսինքն՝ ՀԱՊԿ ոչ անդամ Ադրբեջանը տարիներ շարունակ ավելի մեծ ազդեցություն է ունեցել այդ կազմակերպությունում, քան Հայաստանը, և սրա մասին վկայել են բազմաթիվ հայտարարություններ անգամ դեռ նախորդ իշխանության շրջանից, Սերժ Սարգսյանի մի շարք աղմկոտ հայտարարություններ են այդ առումով հայտնի», - շարունակեց Բադալյանը՝ հավելելով. - «Այսինքն, ՀԱՊԿ-ը այդ տեսանկյունից իր, այսպես ասեմ, դերի և տրամաբանության մեջ է, որը բացարձակապես կապ չունի դաշնակցային տրամաբանության հետ, և այստեղ պատրանքներ, իհարկե, որ ՀԱՊԿ-ը իրեն կարող է այլ կերպ պահել, պետք չէ ունենալ»:

Միաժամանակ, մեկնաբանը նշեց, որ «դա Հայաստանի համար էլ, բնականաբար, պետք է լինի իրավիճակից բխող աշխատանքային հարթակ, և պետք է աշխատել այդ ուղղությամբ»:

«Չեմ բացառում անգամ, որ ՀԱՊԿ-ի այդ աննախադեպ որոշումը, որ արտահերթ նիստ հրավիրեին՝ օպերատիվ տեսանկյունից երբեք այդպես չէր եղել, որ արագ արձագանքեին այդ տարբերակով, և հետո դրա չեղարկումը կարող է պայմանավորված լինել ռուս-ադրբեջանական ինչ-որ գործընթացով, ըստ որի՝ Ռուսաստանը գնա այդ նիստը առկախելու քայլին, եթե Ադրբեջանը համակերպվի Տավուշում դիրքերի կորստին և չշարունակի էսկալացիան, ինչը բացարձակապես՝ ես նկատի ունեմ էսկալացիայի շարունակությունը, բացարձակապես չի բխում Ռուսաստանի շահից, որովհետև ռեգիոնալ ապակայունացումը ներկայումս Ռուսաստանի համար կարող է բավական բարդություններ առաջ բերել, և Մոսկվան ամենևին շահարգռված չէ դրա ծավալման հարցում», - ընդգծեց Հակոբ Բադալյանը:

Քաղաքական մեկնաբանը մատնանշեց մի հետաքրքիր հանգամանք. - «Մենք տեսնում ենք, որ տարեսկզբից բավական լուրջ տարանջատում և բաժանում է առաջանում ռուս-թուրքական ռազմավարական երկխոսության համատեքստում, մենք տեսնում ենք բախումներ Սիրիայում, բախումներ Լիբիայում, և այս պրոցեսը՝ ռուս-թուրքական այդ պրոցեսը շարունակվելու է օբյեկտիվ աշխարհաքաղաքական մի շարք հանգամանքների բերումով, և սա, իհարկե, իր մեջ որոշակի ռիսկեր պարունակում է մեր ռեգիոնի տեսանկյունից, և մենք տեսնում ենք, որ Թուրքիան փորձում է Բաքվին օգտագործել այստեղ ինչ-որ հարցեր լուծելու համար»:

«Այս հարցում Երևանը, բնականաբար, պետք է այժմ լինի շատ զգոն և շարունակի քաղաքական աշխատանքը, ինտենսիվ աշխատանքը հինգ, այսպես ասեմ, կենտրոնների հետ՝ դա Մինսկի խմբի համանախագահ երեք երկրներն են, Իրանը և անշուշտ նաև Չինաստանը, որը անմիջական ներգրավվածություն Կովկասյան ռեգիոնում չունի, բայց, կարծում եմ, աստիճանաբար ավելի մեծ դեր է ունենալու համաշխարհային անվտանգության համակարգում՝ Միացյալ Նահանգների հետ միասին», - ասաց Հակոբ Բադալյանը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG